Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր էր քննական կենտրոնի ղեկավա՞րը

Հունիս 12,2008 00:00

Թիվ 160 դպրոցի հայտնի տեխնիկական դեպքի կապակցությամբ հայտարարված ծառայողական քննությունը սա պարզեց:

Երեկ մաթեմատիկայի միասնական քննություն հանձնելու համար նախապես հայտագրվել էր 10064 դիմորդ: Քննությունը կազմակերպվեց 43 քննական կենտրոններում, որոնցից որոշներում շրջայց կատարեց ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը: Քանի որ թիվ 160 դպրոցը «տուժած» էր, հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ այստեղ ձեւաթղթերի տեխնիկական խնդրի պատճառով քննությունն ուշացումով էր սկսվել, նախարարը առաջինն այցելեց այս քննական կենտրոն: «Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, թե այս դպրոցի հետ կապված ծառայողական քննությունն ի՞նչ պարզեց: «Արդյունքում կենտրոնի ղեկավարը եւ անձնակազմի մեծ մասը փոխվել են եւ նկատողություն է տրվել արդեն նախկին ղեկավարին: Կենտրոնի ղեկավարը մեղավոր է եղել ժամանակին թեստերը չբաժանելու համար»,- հնչեց պատասխանը: Իսկ ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը լրագրողների հետ զրուցելիս ասաց, թե ղեկավարը կարող էր ձեւաթղթերը տեղում պատճենահանել եւ քննությունը սկսել ոչ թե ժամը 12.30-ին, այլ՝ ավելի շուտ: Այժմ թիվ 160 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավարը «Բյուրակն» կրթահամալիրի տնօրեն Վահրամ Ղազարյանն է: Նկատենք, որ տեխնիկական խնդիրը գուցե ավելի շատ թեստերի կոմպլեկտավորման պատճառով է ծագել, քան կենտրոնի ղեկավարի մեղքով, որովհետեւ, ի վերջո, հայոց լեզվի ձեւաթղթերի մի մասի փոխարեն մաթեմատիկայինն էին ուղարկվել 160-րդ դպրոց:

Փաստը լուրջ դժգոհությունների տեղիք էր տվել, եւ ԿԳՆ-ում որոշել էին իրենց «մեղքերը քավել» ոչ միայն տուժած, այլեւ մյուս բոլոր քննասենյակների դիմորդների հանդեպ: «Բոլոր այն դիմորդները, որոնք այս դպրոցում հայոց լեզու եւ գրականություն առարկայի քննության ժամանակ տեղ գտած տեխնիկական թերության պատճառով դժգոհել են իրենց գնահատականից եւ ցանկացել են վերահանձնել, ընդառաջել ենք: Սկզբում որոշել էինք միայն տվյալ քննասենյակի դիմորդներին ընդառաջել, բայց մյուս սենյակներից էլ դիմումներ ստացանք՝ թե այնտեղի աղմուկը ազդել է նաեւ մյուս քննասենյակների դիմորդների վրա: Որպեսզի այլ մեկնաբանություններ չլինեն, ընդառաջել ենք նաեւ նրանց: Քննությունը կվերահանձնեն միայն դիմում ներկայացնողները ու պահպանվելու է քննական միայն վերջին գնահատականը»,- զգուշացրեց Ս. Սեյրանյանը: Լրագրողներին հետաքրքրեց, թե նախարարը տեղյա՞կ է մաթեմատիկայի թեստերից: «Մաթեմատիկոս չեմ, դժվար ասեմ, թեստերը հեշտ են, թե՝ ոչ: Դրանք ուսումնասիրելիս օգտագործեցի դպրոցական գիտելիքներս: Եթե ես չեմ կտրվել, ապա դիմորդները պիտի մեծ ջանք չգործադրեն, որ դրական գնահատական ստանան»,- հնչեց պատասխանը: Տեղեկացնենք, որ դիմորդները քննասենյակ տանելու իրավունք ունեն միայն պարզագույն հաշվիչներ: Իսկ մաթեմատիկայի քննության ժամանակ, ինչպես տեղեկացրեց ԳԹԿ տնօրեն Մանուկ Մկրտչյանը, նրանց կառաջարկվի 19 առաջադրանք եւ ընդհանուր 80 հարց: Քննության արդյունքներն էլ պարզ կլինեն ամենաուշը 4 օրից: «Առավոտը» Ս. Սեյրանյանին փոխանցեց նախարարին փոխելու հետ կապված՝ ծնողների դժգոհությունները: Նա պատասխանեց. «10 օր է լսում եմ, որ մտահոգված են նախարարի փոփոխությամբ, բայց այդպես էլ չեմ հասկանում, թե որ ծնողի մտահոգությունը կոնկրետ ինչ է: Եթե այս նախարարի փոխարեն այլ նախարար գար՝ իրենց երեխայի գիտելիքը պիտի ավելանար կամ պակասե՞ր, ավելի շոգ կամ հո՞վ լիներ, թեստի բովանդակությունը կփոխվե՞ր: Քննական պրոցեսը չի փոխվում նաեւ անկախ նրանից, թե ես եկա այստեղ, նախարարը քաղաքում է, թե ոչ»:

Իսկ դրսում ծնողները նախարարին դժգոհեցին, որ նախկինում 8 հարցի պատասխանելու համար էլ էին 4 ժամ հատկացնում, հիմա 80-ի համար էլ: Կամ՝ «Բարեկամություն» մետրոյի մոտից հասել են Էրեբունի եւ այլն: Նախարարը փորձեց բոլորին էլ ամոքիչ պատասխաններ տալ: Իսկ Բ. Եսայանին «Առավոտը» հարցրեց, չնայած պատասխանատուները շեշտում էին, որ հիմնականում տեխնիկական բողոքներ են լինելու, իրենց համար անակնկալ չէ՞ր, որ հայոց լեզու եւ գրականություն առարկայի 667 բողոք-դիմումներից 587-ը եղել է բովանդակային, 80-ը՝ տեխնիկական բողոքարկումների շուրջ: «Որեւէ մեծ քննարկում բովանդակային առումով չի եղել: Մեծ խմորումներ հասարակության եւ մասնագետների մեջ չկան: Եթե անցյալ տարի 2500-3000 բողոքարկում կար, ապա այս տարի ընդամենը 580-ն էր: Ընդհանուր առմամբ բողոքել էին այն հույսով, որ միգուցե կարող ենք վերանայել որոշ հարցեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել