Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին մտադիր է դատի տալ գրավատունը

Հունիս 12,2008 00:00

Հայաստանում ամենաքիչ ուսումնասիրված ոլորտ են գրավատներն ու դրանց գործունեությունը: Չնայած ամեն քայլափոխի կարող ես հանդիպել գրավատների, որտեղ քաղաքացիներն իրենց զարդերը, թանկարժեք իրերն (այդ թվում տեխնիկա) են թողնում՝

որոշակի ժամանակում գումար, վարկ ստանալու համար:

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով, միայն Երեւան քաղաքում 2008թ. հունիսի 6-ի դրությամբ գործում է 57 գրավատուն: ԿԲ-ն գրավատների գործունեության իրականացման լիցենզիա է տրամադրում՝ ղեկավարվելով «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2006թ. դեկտեմբերի 19-ի թիվ 738 որոշման պահանջներով:

Ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա 1-ին եռամսյակում դադարեցվել է միայն 1 գրավատնային գործունեության իրականացման լիցենզիայի գործողություն: Իսկ «Առավոտի» հարցմանը, թե գոյություն ունի՞ պատճառված վնասի հատուցման վիճակագրություն, ԿԲ-ից տեղեկացրին, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1062 հոդվածի 1-ին մասի հիմքով պատճառված վնասի ծավալի եւ գործերի քանակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ ՀՀ կենտրոնական բանկում չեն հավաքագրվում»:

Անցյալ տարի նոյեմբերի 21-ին Մհեր Մնացականյանի եւ Շենգավիթ համայնքում գործող «ՎՈԼՏԱ» ՍՊԸ գրավատան միջեւ կնքվել է վարկային պայմանագիր: Մ. Մնացականյանին տրամադրվել է 1430000 ՀՀ դրամի վարկ՝ 60 օր մարման ժամկետով, որոշակի տոկոսով: Վարկը ստանալու ժամանակ քաղաքացին գրավ է դրել 580 հարգով 38 գրամ կշռով ոսկյա թեւնոց: Մեկ այլ վարկային պայմանագրով էլ քաղաքացին նույն գրավատանը, դարձյալ 60 օր ժամկետով, գրավ էր դրել 4.2 գրամանոց սպիտակ ոսկյա մատանի՝ 55 սոտիանոց (կես կարատ) ադամանդյա քարով: Պարտքի մարման օր էր նշանակվել այս տարվա փետրվարի 8-ը: Սակայն քանի որ փետրվարի 9-ը եւ 10-ը եղել են հանգստյան օրեր, Մնացականյանը գրավատուն է գնացել 11-ին: Նրանից գրավատան աշխատակիցները պարտքը չեն վերցրել ու ասել են, որ գրավի առարկան իրենք վաճառել են ու մարել ողջ պարտքի գումարը: Ըստ Մնացականյանի, գրավի առարկան վաճառելու ընթացակարգը խախտվել է: Նրա պնդմամբ, ինքը գրավ էր դրել ոսկյա մատանու ոսկյա մասը, հետեւաբար պահանջել է ադամանդե քարը: Ստանալով մերժում, դիմել է դատախազություն եւ ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանությունը հրաժարվել է քաղաքացուց ընդունել հաղորդում:

Մինչդեռ գրավատան աշխատակիցները քաջատեղյակ էին Քաղաքացիական օրենսգրքի 255 հոդվածին: Ըստ այդ հոդվածի 5-րդ կետի, գրավատունն իրավունք չունի օգտագործել եւ տնօրինել գրավ դրած գույքը: Իսկ ըստ 4-րդ կետի, գրավատունը պատասխանատվություն է կրում գրավ դրված գույքի կորստի կամ վնասվածքի համար: Քաղաքացիական օրենսգիրքը տալիս է նաեւ այն հարցի պատասխանը, թե՝ եթե վարկի գումարը ժամանակին չի վերադարձվում, գրավատունն ի՞նչ է անում: Պարզվում է, որ գրավատունը կարող է միայն հրապարակային սակարկություններով «իրացնել» ըստ էության պահ տված, սեփականություն հանդիսացող գույքը: Օրենքը այլ հնարավորություն էլ էր տալիս, ինչը մտադիր են դատարանում վիճարկել Մնացականյանն ու նրա ներկայացուցիչը, այն է. գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցագիր պետք է առկա լիներ՝ մինչ այն իրացնելը:

Մնացականյանն իր կրած վնասը գնահատում է 1033000 ՀՀ դրամ, չհաշված այն ծախսերը, որոնք դատարան դիմելու ընթացքում ի հայտ կգան:

Ուշադրության արժանի է այն, որ գլխավոր դատախազությունից գործը հանգրվանել է Շենգավիթ համայնքի դատախազությունում, որտեղից Մ. Մնացականյանին պատասխանել են, թե վեճը կրում է «քաղաքացիաիրավական բնույթ»:

Ըստ «ՎՈԼՏԱ» ՍՊԸ գրավատան եւ քաղաքացու միջեւ կնքված վարկային պայմանագրի 10-րդ կետի, գարավատունը երաշխավորում էր գրավի առարկայի պահպանումը: Փչացման կամ կորստի դեպքում՝ հատուցում վնասը:

Գուցե գործը դատարան չհասնի՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել