Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱՏՈՒՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԻ «ՄՈՒՐԱԶԸ» ՉԻ ԿԱՏԱՐՎԻ

Հունիս 12,2008 00:00

Հարյուրավոր տարեց ավանդատուներ մտահոգություն ունեն, որ գումարների փոխհատուցման հերթն իրենց չի հասնի եւ անգամ կյանքի վերջին օրերին չեն կարող վայելել տարիներով խնայած գումարները:

Երբ կառավարությունը որոշեց, որ ԽՍՀՄ Խնայբանկին պահ տված դրամական ավանդները պետք է փոխհատուցվեն, հազարավոր ավանդատուներ նորից վերհիշեցին տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատած իրենց փողերի մասին: Օրինագծի ընդունումից հետո նրանց միայն մի բան էր հետաքրքրում՝ որքան կարելի է շուտ եւ շատ փոխհատուցում ստանալ վաղուց կորած համարվող գումարների դիմաց: Սակայն ավանդատուների նման լավատեսական սպասումներն այդպես էլ չարդարացան, քանի որ, ըստ կառավարության սահմանած կարգի, 2 միլիոն 207 ավանդատուներից փոխհատուցման իրավունք ստացան միայն նրանք, ովքեր 2005 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2006 թ. ապրիլի 1-ն ընդգրկված են եղել նպաստառուների ցուցակում: Բայց քանի որ հաշվառվելու եւ ցուցակում ընդգրկվելու համար սահմանված ժամկետը բավականին քիչ էր՝ ընդամենը 1 ամիս, այն մարդկանցից շատերը, որոնք կարող էին առաջնահերթ ընդգրկվել այս ցուցակում, ինչ-ինչ պատճառներով չեն հասցրել գրանցվել: Նրանք կամ պետք է պարզապես համակերպվեն այն մտքին, որ իրենց գումարներն այլեւս չեն ստանա, կամ էլ համբերությամբ սպասեն, մինչեւ կառավարության որոշմամբ եւս մեկ հաշվառում իրականացվի: Մտահոգության առիթ ունեն նաեւ այն 63 հազար նպաստառու ավանդատուները, որոնք հասցրել են հաշվառվել նշված ժամանակահատվածում, քանի որ պետբյուջեից տարեկան հատկացվող գումարները բավարար չեն բոլորին սեղմ ժամկետներում փոխհատուցելու համար:

Նշենք, որ նախորդ տարի պետբյուջեից հատկացված 1 միլիարդ դրամը բավարարել է ընդամենը 12 հազար ավանդատուի: Այս տարի պետբյուջեից 300 միլիոն դրամ ավելի է հատկացվել եւ, սոցիալական ապահովության նախարարության տվյալներով, երեկվա դրությամբ փոխհատուցում է ստացել 13 հազար 632 ավանդատու: Նման տեմպերով առաջ գնալու դեպքում, թերեւս 5-6 տարի հետո միայն հաշվառված ավանդատուները կարող են հասնել իրենց «մուրազին»: «Առավոտին» դիմած տասնյակ ավանդատուներ դժգոհում են գումարների փոխհատուցման կարգից, նշելով, որ իրենց սեփական քրտինքով վաստակած գումարները վերադարձնելը պետությունը դիտում է որպես ֆինանսական աջակցություն՝ սոցիալապես անապահով ընտանիքներին, եւ ցանկացած չնչին պատրվակ օգտագործում է՝ «չափանիշներին» համապատասխանող ավանդատուին դրանից զրկելու համար: Բացի այդ, առաջնահերթության կարգով նպաստառուների ցուցակում ընդգրկված ավանդատուները 70-ն անց մարդիկ են եւ մտահոգված են, որ չեն հասցնի վայելել իրենց աշխատանքի արդյունքը, քանի որ 2005-ից հաշվառվել են, սակայն իրենց հերթը դեռ չի հասել ու հայտնի էլ չէ, թե երբ կհասնի: Նշենք նաեւ, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նպաստների բաժնի պետ Գրետա Գրիգորյանի տեղեկացմամբ, հաշվառումից մինչ այսօր արդեն մահացել է հերթի մեջ գտնվող 600 ավանդատու, իսկ այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին մահացել է 153 մարդ:

«Առավոտին» դիմած ավանդատուներից մեկը՝ 83-ամյա Վաչագան Մանգասարյանը, մեզ հետ զրույցում պատմում էր, որ 14 տարեկանից աշխատել է ցրիչ, ապա ամսական ընդամենը 6 ռուբլի աշխատավարձով աշխատել է ճաշարանում, հետո կոշիկի ֆաբրիկայում եւ այլ տեղերում: Նրա խոսքերով. «1941-ից մինչեւ 1998 թվականը՝ 57 տարի շարունակ աշխատել եմ, ու կարողացել եմ ընդամենը իմ նեղ օրվա համար 18 հազար 500 ռուբլի խնայել, իսկ կինս՝ Մարուսյան, ունեցել է 24 հազար ռուբլի խնայողություն»: Վ. Մանգասարյանի պատմելով, իրենք ժամանակին հաշվառվել են փոխհատուցում ստանալու համար, քանի որ 12 տարի եղել են նպաստառու, կինը հաշմանդամ է եւ իրենք ապրել են միայնակ: Սակայն 78 տարեկանում Մարուսյա Մարիկյանը մահացել է, իսկ Վաչագան պապն էլ մտահոգություն ունի, որ ավանդների փոխհատուցումը կձգձգվի այնքան, որ իրենցից շատերը իր կնոջ նման չեն կարող կյանքի վերջին օրերին վայելել ողջ կյանքում խնայած գումարները:

Հիշեցնենք նաեւ, որ ավանդների փոխհատուցումը տրամադրվում է առաջին հերթին 70 տարին լրացած միայնակ, անժառանգ եւ նպաստառու թոշակառուներին, ապա Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, ՀՀ պաշտպանության 1990-94թթ. ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձանց եւ նրանց ընտանիքներին, դրա հետեւանքով հաշմանդամ դարձած անձանց եւ նրանց ընտանիքներին, ինչպես նաեւ զոհվածների ընտանիքների անդամներին: Առաջնահերթություն կտրվի նաեւ 1-ին, 2-րդ եւ 3-րդ խմբի հաշմանդամներին, մարտական գործողություններից տուժած սահմանամերձ բնակավայրերի եւ աղետի գոտու բնակիչներին: Գ. Գրիգորյանի տեղեկացմամբ, ավանդի փոխհատուցումը տվյալ անձի անձեռնմխելի իրավունքն է եւ ժառանգությամբ չի փոխանցվում, այսինքն, եթե հաշվառված ավանդատուն մահացել է, նրա զավակները չեն կարող ստանալ այդ գումարը, բացառությամբ, եթե արդեն հստակեցված է, թե կոնկրետ երբ է տվյալ անձի փոխհատուցման օրը եւ դրանից մի քանի օր առաջ նա մահանում է, ապա ժառանգները նրան հասանելիք գումարն անպայման ստանում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել