Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՑՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ «ՔԼՆԳՈՒՄ» Է ՆԱԽԿԻՆ «ՇԵՖԻՆ»

Հունիս 12,2008 00:00

\"\"Եվ իր ոտնահարված իրավունքները փորձում վերականգնել Եվրոդատարանի միջոցով

ԵՊՀ նախկին դոցենտ, անկուսակցական Սասուն Սարիբեկյանը անցյալ տարվա մարտին իր քաղաքական հայացքների համար հեռացվել էր համալսարանից: Այժմ նա իր իրավունքների վերականգնումը փորձում է վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիշեցնենք, որ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համմարբերգի զեկույցում առանձնահատուկ անդրադարձ է եղել Ս. Սարիբեկյանի՝ աշխատանքից հեռացման դեպքին:

– Ի՞նչ փուլում է Ձեր չարչրկված խնդիրը:

– Գիտեք, որ աշխատել եմ ԵՊՀ աշխարհագրության, տնտեսագիտության եւ պատմության ֆակուլտետներում, որտեղ դասավանդել եմ հիմնականում աշխարհաքաղաքականություն, քաղաքական աշխարհագրություն, իսկ կոնկրետ տնտեսագիտության ֆակուլտետում, որտեղից էլ ինձ անցյալ տարվա մարտին հեռացրել են՝ երկրի ղեկավարությանը քննադատելու համար, դասավանդել եմ տնտեսական աշխարհագրություն: Հայաստանյան դատական բոլոր օղակներով անցնելուց հետո, բառացիորեն մի քանի օր առաջ գործը ներկայացվել է Եվրոդատարան՝ այն հիմքով, որ իմ նկատմամբ ԵՊՀ ղեկավարություն կոչվածի կատարած գործողությունները խախտել են Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայի 10,14 եւ 6-րդ հոդվածները: Դրանք վերաբերում են մասնավորապես մարդու ազատություններին, դատաքննության ժամանակ պատճառաբանված որոշում չկայացնելուն, ազատ արտահայտման իրավունքի խախտմանը, քաղաքական հայացքների համար տարբերակված որոշմամբ՝ ինձ աշխատանքից ազատելուն… Ընդհանրապես, համալսարանում շատ աշխատողների նվաստացրել ու հեռացրել են աշխատանքից՝ իբր տարիքային կամ այլ պատճառներով, բայց այդ մարդիկ իրենց իրավունքները չեն պաշտպանել: Ինչ վերաբերում է ինձ, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե այն ժամանակ քննադատել եմ միայն ՀՀ տնտեսական քաղաքականությունը, այսօր քննադատում եմ ողջ քաղաքականությունը եւ գտնում, որ քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն կարողանա առողջ քննադատությունը ընդունել որպես բարի կամեցողություն, հասարակության մեջ կկուտակվի ատելություն, որը մի օր անպայման կպայթի: Ես բոլոր օրինական միջոցները կիրառելու եմ, որպեսզի այն մարդիկ, ովքեր իմ դեմ հակաօրինական գործողություններ են կատարել՝ անպայման պատասխան տան: Առաջիկայում նորից կդիմեմ դատարան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ այն 31 ուսանողների դեմ գործ հարուցելու համար, որոնք ստորագրել են իմ դեմ: Վերջիններիս տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հակ Սարգսյանը եւ փոխդեկան Հարություն Մարզպանյանը ստիպել են գրել, թե իբր Սարիբեկյանը տենդենցիոզ քննադատում է քաղաքական իշխանություններին, համալսարանի ղեկավարությանը:

– Եթե չեմ սխալվում՝ ընդդիմադիր գործիչներից մեկի հետ Ձեր ուսանողների հանդիպումից հետո հեռացվեցիք համալսարանից:

– Այդ հանդիպումը ընդամենը ուսանողների ցանկությունն էր՝ «Քաղաքական աշխարհագրություն» դասընթացի շրջանակներում: Նախատեսված էին այլ հանդիպումներ եւս՝ թե՛ իշխանական կողմը ներկայացնող կուսակցությունների, թե՛ ընդդիմադիրների հետ: Ուղղակի ԵՊՀ-ն շատ հիվանդագին ընդունեց այդ հանդիպումը, եւ դա առիթ հանդիսացավ, որ ինձնից ազատվեն, որովհետեւ ես օբյեկտիվ գործունեություն էի տանում ԵՊՀ-ում, ինչի արդյունքում շատ հաստագլուխների դատարկագլուխ երեխաներ տուժում էին … Ըստ տարածված լուրերի՝ ԱԱԾ-ն է ինձ հեռացրել աշխատանքից: ԵՊՀ ռեկտորն էլ ամենուրեք արդարանում է՝ ինքը մեղավոր չէ եւ ոչինչ չէր կարող անել: Նույնը «168 ժամում» ասել են նաեւ տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան Հարություն Մարզպանյանը, աշխարհագրական ֆակուլտետի դեկան Աշոտ Խոյեցյանը…: ԵՊՀ-ն այսօր նեխել է, եւ փոխանակ կաշառակերության, կոռուպցիայի, այլասերությունների դեմ պայքարի նույն այդ ԱԱԾ-ն, ստացվում է՝ ի՞նձ են հանում գործից՝ քննադատելու համար:

– Ձեր կոլեգաների մեջ եղա՞ն մարդիկ, որոնք կանգնեցին Ձեր կողքին այս շրջանում:

– Կոլեգաների թվում շատ էին կողմնակիցներս, բայց Արամ Սիմոնյանի հետ չթշնամանալու համար իրենց կարծիքը չհամարձակվեցին բարձրաձայնել: Ինչ վերաբերում է ուսանողներին, 191 հոգի գրություն էր ուղարկել ռեկտորին՝ պահանջելով աշխատանքի վերադարձնել իրենց դասախոսին, եւ ռեկտորը մերժել է: Նա այստեղ-այնտեղ հայտարարում է, թե դա իր իրավասություններից դուրս է, ԱԱԾ-ն է ինձ հեռացրել, եթե ինքը ինձ վերականգնի, իրեն՝ կազատեն…: Ես չգիտեմ, նման մակարդակի, մտածելակերպի տեր մարդը հատկապես վերջին իրադարձություններից հետո իրավունք ունի՞ համալսարան կառավարելու: Ախր մամուլն անընդհատ գրում է ԵՊՀ-ի, Սիմոնյան Արամի տարբեր օրինախախտումների մասին` սկսած ուսանողների տեղափոխություններից, վերջացրած անշարժ գույքի ձեռքբերման եւ այլնի մասին: Ի դեպ, ԵՊՀ ռեկտորը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իբր այն 191 ուսանողները, որոնք պաշտպանել են ինձ, բոլորին ստիպել եմ: Սիմոնյան Արամը երեւի պետք է ԳԱԱ «ակադեմիկոս» դառնա՝ նոր հասկանա, որ հեռացված դասախոսը ստիպելու լծակներ չունի: Վերադառնալով իմ գործի՝ դատական բոլոր ատյաններով անցնելուն, փաստեմ, որ դատարանի վրա միշտ էլ ակնհայտ ճնշումներ են եղել: Օրինակ, Վերաքննիչ դատարանը գտել էր, որ ԵՊՀ-ն ինձ իրավունք չուներ հեռացնելու, սակայն աշխատանքի վերականգնելու հայցը այդպես էլ չէր բավարարել՝ այն պատճառաբանությամբ, որ ես կոնֆլիկտ ունեմ ռեկտորի հետ: Էդպես որ լինի, բոլոր դատական գործերը կոնֆլիկտային են: Ստացվում է՝ ոչ մեկի իրավունքները չպե՞տք է վերականգնել: Սա աբսուրդ է, նաեւ մեր դատական համակարգի ինդիկատոր…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել