Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնագետները ոսկի փնտրելու չեն գնում»

Հունիս 11,2008 00:00

Պավել Ավետիսյանը հավաստիացրեց, որ Արենիից իրենք ոչ թե ոսկի, այլ ուղեղի մնացորդներ են գտել

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնի հյուրերն էին ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանն ու ինստիտուտի գիտաշխատող, «Արենի-1» քարայրի հնագիտական պեղումների արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը: «1990-ականների վերջից ՀՀ տարածքում կատարված պեղումները հեղափոխություն առաջացրին մեր պատկերացումներում: Մինչ այդ մտածում էինք, որ քաղաքակրթության վաղագույն սաղմերը ձեւավորվել են Պաղեստինի տարածքում՝ Միջերկրական ծովի արեւելյան ափին, ու երկրագործական եւ անասնապահական առաջին սաղմերը տարածվել են հենց այստեղից: Մեր կատարած պեղումները ցույց են տալիս, որ Հայկական լեռնաշխարհի հարավարեւմտյան շրջանում՝ Ք. ա. 11-րդ հազարամյակից մար

դն արդեն բնակատեղիներ, հսկայական տաճարներ է կառուցել, որոնց ներսում կան 60 տոննանոց քարակոթողներով զարդարված որմնանկարներ»,- փաստեց Պ. Ավետիսյանը: Նա հայտնեց, որ, ի տարբերություն նախորդների, վերջին տարիներին դաշտային պեղումների համար պետությունը որոշակի գումար տրամադրում է: Օրինակ՝ 2007-ին կատարված 28 պեղումները հենց այդ միջոցներով են կատարվել:

«Արտաշատի պեղումների ժամանակ բացվեցին մի պահպանված տաճարի տնտեսական մասը եւ բաղնիքներ: Ամբողջը՝ խճապատ հատակներով: Սա բացառիկ է, քանի որ մինչ այդ Արտաշատում բազում շինություններ են բացվել, բայց այսպիսի մոնումենտալ կառույցներ դեռ չենք հայտնաբերել: Մյուս «սենսացիան» գրանցվել է «Արենի-1» քարայր-հուշարձանում: Այստեղ ստուգողական պեղումներ են արվում, պարզելու՝ քարի եւ պղնձի-քարի դարի մարդկանց ապրելու վերաբերյալ տվյալներ կա՞ն: Բացվեց մի արտառոց, կավակերպ կառույցներով համալիր: Միկրոմիջավայրն այստեղ այնպիսին է, որ օրգանական նյութերը, որոնք եղել են այն ժամանակ եւ ընկել են հողի մեջ, չեն քայքայվել: Հնագիտական պրակտիկայում այդպիսի բան չի լինում, հիմնականում գործ ենք ունենում քայքայված մասերի հետ: Արենիի համար ունենք նաեւ ռադիոկարբոնային անալիզներ, որոնք վկայում են, որ խոսքը վերաբերում է Ք. ա 3900-3700 թվականներին»,- իրենց ձեռքբերումները թվեց Պ. Ավետիսյանը, սակայն չնշեց Արցախի Տիգրանակերտի մասին: Լրագրողներին հետաքրքրեց Տիգրանակերտի ճակատագիրը, թե, ի վերջո, ֆինանսներ գտնվեցի՞ն պեղումները շարունակելու համար: «Արցախի կառավարությունն էր ֆինանսներ տրամադրել»,- կարճ ասաց նա: Իսկ երբ լրագրողները հարցրին, թե այդպես էլ ՀՀ կառավարությունը միջոցներ չտրամադրե՞ց, պրն Ավետիսյանը խորհուրդ տվեց չմտնել մանրամասների մեջ:

Բ. Գասպարյանը նկատեց, որ պեղումներ իրականացնելիս բնակիչների հետ բախումներ շատ են լինում. «Տարօրինակ ձգտումով մեր ժողովուրդը քարայրներ շատ է սիրում եւ այնտեղ ռեստորաններ կառուցելու մոլուցք կա»: Իսկ Պ. Ավետիսյանը հայտնեց. «Երեկ գլխավոր դատախազի մոտ խորհրդակցության եմ մասնակցել՝ քննարկելու հուշարձանների պահպանության խնդիրները: Եղել են ահազանգեր՝ գանձագողության, հուշարձաններն ավերելու մասին: ՀՀ-ն չի կարող ստեղծել այնպիսի օրգաններ, որոնք կարողանան պահպանել այդ հուշարձանները: Դա պիտի անեն տվյալ համայնքի բնակիչները: Այնինչ, երբեմն չարամտորեն են քանդում հուշարձանը, անողն էլ երեխա չէ, այլ հասուն մարդ: Հաճախ խոսում ենք, թե Վանի թագավորության շրջանի մշակույթի կրողն ենք: Եթե տեսնեն, թե ինչ օրն ենք գցել այդ հուշարձանները, ոչ ոք չի հավատա, որ մենք ենք այդ ժառանգության տերն ու շարունակողը: Աղբանոց ենք դարձնում եւ ամեն տարի պեղումներ կատարելուց առաջ մեկ տոննա աղբ ենք հանում»: Բ. Գասպարյանն էլ ներկայացրեց «Արենի-1»-ի արդյունքները. «Կոպիտ ասած՝ դա մեր հայկական Պրովանսն է կամ Շամպայնը: Գինեգործության ամենավաղ փաստագրումները աշխարհին հայտնի են Իրանից: Հաջի Փիրուզը նեոլիթյան հուշարձան է: Իսկ Արենին 1500 տարով ջահել է Հաջի Փիրուզից: Բայց Արենիում գտնված խաղողի կորիզների, ճյուղերի քանակը եւ պահպանվածությունը, կավակերտ համալիրները սերտորեն կապված են գինեգործության հետ»:

Պ. Ավետիսյանն էլ հավելեց. «Արենին առաջին դեպքն է, որտեղ բացվել է արտադրական համալիր, մառան կամ երկուսը միասին կբացվի: Այն ժամանակների գինու կամ դոշաբի արտադրական տեղամաս է: Պահպանվել է նաեւ խաղողի չանչը, պտղամիսը, արտադրամասի կողքին մանկահասակ երեխաների թաղումներ ունենք: Մի գանգի միջից հանել ենք ուղեղների մնացորդները: Մարդկանց պատմում ես, չեն հավատում, երբ ցույց ես տալիս, ռադիոկարբոնային արդյունքները դնում ես նրանց առջեւ, ապշում-գնում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել