Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան-Բաքու-Մոսկվա հեռուստակամուրջ

Հունիս 12,2008 00:00

Երեկ «Նովոստի-Արմենիա» գործակալության երեւանյան գրասենյակում հայ փորձագետների համար հնարավորություն էր ստեղծվել հեռուստակամրջի միջոցով կապվել միաժամանակ Բաքվի ու Մոսկվայի հետ, բանավեճի հրավիրել իրենց ռուս եւ ադրբեջանցի գործընկերներին, ինչպես նաեւ պատասխանել լրագրողների հարցերին: Քննարկման առարկան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներն էին: Հայկական կողմից հեռուստակամրջին մասնակցում էին Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Ազգային դեմոկրատական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյանը: Մոսկովյան մասնակիցներն էին՝ Քաղաքական եւ ռազմական վերլուծության անդրազգային հարաբերությունների բաժնի վարիչ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը եւ Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտխորհրդի նախագահ Դմիտրի Տրենինը: Ադրբեջանական կողմը ներկայացնում էին Դեմոկրատական բարեփոխումների նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլաձեն, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը եւ քաղաքական վերլուծաբան Ֆիկրետ Սադիխովը:

Ստորեւ ներկայացնենք հիշյալ քաղաքագետներից մի քանիսի հնչեցրած, ըստ մեզ՝ առավել ուշագրավ գնահատականները: Այսպես. Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այս հակամարտությունը ծագել է ԽՍՀՄ-ի օրոք եւ սկսվել անմիջապես Լեռնային Ղարաբաղում: Դա հայկական ու ադրբեջանական բնակչության հակամարտություն էր, ոչ թե քաղաքական սուբյեկտների, քանի որ Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն քաղաքական սուբյեկտներ այդ ժամանակ չկային: Սակայն այդ ժամանակվանից շատ բան է փոխվել, եւ հակամարտությունը դարձել է միջազգային իրավունքի մաս: «Իրական քաղաքական հեռանկարում՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ, հակամարտության լուծումն անհնարին է, նման ձգտում պարզապես չկա»,- հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը՝ շեշտելով, որ «մի կողմից, ցավոք, չկա վերջնական խաղաղություն, մյուս կողմից, փառք Աստծո, մարդկանց չեն սպանում, պատերազմ չկա»:

Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հունիսի 6-ին կայացած հանդիպումը չհանդիսացավ լուրջ առաջխաղացում ԼՂ խնդրի կարգավորման հարցում, եւ, ընդհանրապես՝ վերջին տարվա ընթացքում այս առումով կարելի է լուրջ հետընթաց արձանագրել: Եվ, այնուամենայնիվ, ըստ նրա, «գլխավոր արդյունքն այն է, որ հանդիպումը կայացել է. ավելի լավ է հանդիպել ու խոսել. դա ամենադրական արդյունքն է, սակայն ինչ-որ առաջխաղացման մասին խոսել չի կարելի, քանի որ կողմերը ելնում են ոչ միայն իրավիճակի տարբեր գնահատականներից, այլեւ հակամարտության տարբեր փիլիսոփայություններից»: Ադրբեջանցի Ասիմ Մոլաձեն նախագահների հանդիպումը բնորոշեց որպես «ճանաչողական բնույթի», իսկ բանակցային գործընթացը՝ «իմիտացիա»: Սակայն, ըստ նրա, ցանկացած վատ խաղաղություն լավ պատերազմից լավ է, եւ խոսք պետք է լինի ոչ թե նոր պետության ստեղծման, այլ ինքնակառավարման հնարավորության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել