Ալբերտ Բազեյանն այդպես է ձեւակերպում իր եւ ռամկավարների վերաբերմունքը հասարակական խորհրդին
«Ես հիմքեր չեմ տեսնում այդ հանրահավաքն արգելելու, եւ անտրամաբանական է այդ արգելանքն այսքան երկար ժամանակ պահելը, ուստի կարծում եմ, որ ամսի 20-ի հանրահավաքը կարտոնվի: Չեմ կարծում, որ օրինական էր հանրահավաքների սահմանափակումը, բայց գուցե կրքերը հանդարտեցնելու համար դա որոշ ժամանակ անհրաժեշտ էր: Սակայն քանի որ էլեկտրոնային լրատվամիջոցները միակողմանի տեղեկատվություն են հաղորդում, հասարակությունն այդ հանրահավաքների կարիքն ունի»,- երեկ ի պատասխան «Առավոտի» հարցի, ասաց Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Ալբերտ Բազեյանը: Մեր զրուցակիցը չի բացառում, որ իբրեւ քաղաքացի ինքը հունիսի 20-ին կմասնակցի ընդդիմության հանրահավաքին, բայց ասում է, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ մամուլում տպագրվում են բոլոր կարեւոր ելույթները: Այստեղ նա նաեւ բարոյական եւ հոգեբանական խնդիր է տեսնում. «Տեր-Պետրոսյանի կողմնակիցները բազմաթիվ որակումներ տվեցին այն քաղաքական անձանց, ուժերին, որոնք տվյալ պահին իրենց կողքին չեն եղել»: «Առավոտի»՝ հարցին՝ որքա՞ն ռեսուրս կունենա գործող վարչախումբը ռեպրեսիաներով իշխանությունը պահելու համար, պարոն Բազեյանը պատասխանեց. «Սա ճիշտ ճանապարհ չէ: Հայաստանում առկա է քաղաքական եւ վստահության ճգնաժամ: Եթե իշխանությունները ցանկություն ունեն, որպեսզի երկրում իրական կայունություն լինի, որպեսզի իշխանության կամ իշխանական տարբեր մարմինների հանդեպ հասարակական վստահությունը վերականգնվի՝ իշխանությունները պարտավոր են առաջնորդվել իրավական նորմերով՝ ապահովել ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները: Դրանց սահմանափակումներն էլ, խիստ սոցիալական բեւեռացումն էլ, որոնք այսօր առկա են, ազգային անվտանգության սպառնալիք են»:
Ըստ մեր զրուցակցի, անհապաղ պետք է ազատ արձակվեն մարդիկ, որոնք ձերբակալված են զուտ բողոքի զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար, ում նկատմամբ չկան հանցագործությունների իրական մասնակցության փաստեր. «Ես ենթադրում էի, որ շատերի խափանման միջոցը՝ կալանքը, կարելի էր փոխել, եւ հրապարակային դատավարությունների ընթացքում հասարակությանն ակնհայտ կլիներ՝ մարդը հանցագործություն կատարե՞լ է, թե՞ ոչ: Ես ենթադրում էի նաեւ, որ իշխանությունը գոնե կգնար համաներման ճանապարհով, որովհետեւ կային առիթներ՝ երկրում նոր նախագահ է իշխում, մայիս ամսին համապատասխան համապետական տոներ կային… Սա իշխանությունների՝ խնդիրն է, իրենց վարքագիծն է, իրենց գործելակերպն է»: Պարոն Բազեյանը մտահոգություն է հայտնում հատկապես ազատամարտիկների կալանքի տակ գտնվելու առիթով, քանի որ «նրանցից շատերի առողջական վիճակը, ցավոք, բարվոք չէ: Այդ տարիները թողել են իրենց հետքերը: Պատերազմական տարիներից մնացած ինչ-որ զենք-զինամթերքն այն հիմքը չէր, որի հիման վրա կարելի էր այս մարդկանց նկատմամբ նման լուրջ մեղադրանք առաջադրել»: Պարոն Բազեյանին հիշեցրինք, որ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը, որի անդամ ազատամարտիկներն այսօր ազատազրկված են, նախընտրական շրջանում հայտարարեց առաջին նախագահին պաշտպանելու մասին, մինչդեռ ինքը՝ Ալբերտ Բազեյանը, նույնպես այդ հասարակական կազմակերպության անդամ է եւ միացավ իր կուսակցական (ռամկավար) ընկերներին, որոնք որեւէ թեկնածուի չսատարեցին: «Նախագահական ընտրություններն առաջին հերթին քաղաքական իրադարձություն են, ուստի պետք է քաղաքական որոշումներ լինեն՝ քաղաքական հիմնավորումներով: Ես միշտ էլ անբնական եմ համարել, որ հասարակական կազմակերպությունները, հատկապես ազատամարտիկներին համախմբող, հայրենակցական միությունները ներքաշվեն նման գործընթացների մեջ: Այդ կազմակերպություններում ընդգրկված մարդիկ ունեն տարբեր քաղաքական հայացքներ, հարում են եւ անդամագրված են տարբեր կուսակցությունների, բնականաբար, պետք է առաջնորդվեն կուսակցական որոշումներով: Եվ եթե սատարեցին որեւէ մեկին, ապա պատասխանատվություն են կրելու տվյալ թեկնածուի կամ քաղաքական ուժի հետագա գործունեության համար: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ «Ոգու փորձությանը», կարծում եմ, տղաներն ինքնուրույն որոշում են կայացրել՝ չգիտեմ ինչ հանգամանքներից ելնելով: Դա իրենց իրավունքն է: Բայց նաեւ արձանագրենք, որ ոմանք այդ ազատամարտիկներից ԱԺ պատգամավոր են ընտրվել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, ՀՀԿ խորհրդի անդամներ էին՝ կուսակցության քաղաքական աջակցությամբ, եւ խորհրդարանում երբեւէ ընդդիմադիր ելույթներ չէին ունեցել. թե ինչո՞ւ հանկարծակի մտափոխվեցին՝ իրենց իրավունքը եւ իրենց խնդիրն է, ես որեւէ մեկին քննադատելու կամ մեղադրանք առաջադրելու իրավունք ինձ չեմ վերապահում: Միայն ափսոսում եմ, որ այդ տղաներից շատերն այսօր ազատազրկված են, եւ իմ կարողության պայմաններում փորձում եմ ամեն ինչ անել, որպեսզի նրանք րոպե առաջ ազատ արձակվեն»: Մեր զրուցակիցը փաստում է, որ քաղաքական կոնյունկտուրայի արդյունքում փլուզվում են հասարակական կառույցները, ավելին՝ մարդիկ իրար դեմ են դուրս գալիս՝ օրինակ բերելով ԵԿՄ-ն, նույն «Ոգու փորձությունը», որի՝ Շիրակի տարածքային կառույցը սատարեց Սերժ Սարգսյանին:
Ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու իշխանության քայլերը Ա. Բազեյանը լիարժեք չի համարում: Մասնավորաբար, նորմալ է գնահատում խորհրդարանական ընդդիմության լիազորությունները մեծացնելու մասին նախագիծը, բայց չի կարծում, որ դա լիարժեք է, քանի որ խորհրդարանը չի արտացոլում հասարակության պատկերը եւ հասարակության մի ստվար զանգված հայտնվել է «խաղից դուրս» վիճակում. «Ընդդիմությունն էլ հասարակության մի մասն է կազմում, եթե իշխանությունն առաջնորդվի Սահմանադրությամբ՝ ընդդիմադիրների իրավունքներն արդեն իսկ ապահովված կլինեն»: Հաշվի առնելով հասարակական տրամադրությունները՝ մեր զրուցակիցը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն: Սակայն ոչ իշխանության մոտ է նման կամք տեսնում, ոչ էլ երաշխիքներ է տեսնում՝ որեւէ համապետական ընտրություն ազատ եւ արդար անցկացնելու: Դրա հիմնական երաշխիքներից մեկը Ա. Բազեյանը համարում է իշխանության քաղաքական կամքը:
Հասարակական պալատում մասնակցության առաջարկ ՀՌԱԿ-ում միավորված կուսակցություններին չի եղել: Բայց մեր զրուցակցի համար նաեւ անորոշ են այդ կառույցի գործառույթները. «Ի՞նչ իրավասություններով է այն գործելու, ի՞նչ խնդիրներ է քննարկելու եւ լուծելու: Տարակուսելի է, որ հանրային այդ մարմնում փորձում են ներգրավել ե՛ւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ե՛ւ, ինչպես իրենք են ձեւակերպում, հասարակության մեջ հեղինակություն ունեցող անհատների, հասարակական ու մշակութային գործիչների: Եթե այդ կառույցը պետք է քննարկի պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները եւ լուծման ներկայացնի, ապա նախագահը հանդես է եկել իր ծրագրով եւ պետք է առաջնորդվի իր ծրագրով: Եթե դա խորհրդատվական մարմին է, ապա նախագահական ապարատում կան բազմաթիվ խորհրդականներ: Բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ, ապա դրանք արձանագրում է մամուլը, բարձրացնում է հասարակությունը՝ զանգվածային բողոքի եւ հանրահավաքների միջոցով ու տարբեր առիթներով: Ի վերջո, գոնե ինձ համար մի քիչ էլ հասկանալի չէ նախագահին առընթեր հասարակական կառույցը: Սերժ Սարգսյանին մեր կուսակցությունը չի պաշտպանել, մենք ունենք մեր տեսակետներն ու դիրքորոշումները եւ ցանկություն չունենք «նախագահին առընթեր» աշխատելու եւ գործելու»: