Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջին նախագահի շտաբի պետի
տեղակալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 4-ին հատուկ քննչական ծառայություն ներկայանալու ծանուցագիր է փոխանցվել 2008-ի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի շտաբի պետի տեղակալ Բագրատ Անդրեասյանին: Այդ օրերին, սակայն, Բ. Անդրեասյանը մասնակցում էր ՀՀՇ կուսակցության գրասենյակի դիմաց կազմակերպված հացադուլին: Քննիչը բավարարել էր Բագրատ Անդրեասյանի շահերի պաշտպան Հարություն Բաղդասարյանի միջնորդությունը՝ հարցաքննությունը հետաձգելու: Բագրատ Անդրեասյանն՝ իբրեւ վկա, հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է նախորդ օրը: Հարցաքննությունը վերաբերել է փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին ու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած օրինախախտումներին: Սույն հարցաքննությունն, ըստ էության, «մարտի 1-ի» գործերի հետ կապ չունի, բայց քանի որ նույն քննչական ծառայությունն է քննությունը վարում՝ կամա, թե ակամա կապվում է դրա հետ: Այս գործով դեռ պետք է հարցաքննվեն հանձնաժողովի անդամները, շտաբի անդամները, սակայն Հարություն Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում նախորդ օրն արդեն իսկ կասկածներ ուներ, որ Բագրատ Անդրեասյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, քանի որ փորձը ցույց է տալիս, որ բոլոր մեղադրյալները հարցաքննվում են նախ իբրեւ վկա, ապա հընթացս հայտնվում են մեղադրյալի աթոռին: Իսկ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Բագրատ Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասով՝ ընտրությունների ժամանակ հանձնաժողովի աշխատանքներին խոչընդոտեըլ: Դատախազությունում «բարի կամք» են դրսեւորել եւ նկատի ունենալով մեղադրյալի առողջական վիճակը՝ նրա նկատմամբ կալանքը չի ընտրվել խափանման միջոց: Առայժմ բավարարվել են հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ: Նկատենք, որ Քրօրի վերոնշյալ հոդվածով նախատեսվում է 2-5 տարի ազատազրկում: Այս մի քանի ամիսների իր փորձից ելնելով՝ Հարություն Բաղդասարյանը հայտարարում է. «Փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրությունները «սկսում են վերեւ բարձրանալ»: Չեմ ուզում առաջ անցնել, բայց, ըստ էության, քննարկվում է այս տեսանկյունից՝ ովքե՞ր են խոչընդոտել ապօրինությունների իրականացմանը: Ստացվում է այնպես, որ եթե մարդու ձեռքը բռնել ես ապօրինություն կատարելիս, ոչինչ, դա այնքան էլ էական չէ, կարեւորն այն է, թե ինչո՞ւ ես ձեռքը բռնել եւ տվյալ անձը չի կարողացել հանգիստ իր ապօրինությունը կատարել»: Հ. Բաղդասարյանը նաեւ փաստում է, որ չնայած ակնհայտ բաներին, մեծ հաշվով անհնար է դառնում ճշմարտությունն ի հայտ բերել, քանի որ «հանձնաժողովի վեց անդամներից յոթը իշխանության ներկայացուցիչներն են՝ չհաշված մյուս վկաները, որ գալիս ու ասում են՝ էդպիսի բան չի եղել: Դե ապացուցեք, որ մենք ուղտ չենք»:
Ինքը՝ Բագրատ Անդրեասյանն ասաց, որ արդեն չորս ամիս է անցել եւ ինքը դժվարանում է վերհիշել կոնկրետ այն փաստը, ինչ առիթով իրեն հարցաքննել են եւ մեղադրանք առաջադրել. «Այդ օրը (փետրվարի 19-ին) գեհենի կրակների մեջ ենք եղել»: Նա ինչ-որ առումով զարմացած է, որ այդպես հապշտապ իրեն կանչեցին հարցաքննության, իսկ երեկ իր նկատմամբ արդեն մեղադրանք առաջադրվեց, քանի որ մինչ օրս պատկան մարմինները որեւէ կերպ որեւէ գործողություն իր նկատմամբ չեն կատարել: Սակայն այս ամենին քաղաքական գնահատականներ տալուց մեր զրուցակիցն առայժմ խուսափում է. «Ես չգիտեմ, իրենց պետք է հարցնել. ի՞նչ նպատակով են դա անում: Մենք կարող ենք կռահել կամ ենթադրել, բայց իրենք ավելի լավ գիտեն, թե ինչ նպատակ են հետապնդում»: Զուգահեռ անցկացնելով 1988 թվականի համազգային շարժման հետ, Բ. Անդրեասյանը հիշեցնում է, որ իր նկատմամբ 1989-ին էլ էր քրեական գործ հարուցված, որը քննում էր հատուկ կարեւորագույն քննչական վարչությունը. «Իմ դեմ էլի ցուցմունքներ կային. այդ ամենն արվում էր Մոսկվայից եկած դատախազների դրդմամբ, բայց այն ժամանակ մեր քննիչներն իմ դեմ գործ չհարուցեցին: Ես վկա ճանաչվեցի»: ԵԽԽՎ նստաշրջանին ընդառաջ՝ մեր զրուցակիցը չի կարողանում հասկանալ իշխանությունների գործողությունների տրամաբանությունը: Մինչ հանրությունն ակնկալում էր, որ իշխանությունների ռեպրեսիվ գործողություններն ընդդիմության նկատմամբ պետք է թուլանային՝ Եվրոպային ցույց տալու բան ունենալու համար, վերջին օրերի զարգացումները, հատկապես՝ Սերժ Սարգսյանի սանկտպետերբուրգյան հանդիպումներից հետո, հակառակն են ապացուցում: «Ես մտածում էի, որ ռեպրեսիաները, այնուամենայնիվ, պետք է դադարեցնեն: Ավելին, քաղբանտարկյալներին ազատեն եւ ինչ-որ կերպ ցույց տան, որ գոնե քայլեր անում են հասարակության հետ երկխոսություն սկսելու, համերաշխություն սերմանելու եւ հասկանալի մթնոլորտ ստեղծելու առումով: Բայց իշխանության քայլերն այդպիսիք չեմ կարող որակել»,- ասում է Բագրատ Անդրեասյանը: Մասնակցելո՞ւ եք ամսի 20-ի հանրահավաքին եւ ի՞նչ կոչ կանեք ժողովրդին՝ «Առավոտի» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե առողջությունս ների՝ անպայման կմասնակցեմ: Բայց կոչեր չեմ անում: Ես իմ խղճով եմ շարժվում. թող յուրաքանչյուրն իր խղճով շարժվի: Իմ ասելով կամ չասելով ժողովուրդը ոչինչ չի անի. եթե մարդու խիղճը թելադրում է որեւէ բան անել՝ թող անի»: