Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմա էլ սողուններին են վտարում

Հունիս 11,2008 00:00

Մարաշցիները ապրում են՝ օձերով, կարիճներով, մորմերով, փոշով ու աղմուկով շրջապատված

Եղանակները տաքանալուն պես օձերը, կարիճներն ու մորմերը գրոհել են Նորք-Մարաշ համայնքի 17-րդ փողոցի բնակիչների բնակարանները: Բանն այն է, որ այդ սողուններին իրենց բներից տեղահան են արել, իսկ ավելի ճիշտ՝ հանուն սեփական բիզնեսի վտարել է 17-րդ փողոցի դեմ-դիմաց գործող քարի հանքի սեփականատերը: Քանի որ հանքը մեծ թափով շահագործվում է եւ փորման աշխատանքներ են ընթանում՝ սողունների բները քանդվում են, նրանք ստիպված նոր բնակավայր են փնտրում՝ պատսպարվելով հանքի հարեւանությամբ գտնվող տներում, նկուղներում: Այս օրերին մարաշցիները խուճապի մեջ են: Նրանց պատմելով, լարված երեխաներին են հետեւում, քանի որ ամեն քայլափոխի սողուններ են վխտում: Բացի այդ, մարդիկ գիշերները նույնպես անհանգիստ են լինում, եթե ցերեկը կարողանում են մի կերպ հսկել, ապա գիշերը դա գրեթե անհնար է: Նրանց խոսքերով՝ երեխաներին անգամ չեն թողնում բակում խաղալ: Կարինե Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 2 օր առաջ իրենց տան բակում մեծ օձ է տեսել. «Այդքանից հետո երեխաներիս ինչպե՞ս թողնեմ բակ դուրս գան: Իբրեւ թե սեփական տանն ենք ապրում, բայց տեղ չունենք տնից դուրս գալու: Տան դռները էս շոգին փակ ենք պահում, որ հանկարծ սողունները տուն չմտնեն եւ մեզ վնաս չտան: Ուշադիր հետեւում ենք, որ երեխաները միամիտ ձեռք չտան եւ իրենց վնասեն: Մեկ-մեկ եղել են սողուններ, բայց վերջին 2 տարվա ընթացքում ահավոր շատացել են»:

Սեդա Առաքելյանն էլ պատմեց, որ հողամաս մտնելուց առաջ ամեն անգամ գոռգոռում է, որ օձերը փախչեն. «Մորմերը մշտական են, կարիճներ էլ ենք հաճախ տեսնում: Օձերից էլ սկսել ենք չվախենալ, սպանում ենք: Մենք արդեն ընտելացել ենք, բայց մեր հարազատներին վախենում ենք հյուր կանչել, բա որ մի բան պատահի»:

Նորք-Մարաշի 17-րդ փողոցի բնակիչներն արդեն 12 տարի ապրում են փոշու ու քարերի մեջ: Քարի հանքը, կենդանիներին վնաս տալուց բացի, նաեւ հարեւանությամբ ապրող մարդկանց է անհարմարություններ պատճառում: Հանքն օգտագործող «Գյուղշինսպասարկում» ընկերությունը անպետք քարերը հանում է ու ուղղակի նետում կանաչ տարածքների վրա: Արտահանած քարերի մշակման պատճառով էլ ողջ օրն աղմուկ է լինում՝ «ամբողջ օրը ներվեր սղոցող ձայներ ենք լսում»,- դժգոհեցին բնակիչները: Նկատենք, որ դեռեւս 1940-ականներից այս տարածքն անտառապատ է եղել, որի մի մասը, սակայն, մութ ու ցուրտ տարիներին իսպառ վերացել է: «Հիմա էլ այս քարհանքի պատճառով է մեր անտառն ավերվում: Այն ժամանակ հանքը մեծ տարածք չէր զբաղեցնում, աչքներիս չէր երեւում, բայց հիմա այնքան է մեծացրել, իրեն թույլ տրված տարածքի սահմաններից դուրս է եկել: Ինչքան բողոքում ենք՝ բանի տեղ չի դնում: Ասում ենք գոնե այդ անպետք քարերը բնակելի տարածքի մոտ մի նետի, այլ սարի այն կողմը գցի, կամ որպես աղբ հանի տարածքից: Էդ աղմուկն էլ ուղղակի անտանելի է: Քարերը տանող-բերող մեքենաների փոշուն ու աղմուկին մի կերպ վարժվել էինք, բայց այդ դռդռոցներին ու քարի մշակման հաստոցների ձայնին դիմանալ չի լինում: Գոնե փոշու վերացման համար մի քիչ ավելի ջուր օգտագործեն»,- վրդովված պատմեցին մարաշցիները: Նրանք ասում էին, որ մնում է միայն իրենց տները վաճառեն ու գնան ավելի հանգիստ տեղ ապրելու. «Մեզ հարցնում են՝ իսկ ինչո՞ւ ձեր տարածքում հողի գինը չի աճում, ո՞նց աճի, երբ մեր կանաչ տարածքները, որոնք ամբողջ Երեւանի թթվածինը կարող են ապահովել, կրճատվում են»:

Բնակիչներն այս դժգոհություններով դեռեւս 2001-ին դիմել էին կառավարություն, որտեղից իրենց դիմումը ուղարկվել է բնապահպանության նախարարություն: Այստեղից բնակիչներին պատասխանել են, որ «Գյուղշինսպասարկում» ընկերությունն ունի լեռնահատկացման թույլտվություն: Այժմ էլ բնապահպանության նախարարության տեսչական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարզպետունի Քամալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք պետք է ստուգումներ իրականացնեն եւ այս ամսվա վերջին նոր միայն կկարողանան հստակ պարզաբանումներ տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել