Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական եկեղեցիները յուրացվում են

Հունիս 11,2008 00:00

Իսկ վրաց հոգեւորականները հայ քրիստոնյաներին համարում են հերետիկոսներ

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հովակիմ վարդապետ Մանուկյանն ու «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը, ովքեր անդրադարձան Վրաստանի հայկական եկեղեցիներին: Ըստ վարդապետի, անորոշ է հայկական եկեղեցիների կարգավիճակի հարցը:

Անդրադառնալով մասնավորապես 6 եկեղեցու, որոնցից հինգը Թբիլիսիում եւ մեկը Ախալցխայում է, բանախոսը նշեց. «Մենք ուզում ենք, որ խորհրդային տարիներին բռնագրավված այս եկեղեցիները վերադարձվեն մեզ, որովհետեւ դրանք պատմականորեն վիրահայոց թեմի մաս են կազմում: Վրացական եկեղեցին իր հերթին հավակնություն է ցուցաբերում այս եկեղեցիների նկատմամբ, որովհետեւ ճարտարապետական ինչ-ինչ նմանություններ կան իրենց եկեղեցիների հետ»:

Վարդապետը նաեւ հայտնեց, որ վերջերս ծայրահեղ կերպար ունեցող վրաց մի հոգեւորական փորձել է վանդալիզմի միջոցով ապացուցել, որ իբր Նորաշենի հայկական եկեղեցին վրացական է. «Այս իրադարձությունը միակը չէ… 1995 թվին եւս վրացիները փորձում էին այս եկեղեցին վերցնել, օծել վրացական ծեսի համաձայն ու պատարագ մատուցել, սակայն այդ թվականին Մայր աթոռ սուրբ Էջմիածնից պատվիրակություն մեկնեց, որոնք էլ բանակցելով համաձայնության եկան՝ հարցը կասեցնել մինչեւ օրենսդրական դաշտը կարգավորվի: Խնդիրը բարձրացվեց նաեւ 2005 թվին ու կրկին Մայր աթոռ սուրբ Էջմիածնից պատվիրակություն մեկնեց: Այս անգամ մեր կեցվածքը շատ ավելի խիստ էր, որովհետեւ խոսքը գնում էր քաղաքի 10 տոկոս բնակչության հոգեւոր պահանջների մասին»: Վարդապետն անդրադարձավ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցուն. «Այն այժմ շինարարության մեջ է: Պատճառն այն է, որ վրացիներն իրենց մետրոն կառուցել են այդ եկեղեցու տակ, որի շարժումներից էլ մեր եկեղեցու պատերին ճաքեր էր առաջացել: Կան նաեւ հայկական եկեղեցիներ, որոնց պատկանող շինություններն ու տարածքը այժմ բնակեցված են: Պահանջում ենք, որ լուծվի մեր եկեղեցիների կարգավիճակի հարցը: Ուզեն թե ոչ, միեւնույն է՝ մի օր մեր եկեղեցիները վերադարձնելու են, մնում է՝ հարցին հնչեղություն տանք»:

Թ. Վարդանյանի ձեւակերպմամբ, վեց եկեղեցիների խնդիրն առավել քան հրատապ է. «Օրինակ՝ Նորաշենը, որը կառուցվել է 1467 թ., եւ թեեւ մշտապես պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն, սակայն վերջինիս վրացականացման պրոցեսը արագ թափով ընթացել է ԽՍՀՄ փլուզումից հետո: 1994-95թթ. ոչնչացվեց եկեղեցու խորանն ու վրաց ուղղափառ եկեղեցու կանոններով պատարագ մատուցվեց: Այնուհետեւ մեր եկեղեցու միջամտությամբ այն ժամանակավորապես կասեցվեց, բայց պրոցեսը այժմ կրկին շարունակվում է: Օրինակ՝ 2004թ. այնտեղ ինքս ականատես եղա վրացական տապանաքարերի ու վրաց եկեղեցուն բնորոշ իկոնաների»:

Ըստ Թ. Վարդանյանի. «Վրացիների կողմից Նորաշենի հանձնումը կստացվի պարտություն, հայերի կողմից վերցնելը՝ հաղթանակ: Ինչ վերաբերում է մեր իշխանություններին, ապա վերջիններս աշխատում են իրավիճակային մարտավարությամբ: Մենք չունենք գլոբալ ռազմավարություն՝ հարեւան երկրների հանդեպ: Մեր քաղաքական էլիտան լուրջ աշխատանքներ ունի իրականացնելու վրացական քաղաքական ու տեղի հոգեւոր էլիտայի հետ: Թիֆլիսահայ համայնքը կայացած չէ, թույլ, աղճատված, բզկտված վիճակում է: Թիֆլիսահայերը ոչ քաղաքականապես են ակտիվ, ոչ էլ կարողանում են իրենց ունեցածի համար պայքարել: Այնտեղ մեծ տարածում ունեն աղանդավորները, օրինակ՝ Եհովայի վկաները: Նշեմ, որ վրաց հոգեւորականները նույնիսկ սկսել են հակահայկականություն տարածել, ասում են, որ հայերը ոչ թե իսկական քրիստոնյաներ են, այլ հերետիկոսներ, սատանայապաշտներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել