Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞ՒՄ ՀԵՏ ԵՐԿԽՈՍԵՄ»

Հունիս 10,2008 00:00

\"\"Աղասի Արշակյանի մենախոսությունը

«Առավոտի» գլխավոր խմբագիր պարոն Ա. Աբրահամյանին:

Հարգելի պարոն Աբրահամյան, սույն թվականի հունիսի 5-ին բարեբախտություն ունեցա մասնակցելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտնի արտահերթ հրապարակային զեկույցի հարցով խորհրդարանական լսումներին, ուր հանդես եկա համապատասխան հարցադրմամբ եւ ելույթով: ԶԼՄ-ների անդրադարձն ու արձագանքները, գոնե իմ ելույթի մասով, այնքան կամայական էին, որ անցած մի քանի օրերի ընթացքում ընկեր-ծանոթ-բարեկամներից (նաեւ չկամներից) հասցրել եմ բազմաթիվ դժգոհություններ ստանալ, ոմանց հետ՝ նաեւ վիճել: Տարընթերցման զոհ դարձած ինձ ճանաչողների վրդովմունքն ու զայրույթը մի քիչ մեղմելու, առաջացած բազմաթիվ հարցերին պատասխանելու լավագույն միջոցը կլիներ վերը նշված իմ խոսքի հրապարակումը: Ներկայացնում եմ ելույթիս վերծանված տարբերակը՝ կրճատումներով, եւ հայցում Ձեր աջակցությունն՝ այն հրապարակելու:

Հարգանքով՝ Աղասի Արշակյան

9.06.08

 

Հարգելի բարձր լսարան, մեծարգո նախագահողներ, այսօր, այստեղ գալով, տեսա հարազատ բազմաթիվ դեմքեր, խոստովանեմ՝ նաեւ ինձ համար տհաճ դեմքեր: Սակայն բարեկրթության կանոնները պահանջում էին, որ բոլորի՝ ինչպե՞ս ես, ո՞նց ես միանման հարցերին միանման էլ պատասխանեմ՝ «Էսպես էլ մնա՝ վատ է» կամ լոռեցի պապիկի օրինակով՝ «մենակ ինձանով ի՞նչ կլինի»:

Հիմա ուզում եմ այս ողջ լսարանին հարցնել՝ դուք լա՞վ եք, ուզում է լինեք բարձր պաշտոնյա կամ ինձ նման գործազուրկ, կամ էլ թե հանկարծակի հարստացած օլիգարխ, բայց, միեւնույն ժամանակ՝ կարգին մարդ եք, կարո՞ղ եք ասել, որ լավ եք: Իհարկե, լավ չեք: Ո՞նց կարող է կարգին մարդ լինեք, խիղճ ունենաք ու հետն էլ լավ լինեք՝ էս աղճատվածության, էս տոտալ անվստահության ժամանակներում: Մարդկանց պայքարելու միակ զենքը թողել ենք անեծքն ու ատելությունը…

Հիմա գործի մասին: Ոչ մի զեկույց, ոչ մի քննություն կամ դատավարական խեղկատակություններ, որոնց համարյա ամեն օր ենք հանդիպում, քանի դեռ անուն առ անուն, իսկական իրավական ճանապարհով չեն բացահայտվել ու հրապարակվել հայ զինվոր ու ոստիկան, նաեւ խաղաղ ցուցարար սպանած եւ նրանց սպանելու հրաման տված անձանց ու պաշտոնյաների անունները, հասարակական գիտակցության մեջ մնալու է մի բան՝ գործող իշխանությունը զինվորին եւ ոստիկանին մատաղ արեց՝ ցուցարարների վրա կրակելու պատրվակ ունենալու եւ դրանով իշխանությունը պահելու համար:

Ես էլ շատ դիտողություններ ու լրացումներ ունեմ ՄԻ պաշտպանի զեկույցի վերաբերյալ, բայց, միեւնույն ժամանակ, այսպիսի բուռն դիմադրության հանդիպած զեկույցը, կարծում եմ, մեր երկրի ժողովրդավարացման ճանապարհին առկա խավարը ճեղքելու հաջողված փորձ էր: Ու եթե գլխավոր դատախազն ու արդարադատության նախարարը էսպես սուր են արձագանքել, նշանակում է՝ մի քիչ «մրսել» են, եւ դա լավ է, նշանակում է՝ պաշտպանը ցավոտ տեղի է կպել: Ուրախությամբ նշեմ, որ ժամանակին, լինելով ԱԺ պատգամավոր ու հաշվիչ հանձնաժողովի անդամ եւ ընդդիմանալ այս թեկնածուին ամեն գնով ընտրված տեսնելու ոմանց ձգտումներին, ակամա նպաստել եմ ԱԺ-ի վերջին տարիներին ընտրած ամենալեգիտիմ պաշտոնյայի ընտրությանը: Բոլորովին էլ նրանց կարծիքին չեմ, թե Արմեն Հարությունյանը Ռոբերտ Քոչարյանի ամենավատ կադրային առաջադրումն է, ավելի շուտ՝ ընդհակառակը:

Այս լսումները չարչրկված երկխոսությունը խթանելու գործնական փորձերից են, բայց իմ ելույթն ավելի շուտ մենախոսություն կլինի, քանի որ մտածում եմ՝ երկխոսել ո՞ւմ հետ…

– Երկխոսե՞լ սերմացու գողացողների եւ տեղեկանք ծախողների հետ, նրանց հետ, ովքեր համ գող են, համ գող բռնող, թե՞ նրանց, ովքեր համ մաքսավոր են, համ մաքսանենգ: Երկխոսել երեկվա բռնացողների՞ հետ, ովքեր ընտրակեղծիքների դեմ բողոքողներիս խցերն էին լցնում ու մեր միսը ծամում, իսկ այսօր քաղբանտարկյալներ են՝ նույնպես ընտրակեղծիքների դեմ պայքարելու համար: Այսինքն, երկխոսել այն նույն կեղծարարների հետ, ովքեր արդարություն պահանջելու համար այսօր նստա՞ծ են, թե՞ այսօրվա կեղծարարների հետ, որ նստեցրել են իրենց երեկվա գործովներին:

Ո՞ւմ հետ երկխոսել, նրանց հետ, որ ամեն օր հուսադրող հայտարարություններ են անում ու ոչ մի հուսադրող քա՞յլ չեն անում, թե՞ նրանց հետ, ովքեր «քաղաքականությունը պոռնկություն է» հայտնի արտահայտությունն ուղղակի՞ են հասկանում ու երբեմն էլ գործը պոռնիկներին վստահում…

…Մարտի 1-ի դեպքերով հանձնաժողով եք ստեղծել: Խնդրում եմ՝ մի մարդու անուն տվեք, ով հավատում է էդ հանձնաժողովի նախագահին, մի մարդ կա՞, ո՞ւմ հետ երկխոսենք:

Է, ո՞նց երկխոսել նրա հետ, ով բառացի հայտարարում է՝ շատերի համար ցավալի փոփոխություններ են լինելու, իսկ երեք օր անց, թե՝ կադրային ջարդ չի լինելու: Ինչի՞ ես նման բան ասում, մի՞թե ձեր կողքին իրականությունից չկտրված մեկը չկա, որ հուշի երկրորդ արտահայտության անթույլատրելիության մասին: Գոնե լռի, չէ՞ որ նախորդ ասածի վերաբերյալ մարդկանց վիրավոր սրտերին բալզամ էր նստել, մտածում են՝ պետք է մի քիչ էլ սպասել. երեւի խելքի են եկել ու մի բան կփոխվի: Ավաղ, պարզվում է, նրա ամենավատ նախարարը Վարդան Խաչատրյանն էր, ով իրականում, եթե երկուսից վատն էր, տասներկուսից հաստատ լավն էր: Կամ Անդրանիկ Մանուկյանին (պետք է ենթադրել, որ վատն էր) փոխարինում ես անհայտ մեկով: Հայտնի վատին անհայտությունով կամ իրենից ոչինչ չներկայացնողով փոխարինելը առաջընթա՞ց է:

Երկխոսել նրանց հետ, ովքեր հետեւողականորեն այլասերելով հասարակության մի զգալի մասը, քեզ թողնում են ընտրության միայն մեկ հնարավորություն, ընտրություն վատի եւ վատթարագույնի կամ, ինչպես մեզանից մեկն էր ժամանակին դիպուկ նկատել՝ ընտրություն աթարի եւ թրիքի միջեւ: Առավել տխուր դուրս եկավ նրանց վիճակը, ովքեր ուշացումով իրենց համար պարզեցին, որ իրենք էլ ավելի վատ բանի հետ էին հույսեր կապել:

…Մի տարուց ավելի առողջությանդ հաշվին ապարդյուն լռում ես, սպասում, որ բան կփոխվի: Ստացվում է, որ եթե իրենց չես քծնում կամ ոմանց նման էլ քաղաքական գուսանությամբ նրանց գովքը չես անում, ուրեմն անկյուն պետք է քշվես: Շարունակեք հենվել գող-ավազակների, դավաճանների, քծնողների ու էդ կարգի մյուսների վրա կամ էլ Հայաստանից փախած սուտ մտավորականների վրա, ովքեր Նահանգներում հավաքված, «Հ1»-ի եթերից ժամերով մեզ խելք են սովորեցնում… Էդպես արեցիք, որ չեղած տեղից Տեր-Պետրոսյանին գելուգազան դարձրիք եւ հետո էլ պարզվեց, որ էնքան վատն եք, որ ժողովրդի մի զգալի հատվածը իր փրկությունը հենց Տեր-Պետրոսյանի հետ է կապում: Տեր-Պետրոսյանից դժգոհելու ամենամեծ պատճառը հենց ես ունեմ, բայց հարգելով բոլոր նրանց կարծիքը, ովքեր հենց նրա հետ են հույսեր կապում, ես Պետրոսյանի դեմ չեմ խոսում նախկինում գործած սխալներն ուղղելու շանսից նրան չզրկելու համար: Բայց էսօր Լեւոնից բողոքում են առավելապես նրանք, ովքեր հենց Լեւոնով են մարդ դարձել, նրա ձեռքի հացն են կերել…

…Ո՞նց երկխոսել մեր իրականությունում կադրային քաղաքականության հիմքը ցեղային ռասայականությունը դարձրած Քոչարյանի հետ, ով միեւնույն ժամանակ հաթաթա է տալիս, թե հայաստանցի-ղարաբաղցի տարբերություն դնողին պետք է քրեորեն հետապնդել ռասայական խտրականության համար՝ հատուկ օրենք ընդունելով:

Ո՞նց կարող է իմ 20-ամյա ուսանող որդին (ով հոր «անշրջահայության» պատճառով սեփական ուսման վարձը հայթայթելու համար շինարարության վրա ստիպված է բանվորություն անել) երկխոսել զուգահեռ հոսքերում «սովորող» մեկի հետ, ով ֆռֆռում է հանկարծակի հարստացած չտես հոր կողմից իր տակը դրած 100 հազար դոլարանոց «Ջիփով» ու, ստրիպտիզ-ակումբներում զվռնելուն զուգահեռ, ձեռքի հետ էլ սովորում է: Հե՞շտ է երկխոսել հավատի գողերի ու հայրենիք խլողների հետ:

…Սիրելի նախկին գործընկերներ Մյասնիկ եւ Սասուն, ես, իհարկե, դատապարտում եմ այն ամենը, ինչ անում են ձեր նկատմամբ երեկվա ձեր ընկերները, բայց ո՞նց մոռանամ նաեւ Երկրապահի ուժերով հրդեհելու համար պարկերով դաշտեր փոխադրված մրցակցի քվեաթերթիկները, որոնց մի մասը կիսաայրված վիճակում հովիվն էր փրկել իր պետքերի համար…

…96-ի նոյեմբերին ՍԴ-ում, որտեղ հայցվոր էի, աղաչում էի չընդունել հակաժողովրդական որոշում, քանի որ այդ որոշումը մեր ժողովրդից կողոպտելու էր ամենաթանկ բանը՝ հավատը վաղվա օրվա նկատմամբ, որ պատճառ էր դառնալու նոր՝ հարյուր-հազարավոր արտագաղթողների եւ որ առնվազն եւս 15-20 տարի Հայաստանում նորմալ ընտրություններ չէին լինելու: Չլսեցին: Ես ողբացի իմ ժողովրդի ճակատագիրը, ում նախագահը խլող էր, դատարանը՝ քցող, կառավարությունը՝ գրպանահատ, կաթողիկոսը՝ անհավատ: Բա՞ն է փոխվել, ինչո՞ւ ենք նույն ճանապարհով գնում…

Մենախոսությունս ավարտեցի, մնացեք բարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել