«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հնարավորություն ենք տվել ինքնուրույն աշխատել հայկական կողմի հետ»: Ըստ «Մեդիամաքսի», այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Վերջինս նշել է նաեւ, որ «ներկայումս աշխատանք է տարվում հակամարտության կարգավորման մադրիդյան առաջարկությունների այն մասերով, որոնք մինչ այժմ չեն համաձայնեցվել»: Հենց այդ՝ չհամաձայնեցված դրույթներն էլ, Մամեդյարովի խոսքերով, պետք է դառնան հայկական կողմի հետ «ինքնուրույն աշխատանքի» առարկա: Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների վերջին՝ սանկտպետերբուրգյան հանդիպման մասին, նախարարը նշել է, որ այն առավելապես ճանաչողական բնույթ էր կրում: «Մենք միմյանց ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու որոշել ենք ժամանակ տալ համանախագահներին, որ գտնեն նոր մոտեցումներ կողմերի տեսակետների մերձեցման համար»,- ասել է Մամեդյարովը:
«Արմինֆոյի» փոխանցմամբ, նախօրեին նույն հարցին է անդրադարձել նաեւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Տեղի լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ ղեկավարի հետ Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման նպատակը սեփական սկզբունքային դիրքորոշման հաստատումն է եղել, այն է՝ օկուպացված տարածքները պետք է ազատվեն, փախստականները վերադառնան իրենց բնակության վայրերը, իսկ ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի՝ հաշվի առնելով վերջինիս՝ Ադրբեջանի կազմում գտնվելը»: Փոխնախարարը, այնուամենայնիվ, նկատել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումը շատ կարեւոր էր, քանի որ այդ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահը կարողացել է իր համար ճշտել որոշ չպարզված հարցեր: «Մյուս կողմից, հակառակորդ կողմը չպետք է առիթ ունենա մտածելու, թե բանակցությունները կարելի է անվերջ ձգձգել: Այդ դեպքում Բաքուն բոլոր մակարդակներով ու ձեւաչափերով ակտիվ աշխատանք կտանի՝ Հայաստանին մերկացնելու համար»,- սպառնացել է Ազիմովը:
Երեկ հայտնի է դարձել նաեւ, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Ստաբբը Հելսինկիում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ եւ նրանց հետ քննարկել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Միջնորդները Ստաբբին տեղեկացրել են կարգավորման ներկա փուլի, մասնավորապես՝ հունիսի 6-ին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքների մասին: Ալեքսանդր Ստաբբն իր լիակատար աջակցությունն է հայտնել համանախագահների աշխատանքին՝ նշելով. «ԵԱՀԿ կառույցի միջոցով հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է կազմակերպությունում Ֆինլանդիայի նախագահության ժամանակաշրջանում: Այդ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»:
Այդուհանդերձ, ադրբեջանական կողմը, դատելով Մամեդյարովի եւ Ազիմովի վերը բերված գնահատականներից, այնքան էլ չի կիսում Ստաբբի լավատեսությունը: