Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻ ՀԱՏ ԷԼ ՄԵՆՔ ՔՆՆԵՆՔ»

Հունիս 12,2008 00:00

Պատգամավորները որոշել են լրջորեն զբաղվել «մարտի 1-ով»

\"\"Ազգային ժողովը երեկ որոշում կայացրեց մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի մասին: Առայժմ միայն «Օրինաց երկիր» խմբակցությունն է, որ չի հրապարակում իր այն կուսակցականների անունները, ովքեր ընդգրկվելու են ժամանակավոր հանձնաժողովում: Երեկ մեր հարցին պատասխանելով՝ Հովհաննես Մարգարյանը ասաց, որ երբ որոշում կլինի հանձնաժողովի ստեղծման մասին, իրենք կասեն իրենց անդամների անունները:

Նախագիծը ներկայացնող անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի, եթե ոստիկանապետը, ՀՀ երկրորդ նախագահը եւ էլի շատերը հրավիրվեն հանձնաժողովի կողմից եւ որոշ հարցերի պատասխանեն: «Որքանո՞վ վստահելի կլինի հանձնաժողովը», այս հարցը երեկ շատ էր հնչում, եւ նախագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ այս հարցի հետ կապված կարեւորում է ԶԼՄ-ների գործունեությունը. «ԶԼՄ-ների որոշ միջոցների հարգելի ներկայացուցիչներ, հայկական իրականությունը բաղկացած չէ որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվող լեւոնականներ-հակալեւոնականներից, սերժականներ-հակասերժականներից, մեր իրականությունը շատ բազմաբնույթ եւ բազմաբովանդակ է, եւ նման բաժանումները կամ վերաբաժանումները շատ արհեստական են: Ինչպես բոլոր նորմալ ժողովուրդներին, հայկական իրականությանը հետաքրքրում են ոչ թե անձերը կամ անհատները, այլ՝ ովքե՞ր կարող են լուծել հացի եւ արդարության, իրավունքի եւ բարգավաճման հիմնախնդիրները: Խնդիրներին պետք է մոտենալ այս սկզբունքով, ոչ թե յակոբինների եւ տերմիդորականների»:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ եթե իրենք ընդունեին դատախազի կամ արդարադատության նախարարի դիրքորոշումները, «ապա նման հանձնաժողովի կարիք գուցե եւ չլիներ: Բայց մենք, եթե ուշադրություն եք դարձրել, ձեւակերպել ենք խնդիրներ, որոնք որոշ չափով հատվում են նրանց ֆունկցիաների հետ: Իհարկե, դա չի նշանակում, որ հանձնաժողովը քրեական հետապնդում իրականացնող մարմին է, սակայն այն պետք է բացահայտի հարցեր, որոնց պատասխանները համարում է, որ դեռեւս ստացված չեն»: Առաջարկելով այս հանձնաժողովում աշխատանքի լծվեն լավատեսությամբ՝ պարոն Հարությունյանը հավելեց, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը բավականին հեշտացրել է հանձնաժողովի գործը. «Գոնե հարցադրումների պատրաստի մի շարան կա»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարեց. «Այս հանձնաժողովում առաջին անգամ արտախորհրդարանական ուժերին հնարավորություն է տրվելու խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, խորհրդակցական, որովհետեւ այլ բան Կանոնակարգով նախատեսված չէ, այդուհանդերձ՝ նրանք ունենալու են շատ կարեւոր մի իրավունք՝ ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվելու է եզրակացությանը: Որեւէ մեկը այս պահին չի կարող ասել, թե քանի արտախորհրդարանական ուժ ներկայացված կլինի հանձնաժողովում, գուցե 30, եւ 30-նն էլ կներկայացնի հատուկ կարծիք եւ հնարավորություն կունենա ԱԺ ամբիոնից ներկայացնել իր հատուկ կարծիքը»: ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը, նկատի ունենալով հանձնաժողովի ստեղծման գործընթացը, ասաց, որ եթե ոմանք «օրեր շարունակ խոսում էին զանգ կախելուց, այսօր հնարավորություն է ստեղծվել այդ զանգը կախելու»:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով՝ Վարդան Խաչատրյանը ասաց, որ այս իրավիճակը առաջացել է այն պատճառով, որ «իշխանության եւ հասարակության միջեւ գոյություն չի ունեցել փոխադարձ թափանցվածություն, մեկը մյուսի պրոբլեմներից եղել է անտեղյակ, եւ բախումների արդյունքում մենք ունեցել ենք զոհեր, մի իրավիճակ, որի պատասխանատվության տակից շատ դժվար է դուրս գալ»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը միակն էր, որ ելույթից առաջ ցավակցեց մարտի 1-ի եւ «Հոկտեմբերի 27»-ի (այս հարցով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների հետ երեկ զուգահեռներ շատ էին արվում) զոհերի հարազատներին: Նաեւ ասաց, որ իր համար անհասկանալի են «Ժառանգություն» խմբակցության ելույթները, «երբ կանխակալ անհիմն կարծիքներով փորձում են դեռեւս չաշխատած հանձնաժողովին անվստահություն հայտնել: Եվ ի՞նչ է նշանակում, երբ ասում եք, թե իշխանությունները քաջություն չունեն: Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը քաջություն ունի, թող ձեր հորդորով, հարգելի «Ժառանգության» գործընկերներ, ընդունի, որ ընտրությունները կայացել են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել