Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեվարձը կթանկանա՞

Հունիս 12,2008 00:00

Քննարկում-քննարկում են, բայց ընդհանուր հայտարարի չեն գալիս

Մոտ 1 ամիս է՝ քաղաքացիները շունչները պահած սպասում են ՀՀ կառավարության որոշմանը՝ հասարակական տրանսպորտը, ի վերջո, թանկանալո՞ւ է, թե՝ ոչ: Սակայն կառավարության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովը, որը պետք է քննարկի երթուղագծերը շահագործող տնտեսվարողների՝ սակագինը բարձրացնելու վերաբերյալ դիմումները, մեկ ամիս է՝ որեւէ կոնկրետ որոշում չի կարողանում կայացնել: Նշենք, որ մայիսին գազի թանկացումից հետո, որոշ գծատերեր, մասնավորապես՝ Արմավիրում, Գյումրիում, Երեւանում արդեն ուղեվարձն ինքնակամ բարձրացրել էին: Սակայն տրանսպորտի ոլորտի պատասխանատուները թանկացումները զսպեցին՝ պայմանով, որ ուսումնասիրությունից հետո միայն կասեն՝ կարելի՞ է ուղեւարձը բարձրացնել, թե՝ ոչ:

Օրերս էլ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ որեւէ հստակ բան չասաց, միայն հայտնեց, որ սակագների հարցը քննարկման փուլում է, տնտեսվարողների հետ առայժմ լեզու չեն գտնում: Երեկ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ասուլիսի ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց, թե, ի վերջո, սակագներն ուսումնասիրող հանձնաժողովը ե՞րբ է որոշում կայացնելու: Մեր հարցին ի պատասխան՝ Ա. Գեւորգյանն ասաց. «Իսկապես, աշխատանքային խմբի հաշվարկների եւ տնտեսվարողների պատկերացումների միջեւ լուրջ տարբերություններ կան: Համենայնդեպս, ուսումնասիրությունների ժամանակ աշխատանքային խումբը չի հանգել այն եզրակացության, որ այս պահին պետք է սակագնային թանկացում տեղի ունենա: Բայց կա մի հանգամանք, որը եւս պետք է հաշվի առնենք. Երեւանի քաղաքապետարանը պնդում է, որ քաղաքում տրանսպորտային համակարգի զարգացման համար պետք է ներդրումներ կատարել, պետք է նոր ավտոբուսներ բերվեն եւ այլն, ինչը գումարներ է պահանջում: Մենք առաջարկել ենք սակագնային քաղաքականությունը դիտարկել նաեւ այս տեսակետից: Այսինքն, եթե իրենք գտնեն, որ ապագայում 15-20 մլն դոլարի ներդրումներ են կատարելու եւ այդ ներդրումների վերադարձելիությունը պետք է ապահովվի, ապա այդ պարագայում մենք պատրաստ ենք իրենց հետ նոր սակագինը քննարկել»: Ըստ փոխվարչապետի, այս պահի դրությամբ երթուղայինների գներն անփոփոխ են: Ա. Գեւորգյանը վստահեցրեց, որ 10 օրվա ընթացքում կառավարությունը վերջնականապես կհասկանա ու երթուղայինների սակագների վերաբերյալ հստակ որոշում կկայացնի. «Բայց 2 օր առաջ ինձ տեղեկացրել են, որ դիզվառելիքի շուկայի գների աճ է եղել, ուստի պետք է հաշվի առնենք նաեւ այն, թե սակագնի կառուցվածքի մեջ ինչքանով է դա անդրադառնում»:

Խոսելով որպես տարածքային կառավարման նախարար, Արմեն Գեւորգյանն ասաց, որ առաջիկա տարիներին առաջնահերթ խնդիրներից է լինելու մարզերի հավասարաչափ զարգացումը, ինչի համար ներդրվելու է կառավարության արտագնա նիստերի փորձը: Հենց այդ նիստերի արդյունքում էլ կպարզվեն մարզերում առկա խնդիրները: Առաջին արտագնա նիստը կկայանա այսօր՝ Գյումրիում, հետո՝ Վայոց ձորի ու Արագածոտնի մարզերում: Նախարարն իր գերատեսչությունում մի նորամուծություն էլ է ներդնելու, այն է՝ համայնքների խոշորացում: Այսինքն, փոքր գյուղերը, որոնք չեն կարողանում գոյատեւել՝ կմիավորվեն: Ա. Գեւորգյանը նախարարությունում ներքին աուդիտի համակարգ էլ է ներդնելու, որպեսզի ավելի հստակ վերահսկվեն յուրաքանչյուրի կատարած աշխատանքներն ու գործառույթները, ինչով էլ կորոշվի աշխատանքի գնահատման չափորոշիչները, լավ արդյունքների դեպքում դա նաեւ մարզպետարաններում կներդնեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել