Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը «սկիդկա» կանի՞

Հունիս 11,2008 00:00

Պատժեցին հանձնաժողովականներին բարեւ տալու համար

Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովում Սերժ Սարգսյանի օգտին կատարած լցոնումների համար նախորդ օրը մեղադրող կողմը պահանջեց դատապարտել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին՝ 4, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանին՝ 3 եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանին՝ 2,5 տարի ազատազրկման: Իսկ թե ինչու քրեական օրենսգրքի նույն հոդվածի նույն կետով մեղադրվող քաղբանտարկյալների համար տարբեր «սրոկներ» ուզեցին, ամենեւին էլ դժվար չէ կռահել: Բանն այն է, որ Մակեյանը դատարանում իրեն «անզուսպ» է պահել, քաղաքական հայտարարություններ է արել, կասկածել է Սերժ Սարգսյանի «լեգիտիմության կուսությանը», հետեւաբար նրան ամենաշատն է հասել: Դատավորին ու մեղադրողներին երբեմն նաեւ «շշպռել» է Աշոտ Զաքարյանը՝ նրանց մեղադրելով քաղաքական պատվեր կատարելու մեջ: Իսկ ահա Շոթա Սաղաթելյանին, ով ամենազսպվածն է եղել, «լավության կարգով» ամենաքիչն է հասել:

Մինչ կհստակեցվի նրանց պատժաչափը, հացադուլի նստած Գյումրիի ԵԿՄ-ականները դարձյալ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ու սեփական ենթադրություններն անում դատավճռի շուրջ: «Ժողովրդավարություն խաղալու համար հնարավոր է, որ դատավորն ամեն մեկին նվիրած «սրոկից» մի վեց ամիս կրճատի, որովհետեւ այսօր կա շաբլոն, դատախազն առաջարկում է, ասենք, 5 տարվա ազատազրկում, դատավորն էլ անպայման մի վեց ամիս «սկիդկա» է անում, սրանց մոտ էլ շուկայական հարաբերություններ են, չեմ կարծում, որ կամակատար Վահե Խալաթյանը հանկարծ իր մեջ այնքան տղամարդկություն ունենա, որ ասի՝ հերն էլ անիծած էս ռեժիմի, ես իմ խղճի թելադրանքով եմ գնալու: Ըստ պատվերի՝ էս մեր երեք ընկերները պետք է նստեին ու վերջ: Վարչախումբը մարտիմեկյան ոճրագործությունը շարունակում է դատարաններում: Սակայն կարծում եմ, որ արդարադատության սպանդը երկար չի տեւելու, աշխարհում ոչ մի հանցագործություն չի մարսվել, սա էլ չի մարսվի: Թեեւ մյուս կողմից էլ զարմանում եմ, որ Ազգային ժողովում նախագիծ է նախապատրաստվում դատավորների ու պատգամավորների աշխատավարձի բարձրացման վերաբերյալ: Սա ես կհամարեի պետական կաշառք: Էն պատգամավորները, որոնք իրենց լռությամբ աջակցեցին մարտի 1-ի ոճրագործությանը, պետք է հատուցվեին դրա համար, էն դատավորները, որոնք շարունակեցին դատավարական սպանդը, բնականաբար, նրանց էլ պետք է հատուցեին, չէ՞: Վերջը ժողովուրդը հայհոյում է, դատավորների ինքնասիրությանն են կպնում, նրանք էլ ձայն չեն հանում: Դե, ամեն ինչի շնորհակալությունը գումարի է վերածված»,- ասում է Գեւորգ Ալիխանյանը:

Ազատամարտիկ Գրիգոր Ղազարյանն էլ ասաց. «Էսպիսի դատավարություններ եղել են միայն 37 թվականին, այն կարելի է մտցնել Գինեսի գրքում: Ասեմ, որ, ըստ հավաստի տեղեկությունների, սկսել են ճնշումների ենթարկել ճշմարտախոս վկաներին, ամենայն հավանականությամբ՝ նրանց կազատեն աշխատանքից: Մենք արյուն չենք թափել նման երկիր ստեղծելու համար, մենք ուրիշ պետություն ենք ուզում: Այսօր մեզ ստիպում են լքել հայրենիքը, որպեսզի իրենք մի քանի օլիգարխներով հանգիստ ապրեն: Այսօր էնքան են լկտիացել մարդիկ, որ վառոդի հոտն ու համը չառած՝ անուն հանելու համար մեդալներ են գնում, այն, ինչ մենք վաստակել ենք արյան գնով»:

Գյումրիում հացադուլի նստած երկրապահներից երեկ «հերթափոխը» վերցրին եւս երկուսը՝ երազգավորսցի Մելիքսեթ Գաբոյանն ու ազատամարտիկ Սերիկ Տոնոյանը: Վերջինիս ասելով, շուտով փոխվելու է բողոքի ձեւը. «Իրենք որ էդպես կոշտ են վարվում, մենք էլ իրենց պես կվարվենք, ի՞նչ է, իրանք ուժե՞ղ են մեզանից, մենք մեր կոշտությունը ապացուցել ենք թուրքերին, գոնե այս մասին նրանք լավ գիտեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել