Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՐԱՏԵՎ ՍԵՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ»

Հունիս 11,2008 00:00

\"\"Իրենց օրինակով լրագրողներին ոգեւորեցին հանրահայտ

արվեստագետներ Ռոդիոն Շչեդրինն ու Մայա Պլիսեցկայան

 

«21-ի հեռանկարներ» փառատոնի շրջանակներում, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, կանցկացվեն շչեդրինյան օրեր՝ ճանաչված կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինի մասնակցությամբ: Հրավիրված են նաեւ հայտնի երաժիշտներ, թավջութակահար, դիրիժոր Դ. Գերինգասը, դաշնակահար Օ. Մուստոնենը, ջութակահար Ն. Բորիսոգլեբսկին, հոբոյահար Ս. Մուստոնենը, երգիչ Պ. Սալոմայեն: «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կամերային երաժշտության տանը հունիսի 11-14-ը կայանալիք համերգներին իրենց մասնակցությունը կբերեն նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, «Սերենադ» նվագախմբերը եւ մենակատարներ:

Երեկ այս մասին տեղեկացրին փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ս. Ռոստոմյանը եւ գլխավոր մենեջեր Ս. Հովհաննիսյանը՝ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսում, որին իր շնորհն էր բերել նաեւ Ռ. Շչեդրինի կինը՝ բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան: Մեծանուն կոմպոզիտորին հանձնվեց նախարարության Ոսկե մեդալ՝ համաշխարհային դասական երաժշտության ոլորտում ունեցած վաստակի համար: Ռ. Շչեդրինը հուզված հիշեց, որ 1947թ., երբ մասնակցել է երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին, իրեն առաջինը նկատել է Ա. Խաչատրյանը: Հիշեց նաեւ Դ. Շոստակովիչի, Ա. Խաչատրյանի, Ա. Բաբաջանյանի, Էդ. Միրզոյանի, Ա. Հարությունյանի եւ մյուս մեծերի հետ Դիլիջանում անցկացրած երանելի տարիները: Շչեդրինը պատմեց, որ 50 տարի առաջ, Մեծ թատրոնում հենց Խաչատրյանի «Սպարտակ» բալետի պրեմիերայից որոշ ժամանակ հետո, որտեղ Պլիսեցկայան առաջին անգամ հանդես է եկել Էգինայի մենապարով, ապագա կնոջ հետ ամուսնության որոշում են կայացրել:

«Առավոտի» դիտարկմանը, որ աշխատել է հանրահայտ խորեոգրաֆներ Մեսերերի, Զախարովի, Գերեզովսկու եւ այլոց հետ, սակայն գաղտնիք չէ, որ դարձյալ մեծանուն խորեոգրաֆ Գրիգորովիչի հետ Մ. Պլիսեցկայայի համագործակցությունը ոչ մի կերպ չի ստացվել, պարուհին պատասխանեց հայտնի թեւավոր խոսքով՝ «Շերշե լա ֆամ», հավանաբար նկատի ունենալով, որ ստեղծագործական կապը չի կայացել ինչ-որ կնոջ պատճառով: Մեր հաջորդ դիտարկմանը, թե Պլիսեցկայայի «կարապը» առանձնանում է բալետային արվեստի մեծ անուններ Ուլանովայի, Լեպեշինսկայայի «կարապից», ու պատահական չէ, որ Սեն Սանսի հանրահայտ «մեռնող կարապը» հաճախ ասոցացվում է Պլիսեցկայայի անվան հետ, պարուհին պատասխանեց. «Բոլոր ժամանակներում եղել են լեգենդներ: Հիմա նրանց արվեստին անդրադառնալու համար պետք է նայել ժամանակին արված նկարահանումները: Ընդ որում, դրանք դիտելով, հաճախ դժվար է օբյեկտիվ լինել: Իսկ արվեստում ժամանակն է ամենամեծ դատավորը: Ձեր կողմից հիշատակված Ուլանովան, օրինակ, հիանալի դերասանուհի էր բեմում, կամ Պավլովայի լուսանկարները դիտելով ինչպե՞ս կարելի է չհիանալ…»:

Ռ. Շչեդրինից էլ հետաքրքրվեցինք՝ դուք օպերաների, բալետների, սիմֆոնիաների, խմբերգային, կամերային, թատերական, վոկալ երաժշտության հեղինակ եք, մի խոսքով, երաժշտարվեստում չկա մի ժանր, որտեղ ստեղծագործած չլինեք եւ դրանք տարածում գտած չլինեն աշխարհում, այնուամենայնիվ, հնարավո՞ր է, որ ձեր ամուսնական 50 տարիները պարարվեստի լեգենդի հետ ինչ-որ չափով բացասաբար անդրադարձած լինեն ձեր ստեղծագործականի վրա: Ի պատասխան, կոմպոզիտորն ասաց. «Նման մեծ ու հարատեւ սեր կմաղթեմ բոլորին, թեկուզեւ ինչ-որ չափով դա ազդած լինի անձնական կարիերայի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել