Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱՎՈՐ Է «ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ» ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱ՞ՆԸ

Հունիս 11,2008 00:00

ԳԽ եւ ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր Ռուբեն Հակոբյանը երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց, որ ինքը մնում է նույն համոզմունքին, որ ստեղծված իրավիճակից ելքը մեկն է՝ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, ոչ շուտ՝ քան մեկ տարի, եւ ոչ ուշ՝ քան 1,5 տարի հետո: Ըստ պարոն Հակոբյանի՝ այդ արտահերթերը պետք է կազմակերպի եւ դրանց անցկացման երաշխավորը լինի ոչ այլ ոք, քան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչը նրան կդարձնի իսկապես ազգընտիր եւ ժողովրդի կողմից սիրված: Ըստ Ռուբեն Հակոբյանի, կարծես նշմարվում է այն հարթությունը, որտեղ կարող է կայանալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների եւ իշխանության երկխոսությունը. «Իմ համոզմամբ, հետեւյալն է՝ ի վերջո գտնել մեկ մեղավորի, որը կբավարարի երկուսին էլ: Կարծես թե այդ մեղավորը պետք է դառնա Ռոբերտ Քոչարյանը, եւ կարծես թե դա կարող է հարթություն ապահովել երկխոսության համար: Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետեւ բավականին պարզ ակնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Համազգային շարժման կոնգրեսի ժամանակ՝ «որպեսզի այսօր գործող նախագահը տարանջատվի մարտի 1-ից…», եւ ինչպես զգացվում է, իշխանության որոշ ներկայացուցիչներ դեմ չեն այս սցենարին»: Նա նաեւ ասաց. «Այսօրվա ողբերգության ծնունդը դրվեց 95 թվականից, առաջին անգամ իշխանության կողմից կրակ բացվեց ընդդիմության վրա, ծեծի ենթարկվեցին ընդդիմության լիդերները»: Ապա ավելացրեց. «Ուղղակի գործող նախագահի բախտը չբերեց, որովհետեւ վերջին կաթիլը, որը քարը ծակեց, ավելի ուժեղ էր եւ ավելի սարսափելի: Բայց դա ամբողջ 13 տարիների ընթացքում շարունակաբար կրկնվող կեղծիքներով անցկացված ընտրությունների արդյունքն էր»: «Առավոտի» հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ անձամբ քննարկե՞լ է իր այս սցենարը արտահերթ ընտրությունների մասին, պարոն Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ իշխանությունը ծանոթ չէ իմ առաջարկներին, բայց ճիշտ եք՝ առաջիկա օրերին առաջարկություններս գրավոր տեսքով ես կփոխանցեմ հանրապետության նախագահին եւ կսպասեմ արձագանքին: Մինչ այժմ որեւէ հանդիպում չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել