Այսպիսին է, ըստ մարքսիստ Դավիթ Հակոբյանի՝ հասարակական պալատի ապագա կազմը
«Պատեհապաշտ, իշխանամետ մտավորական էլիտան, որը գործում է «փոխվում են ժամանակները՝ փոխվում են տերերը» սկզբունքով, պարզվում է, շատ թյուր ըմբռնում ունի «ընդդիմություն» հասկացության մասին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Ինքը՝ պարոն Հակոբյանը, դա հասկացել է նախորդ օրը Սոս Սարգսյանի ելույթից՝ «թագավորական աուդիցիայի ժամանակ»: Խոսքը նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի մտավորական ու քաղաքական «էլիտայի» հանդիպման մասին է, որտեղ քննարկվել է հասարակական պալատ ստեղծելու գաղափարը: Սոս Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ այսպես էր արտահայտվել՝ «Ընդդիմությո՜ւն է, ինչ զրթ ու զիբիլ է, ուզում է պետությունը քանդե՞լ»: «Գիտակրթական ցենզի պակաս կարող ենք ունենալ բոլորս, բայց թուրքերենով սեփական ժողովրդին թափթփուկ անվանելը անվայել եւ անհարիր էր մեծ դերասանին»,- ասում է Դավիթ Հակոբյանը եւ հատուկ նման մտածելակերպի մարդկանց համար հիշեցնում «ընդդիմություն» կատեգորիայի կառուցվածքային բանաձեւը. «Ընդդիմությունը հավասար է. ներկա իշխանական վարչախմբի նկատմամբ ըմբոստ, անհանդուրժող, չհպատակվող, անհնազանդ, տգետ ու հանցագործ սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով կենսաբանական ոչնչացման՝ անաբիոզի եզրին կանգնած ժողովրդական զանգվածները՝ գումարած այդ ժողովրդական զանգվածները գաղափարապես սպասարկող ու սնուցող գաղափարական սպասավորները (առաջնորդները): Անհնազանդ ժողովուրդն առանց գաղափարների, գաղափարական վարդապետների վերածվում է խառնամբոխի, իսկ նրանց առկայությամբ՝ դառնում կուռ, մոնոլիտ եւ քաղաքական արժանապատվության համար մարտնչող ժողովուրդ: Ուստի, հայհոյել ընդդիմությանը՝ կնշանակի հայհոյել սեփական ժողովրդին, այն էլ՝ ընչազուրկ, բնաջնջման եզրին կանգնած ժողովրդին»: Իսկ ինչի՞ հետեւանք էր այդ հայհոյանքը՝ հարցին մարքսիստը պատասխանում է նույն թուրքերենով եւ մասնագիտական մեկնաբանությամբ. «Սայն-սայնադը ութանասունից է: Խոսքը վերաբերում է մարազմատիկ փսիխոզին, որն առաջ է գալիս տարիքի հետ»: Հասարակական պալատի գաղափարին մարքսիստի վերաբերմունքն այսպիսին է. «Մինչեւ հիմա գլուխս չի մտնում Մարքսի այն դրույթը, թե «կոմունիստական հասարակարգի կոմունիզմի ստադիայում պետությունը մեռնում է եւ այն փոխարինվում է հասարակական ինքնավարությամբ»: Երեւում է, նախկին կոմսոմոլ եւ կոմունիստ Ազատիչին Մարքսի այդ ուտոպիական դրույթը ոչ միայն հոգեհարազատ է մնացել, այլեւ իրագործելի է թվում հայ հասարակության ներկա փուլում: Բրա՜վո: «Ռադիկալ մարքսիստ»՝ հանրապետականից»: Իսկ հասարակական պալատի կազմի մասին ասում է. «Կծղած, խամրած, անհոտ ու անհամ կազմին՝ Վահրամ Փափազյանի ասած՝ «ինչքան նախկինում մեծ էին ու երեւելի, այսօր, միեւնույն է՝ «էին», ոչինչ ավելին»: