Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՑԻ ԷԻՆ ԹԵ՛ ՄԱՐՏԻ 17-ԻՆ, ԹԵ՛ ՀԻՄԱ

Հունիս 11,2008 00:00

\"\"Իշխանությունը «շտկում է» իր՝ արտակարգ իրավիճակում ընդունած օրենքը, բայց պահպանում է հանրահավաքներն արգելելու իրավունքը:

«Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքի երկրորդ ընթերցմամբ անցկացվող քննարկումները երեկ ընթանում էին գրեթե դատարկ դահլիճում՝ ԱԺ նախագահի, հատուկենտ պատգամավորների եւ «Ժառանգության» ներկայությամբ: Տիգրան Թորոսյանն այդ մի քանի հոգուն բացատրում էր, թե որքան կարեւոր է, որ այս օրինագիծը փոխվի այնպես, ինչպես որ ինքն է ներկայացրել: Ըստ նրա՝ խնդիրը օրենքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է: Ըստ ԱԺ նախագահի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների առաջարկությունները տարբերվում են այն մոտեցումից, որը որդեգրվել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳԻ փորձագետների հետ աշխատանքի ընթացքում:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հարակից զեկույցում նշեց, որ օրենքը կարելի էր շատ ավելի լավ տեսքի բերել, բայց կար հրատապ խնդիր՝ շտկել մարտի 17-ին կատարված փոփոխությունները, որդեգրել եվրոպական երկրներում ընդունված՝ մարդու իրավունքների պաշտպանության չափանիշները: Նրա համոզմամբ՝ օրենքի նախագիծն այս տեսքով բավարարում է այս պահանջները: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, թե մարտի 17-ին, երբ գործող օրենքը փոփոխվում էր, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռաֆիկ Պետրոսյանը ինչպիսի ոգեւորությամբ էր հայտարարում, որ առաջարկվող փոփոխությունները լրիվ համապատասխանում են միջազգային չափանիշներին: Տիկին Ալավերդյանը անդրադառնալով օրինագծի այն դրույթին, ըստ որի՝ հանրահավաքները կարող են արգելվել ոստիկանության ու ԱԱԾ եզրակացության հիման վրա, ասաց, որ դրանով վերջիններիս օրենքը չարաշահելու լայն հնարավորություն է տրվում:

Մինչ այդ Տիգրան Թորոսյանը հայտարարել էր, որ հանրահավաք կազմակերպողը, ըստ փոփոխությունների, կարող է դատական կարգով բողոքարկել լիազոր մարմնի՝ հանրահավաքն արգելելու որոշումը, ինչպես նաեւ այդ արգելման համար հիմք հանդիսացող այն եզրակացությունը, որը տալիս են ոստիկանությունն ու ԱԱԾ-ն: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «մարտի 1»-ի պատճառները եւ հետեւանքները վերացնելու փոխարեն՝ մեծամասնությունը սահմանափակում եւ խթանում է այն բացասական գործընթացները, որոնք տեղի են ունեցել մարտի 1-ին. «Ի՞նչ է, այս օրինագծի ընդունմամբ մենք «մարտի 1»-ի խնդիրները լուծելո՞ւ ենք, իհարկե՝ ոչ: «Մարտի 1»-ը պատճառներ ուներ, եւ դա հաստատ ժողովների մասին օրենքը չէր, պատճառներն այլ էին: Առաջարկվում է, որ մեր խնդիրները դատարաններում լուծենք, բայց, հարգելիներս, դատարանները խնդիրներ լուծելու լավ տեղ չեն, մանավանդ՝ նույն 1609 բանաձեւում գրված է, որ Հայաստանում դատարաններն այդպես էլ անկախ չդարձան եւ կախված են գործադիր իշխանությունից»:

Արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ քննարկվում էր օրենքը, որոշ պատգամավորներ, հիմնականում դաշնակցականները, հայտարարում էին, որ դեմ են մարդու իրավունքները սահմանափակող օրենքի ընդունմանը, բայց կողմ են քվեարկելու, որովհետեւ, ըստ նրանց, այդ պահին դա էր ճիշտը: Դրա համար երեկ, ըստ էության, զղջաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը. «Մարտի 17-ին մենք կատարեցինք ակնհայտ հետքայլ՝ երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման իմաստով, եւ դա լուրջ հետքայլ էր: Գուցե, եթե մենք այն չկատարեինք, 1609 բանաձեւն ավելի մեղմ լիներ Հայաստանի նկատմամբ: Հասկանալի է, որ այդ հետքայլը մենք կատարել ենք պարտադրված լինելով, պարտադրեցին մեզ դա: Այստեղ նույնիսկ պատգամավորներ կային, որ ամբիոնից գոռում էին՝ էս ի՞նչ եք քննարկում, դուրսը սպանություն է կատարվում… այսպիսի լարված մթնոլորտ էր, բայց այդ հետքայլը մենք կատարեցինք»: Երեկ Լարիսա Ալավերդյանը նման կարծիք ունեցողներին հռետորական հարց ուղղեց. «Ի՞նչն էր ձեզ խանգարում այն ժամանակ դեմ քվեարկել այդ օրինագծին, այլ ոչ «դեմ ըլլալով՝ կողմ քվեարկել»: Տիկին Ալավերդյանն անհանգստացնող որակեց այն լիազորությունները, որոնք տրված են համապատասխան մարմիններին. «Կոնկրետ այն իրավունքը, ըստ որի՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության եզրակացության հիման վրա Երեւանի քաղաքապետը պետք է թույլատրի կամ արգելի հանրահավաքը, շարունակ բերելու է այդ նորմի չարաշահմանը: Բացատրեմ՝ արդեն գրեթե ապացուցված է, որ ԱԱԾ երկու աշխատողներ եկել էին Ազատության հրապարակ՝ սադրիչ գործողություններ կիրառելու նպատակով: Եթե մինչ այսօր չեն գտնվում նրանք, ովքեր կրակել եւ սպանել են, ըստ պաշտոնական տվյաների՝ 10 քաղաքացու, եւ վիրավորել են 200-ից ավելի մարդկանց, եւ մինչ այսօր չի գտնվում մեղավորը, հասարակությանը կասկածի մեջ է գցում, եւ հասարակությունը համոզված է, որ այդ գործողություններն անողները ոչ թե ցուցարարներ են, այլ բոլորովին այլ կողմի ներկայացուցիչներ: Ահա, այս կասկածների եւ անվստահության օրոք ենք մենք ընդունում այս օրենքը»:

Խորհրդարանական որեւէ խմբակցություն օրինագծի վերաբերյալ տեսակետ չուներ, անգամ ՀՀԿ-ն, որի փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը օրինագծի հեղինակն է: Դարձյալ միակ խոսքը «Ժառանգություն» խմբակցությանն էր, որը հնչեցրեց Վարդան Խաչատրյանը: Հիշեցնելով ֆրանսիական ճանապարհորդներից մեկի հիշողությունները ամերիկյան վայրի ցեղերի մասին՝ պատգամավորն այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Նա ասում էր՝ շատ եմ զարմացած Լուիզիանայի վայրենիներից, որոնք ցանկալի պտուղը պոկելու համար արմատից կտրում են ծառը, այսինքն՝ պետք է դադարեցնել, արգելել հանրահավաքները, որովհետեւ կարող են լինել ինչ-ինչ վտանգներ, որոնք ի զորու չէ չեզոքացնել պատկան մարմինների բազմությունը Հայաստանում: Ըստ էության, մենք գործ ունենք օրենքի հետ, որը եւս մեկ անգամ խոսում է ժողովրդի եւ իշխանության բացարձակ հակադրումից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել