Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հունիս 11,2008 00:00

Երեկ ձերբակալվել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, նախկին պատգամավոր, Հեռուստապետկոմի նախկին ղեկավար, Գեղարքունիքի մարզում Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի լիազոր-պատասխանատու Սամվել Գեւորգյանը: Գլխավոր դատախազության մամուլի խոսնակի փոխանցմամբ, մարտի 10-ից հետախուզման մեջ գտնվող Գեւորգյանը երեկ հայտնաբերվել է Երեւանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից, կալանավորվել եւ տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Ս. Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրօրի 149 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, հետախուզվում էր «ընտրական հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտելու» համար: Նրա դեմ Մարտունու քննչական բաժանմունքում քրեական գործ էր հարուցվել փետրվարի 22-ին, իբր, 22/37 ընտրական տեղամասի աշխատանքները խոչընդոտելու առիթով: Գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում: Պարոն Գեւորգյանի փաստաբան Զարուհի Բուդաղյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր պաշտպանյալը հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Իսկ Ս. Գեւորգյանի կինը՝ տիկին Ազատուհին, ով «Առավոտի» հետ զրույցի ընթացքում գտնվում էր Հյուսիսային պողոտայում, ասաց, որ ինքն այժմ ոգով ավելի ամուր է, եւ որ ավելի բարձր է բղավում «Ազատ, անկախ Հայաստան», քան նախորդ օրերին: Տիկին Ազատուհին պատմեց, որ ամուսինն ընդամենը մեկ օրով էր տուն եկել՝ մարտի 1-ի դեպքերից հետո Սամվել Գեւորգյանը ընդհատակում էր: Մեկ-երկու ժամ անց նրանց դուռը թակել էին ոստիկանության ներկայացուցիչները: Կինը չի ցանկացել դուռը բացել, բայց Ս. Գեւորգյանը պնդել է: «Այս անգամ իրենց քաղաքավարի պահեցին»,- ասում է մեր զրուցակիցը` հիշեցնելով, որ խուզարկությունների ժամանակ համակարգչի հետ առգրավել էին 1-ին նախագահի ելույթների սկավառակները, տակնուվրա էր արվել բնակարանը, որոշ իրեր կոտրվել էին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել