Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող աքսորեն՝ վերջանա-գնա»

Հունիս 12,2008 00:00

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում առաջարկեց աքսորել «մի քանի հոգու»:

– Ձեր կարծիքով, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը կկարողանա՞ պարզություն մտցնել, թե ի՞նչ է կատարվել մարտի մեկին, ո՞վ է տվել ցուցարարների վրա կրակելու հրաման, ի վերջո, ո՞վ է պատասխանատու տասը զոհերի համար:

– Ինչ խոսք, եթե հանձնաժողովին լիարժեք ինֆորմացիա տան, եւ, բնականաբար, այդ հանձնաժողովում ընտրվողները պետք է իրավաբան լինեն, հոգեբան, որ կարողանան հաջողության հասնել: Իհարկե, փաստերը տրամադրելուց հետո, ինչ խոսք, պարզ կլինի:

– Եթե հանձնաժողովի աշխատանքների արդյունքում պարզվի, որ կրակելու հրաման տվողը շատ բարձր դիրք է գրավում, դարձյա՞լ պատիժ կլինի:

– Ինձ թվում է՝ նախագահը կպատժի յուրաքանչյուրին, ով էլ որ լինի, իմ կարծիքն է դա, որ կպատժի:

– Այսինքն՝ դուք լա՞վ սպասելիքներ ունեք հանձնաժողովից:

– Ես ոչ մեկից լավ սպասելիք չունեմ, ես ունեմ ճիշտ մեկնաբանություններ, ճիշտը գտնելու, ճիշտը մեր ժողովրդին ասելու եւ ճիշտ ձեւով մեղավորներին պատժելու:

– Անձամբ ձեզ համար պա՞րզ է, թե ինչ եղավ մարտի 1-ին, ձեզ համար հարցերը պա՞րզ են, թե՞ մութ հարցեր կան:

– Ինձ համար մի բան է պարզ, որ այդ բոլոր դեպքերը եւ բոլոր իրավիճակները անփութության հետեւանք են: Ես չեմ համարում, որ ժողովուրդը, շատ քիչ մասսան, որը պարտված, բայց դուրս է գալիս հաղթելու դիմակով, փորձում է դրանով Հայաստանի բոլոր տեսակի զարգացումների առաջ կանգնել: Իմ կարծիքով, կառավարությունը եւ երկրի նախագահը պետք է կոնկրետ քայլ անեն: Պարույր Հայրիկյանին էն ժամանակ աքսորեցին Սովետական Հայաստանի զարգացումների դեմ փորձեր անելու համար, իսկ ինչի՞ հիմա չենք անում: Մի քանիսին թող արտաքսեն՝ վերջանա-գնա: Իմ կարծիքով, դա է ելքը, անգամ թեկուզ ես կլինեմ, կամ ով որ կլինի, եթե իր պետության զարգացումների դեմ է գնում իր քաղաքական նպատակների համար, էդ մարդկանց հարկավոր է աքսորել երկրից:

– Կոնկրետ անուններ կասե՞ք, թե, ըստ ձեզ, ո՞ւմ է հարկավոր աքսորել:

– Անունները պարզ են, էնքան անուններ կան, էլ չպատմելու: Այս հանձնաժողովը թող պարզի՝ ում անուններն են դրանք:

Հիշեցնենք, որ պարոն Աղաբաբյանը Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է: Այդ կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանին, ինչպես նաեւ ղեկավար Անդրանիկ Մարգարյանին ազատազրկել են նույն կոմունիստները, որոնք եւ աքսորել են Պարույր Հայրիկյանին: Գուցե այդ գործողություններն է՞լ է ՀՀԿ անդամը «արդարացված» համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել