Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ» ԲԻԶՆԵՍ

Հունիս 11,2008 00:00

\"\"Օգտագործված հագուստի բիզնեսը ստվերո՞ւմ է

Մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ ջանք ու եռանդ չեն խնայելու մեր տնտեսությունում առկա ստվերի դեմ պայքարելու համար, հանրապետությունում մի բիզնես է ծաղկում, որի մի մասը գործում է ստվերում եւ հսկայական եկամուտներ է ապահովում որոշ մարդկանց համար: Խոսքը որոշ բարեգործական ընկերությունների մասին է, որոնք բարեգործության անվան տակ հանրապետություն են ներկրում եվրոպական օգտագործված հագուստ եւ իրացնում այսօր մայրաքաղաքում ամեն քայլափոխի հանդիպող, այսպես ասած, «Second Hand» խանութներում: Իրականում այդ բարեգործական հագուստների չնչին տոկոսն է բուն հասցեատերերին հասնում, մնացածը, մեր տեղեկություններով, վաճառվում է խանութներում: Տոննաներով «բարեգործական» հագուստը հանրապետություն մտնելուն պես տեղավորվում է պահեստներում, որից հետո, ըստ մաշվածության աստիճանի, առանձնացվում է: Ընդ որում, առավել անպիտան հագուստներն են բաժանվում սոցիալապես անապահովներին, մանկատներին ու ծերանոցներին, իսկ քիչ թե շատ պահպանված ապրանքները միանգամից խանութներ են առաքվում:

Նշենք, որ հանրապետություն ներկրվող հումանիտար բեռներն ազատված են մաքսավճարից եւ ավելացված արժեքի հարկից: Թերեւս եվրոպական օգտագործված հագուստի բիզնեսով զբաղվող գործարարներին հենց այդ էլ գայթակղում է: Հակառակ դեպքում նրանք հսկայական մաքսեր չէին վճարի, որպեսզի բիզնեսի նպատակով օգտագործված հագուստ ներկրեին եւ չնչին գումարներով վաճառեին:

Եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքի գրեթե բոլոր համայնքներում եվրոպական օգտագործված հագուստի տասնյակ խանութներ են գործում, կարելի է ասել, որ այդ բիզնեսը բավականին շահավետ է:

Այդ խանութներում հագուստ կարելի է ձեռք բերել 500-5000 դրամով: Կան խանութներ, որտեղ հագուստները վաճառվում են նույնիսկ կիլոգրամով՝ 1կգ-ը՝ 5000 դրամ: Ընդ որում, պարտադիր չէ գնել 1 կիլոգրամ: Հագուստը կշռում են եւ որքան գրամ կազմում է՝ այդքան էլ վճարում են: «Առավոտը» եղավ մի քանի «Second Hand» խանութներում: Աշխատակիցները մեզ հետ զրույցում ամեն կերպ փորձում էին համոզել, որ իրենց ապրանքը օրինական ճանապարհով է հանրապետություն մտնում: Մեր հարցերին ի պատասխան՝ վաճառողներն ասացին. «Ձեզ համար մեկ չէ՞, ինչ ճանապարհով է բերվել, էժան ու որակով հագուստ է, էլի, առեք՝ հագեք»:

«Եվրոպական հագուստ» խանութների ցանցից էլ վստահեցրին, որ իրենք Եվրոպայի քաղաքներում հատուկ պատվիրում են, որպեսզի որոշակի ժամանակահատվածում հավաքվի, ինչից հետո էլ իրենք ներմուծեն: Երբ ներկայացանք գնորդ եւ հետաքրքրվեցինք, թե մենք կոնկրետ որտեղի՞ց կարող ենք մեծ քանակությամբ ապրանք ձեռք բերել՝ վերավաճառելու նպատակով, խանութների աշխատակիցներն իրենց բիզնեսի գաղտնիքները չբացեցին, պատճառաբանելով, որ իրենք այդ քաղաքներում «մարդ ունեն», ում միջոցով էլ պատվեր են տալիս ու ապրանքը ստանում:

Մեր այցելած որոշ խանութներում կային նաեւ չօգտագործված՝ պիտակները վրան հագուստներ, որոնք համեմատաբար թանկ էին: Ուստի չի բացառվում, որ «բարեգործականի» անվան տակ նաեւ նոր հագուստ է ներկրվում եւ վաճառվում ֆիրմային խանութներում:

Բացի այն, որ «բարեգործական» ապրանքները որոշ մարդկանց գրպանն են հարստացնում, այդ հագուստները, մեղմ ասած, հակահիգիենիկ են: Մեզ հետ զրույցում խանութների աշխատակիցները վստահեցնում էին, որ հագուստներն անվտանգ են, քանի որ մինչ Հայաստան գալը հատուկ գործարանում ախտահանվում են: Սակայն այդ հագուստների տեսքից եւ մաքրությունից հակառակ կարծիք է ստեղծվում: Նկատենք, որ այդ խանութում վարտիքների, շրջազգեստների, բաճկոնների եւ տաբատների հետ վաճառվում են նաեւ մանկական հագուստ, կիսավարտիքներ, անգամ կանացի եւ տղամարդու ներքնազգեստ, որոնց տեսքից կարելի է դատել, որ եվրոպացիները իրենց վրայից հանել-ուղարկել են: Մեր հարցին, թե օգտագործված ներքնազգեստներ գնողնե՞ր էլ կան, խանութներից մեկի աշխատակիցն ասաց, որ նոր ստացած ապրանքի մեջ լինում է, այսպես ասած, թարմ, քիչ հագածները, եւ իրենց հիմնական հաճախորդները դրանք էլ են գնում: Իրենց ապրանքի անվտանգությունը երաշխավորելու համար աշխատակիցները վկայակոչեցին խանութում բուրող տարօրինակ հոտը. «Այս հոտը հենց այն նյութի հոտն է, որով ախտահանում են, ընդ որում՝ նաեւ մաքսատանն են ախտահանում»:

Մեր երկրում բարեգործությամբ զբաղվող 20-ից ավելի ընկերություններ կան, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ են ապրանքներն առանց մաքսազերծման ներմուծում:

Այս առնչությամբ, ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի փոխնախագահ Սուրիկ Հայրապետյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ամեն սովորական կազմակերպություն չի կարող մեր որոշումը ստանալ: Մինչ որոշումը՝ այդ կազմակերպությունը մի շարք գերատեսչությունների կողմից ստուգվում է: Դա բավականին դժվար գործընթաց է»:

Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ընկերություններ բարեգործական ճանապարհով ներմուծած ապրանքի մեծ մասը «լեւի» վաճառում են, Ս. Հայրապետյանը վստահեցրեց, որ որոշ ասեկոսեներ իրենք էլ են լսել, սակայն առանց կոնկրետ փաստերի չեն կարող գործը քննել. «Այդ բարեգործական ընկերությունները հաշվետվություն են ներկայացնում, բայց քանի որ նրանք ծրագրերից դուրս նաեւ, ասենք, սոցվճար կամ որոշները նույնիսկ շահութահարկ են վճարում, նրանց ստուգում են Հարկային պետական ծառայության աշխատակիցները, ինչպես որ սովորական խանութներն ու, ասենք, ցանկացած ՍՊԸ հարկային ստուգում է անցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել