Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դպրոցը՝ Սարոյանի հոբելյանին

Հունիս 10,2008 00:00

\"\"Հրատարակվել է «Մարդկության տունը» խորագրով սարոյանական ժողովածու

Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի շրջանակներում Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցը հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ հրատարակելով «Մարդկության տունը» խորագրով գրողի պատմվածքների ժողովածուն: Այն կազմել եւ ծանոթագրել է թիվ 35 դպրոցի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Ասատուր Սարյանը: Գրքի խմբագիրներն են Արմեն Հովակիմյանն ու Գեւորգ Մադոյանը, նկարիչը՝ Մայիս Մարգարյանը: Գրքում զետեղված են Սարոյանի 1930-50-ականներին գրած այն պատմվածքները, որոնք նվիրված են դպրոցական կյանքին կամ որեւէ կերպ առնչվում են այդ թեմային: Ընդգրկված են նաեւ հատվածներ ինքնակենսագրական գրքերից, որոնցում Սարոյանը ներկայացրել է իր դպրոցական, որբանոցային տարիները:

«Առավոտի» հետ զրույցում տնօրենը փաստեց, որ դեռ դպրոցական տարիներից ինքն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Սարոյանի զանազան ժողովածուներում կան դպրոցական թեմաներով պատմվածքներ, ինքնակենսագրական ու այլ բնույթի գործերում՝ անդրադարձ այդ թեմային: Հետագայում Ա. Սարյանը հղացել է այդ ամենը մեկտեղելու գաղափարը: Ըստ նրա, այդպիսով մեկ գրքում կարդալով այդ պատմվածքները՝ աշակերտը ավելի ամբողջական պատկերացում կունենա Սարոյանի մանկության ու պատանեկության մասին, գուցեեւ զուգահեռներ կանցկացնի իր դպրոցական փորձառությունների հետ:

«Գիրքը հրատարակել ենք ինքնուրույն, այն սարոյանական կառավարական հանձնաժողովի հետ կապ չունի: Ես ավելի շատ ցույց եմ տվել այն՝ որպես դպրոցի աշխատանք, քանի որ կազմումը հիմնականում կատարվել է անգլերենի եւ հայերենի ուսուցիչների ուժերով, նկարազարդումից, շարվածքից սկսած, բացի բուն տպագրական պրոցեսը, ամեն ինչ տեղի է ունեցել մեր դպրոցում: Գիրքը բաղկացած է 3 բաժնից: Առաջին՝ «Ծիծաղ» բաժնում զետեղված են ամբողջությամբ դպրոցին վերաբերող գործերը, երկրորդ՝ «Մարդկության տունը» բաժնում ինքնակենսագրական պատմվածքներ են, ինքնակենսագրական եւ հուշագրական վեպերի՝ դպրոցին ու որբանոցին վերաբերող հատվածներ: «Կրակը» խորագիրը կրող երրորդ բաժնում ընդգրկված են Սարոյանի հանրաճանաչ այն պատմվածքները, որոնցում անդրադարձ կա դպրոցին ու կրթությանը: Մոտ երկու տասնյակի չափ նոր թարգմանություններ կան»,- նշեց դպրոցի տնօրենը:

Բաժիններում պատմվածքները եւ նյութերը դասավորելիս Ա. Սարյանը հիմք է ընդունել ժամանակագրական սկզբունքը՝ առաջնորդվելով Սարոյանի գրքերի առաջին հրատարակությունների լույսընծայման հերթականությամբ: Սարոյանի երկերի չորսհատորյակից (կազմ.՝ Ն. Գոնչար) եւ Հր. Մաթեւոսյանի կազմած ժողովածուից վերահրատարակվող գործերը թողնված են անփոփոխ: Մյուս պատմվածքները՝ թարգմանված գոգոլցիների կողմից, վերցված են Սարոյանի՝ ՆյուՅորքում եւ այլ քաղաքներում հրատարակված ժողովածուներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել