Դիմորդների ծնողները դժգոհ են, որ քննության նախաշեմին ԿԳ նախարարը փոխվել է
Հունիսի 7-ին, երբ դիմորդները միասնական քննություն էին հանձնում ռուսերենից, ԿԳ նորանշանակ նախարար Սպարտակ Սեյրանյանը, ի թիվս այլ քննական կենտրոնների, այցելեց նաեւ ԵՊՀ: ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում այդպիսի 13 կենտրոն էր ստեղծվել ռուսերենի քննության անցկացման համար, որին մասնակցեց 1438 դիմորդ: Իսկ արդեն երեկ պարզ դարձան հայոց լեզու եւ գրականություն առարկայի բոլոր բողոքարկումների արդյունքները: Լրագրողները Ս. Սեյրանյանին խնդրեցին նախարարի աչքով գնահատել քննությունների անցկացման ընթացքը: «Առայժմ որեւէ լուրջ խնդիր չեմ տեսնում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի, քննությունների անցողիկ միավորների շեմը պիտի որ իջնի, քանի որ ընդհանուր գնահատականների ծանրությունն «ընկած» է 12-15 միավորների շրջանակներում: Այս տարի աշխատելու են միջին միավորները»,- հավաստիացրեց նախարարը: Նաեւ փաստեց. «19» եւ «20» միավորներ շատ քիչ են գրանցվել, եւ դա համարում ենք բոլոր բարեփոխումների եւ թեստերի ներդրման արդյունք»:
Նախարարն իր մի դիտարկման ժամանակ էլ ակամայից խոստովանեց, որ ձեւաթղթերի ստուգման ժամանակ մարդկային գործոնի միջամտությունը լրիվ չի բացառվում. «Հիմնական բողոքները վերաբերում են տեխնիկական թերություններին, որտեղ մեքենան տարբեր նշումների պատճառով չի հասկացել ձեռագրերը: Դրանց ստուգումը ձեռքով ենք կատարում: Բողոքներ կան թիվ 160 դպրոցի քննական կենտրոնի հետ կապված: Բոլոր նրանք, ովքեր կբողոքեն ուշացման հետեւանքով գնահատականի ցածր լինելուց, թույլ կտանք վերահանձնել քննությունը: Սակայն հաշվի կառնենք միայն այն դահլիճի բողոքները, որտեղ կատարվել է ուշացումը»: Լրագրողները նախարարին հարցրին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ պատմության կենտրոնացված քննության կարգը փոխվելու է: «Այս շրջանում «ասում են», «լսել ենք», «ենթադրում ենք» տիպի խոսակցություններն անիմաստ են: Կգա ժամանակը, եւ կազմակերպիչները կասեն այն, ինչ պիտի ասվի»,- հնչեց պատասխանը: Իսկ ծնողների դժգոհությունների մասին, թե ռուսաց լեզվի ոչ թե մեկ, այլ մի քանի ուղեցույց կար, որտեղ նույն հարցի պատասխանները տարբերվում էին, նախարարը ասաց. «Եթե ստուգման ժամանակ տեսնենք, որ նույն հարցի տարբեր պատասխաններ կան, բոլոր պարագաներում խնդիրը լուծելու ենք հօգուտ դիմորդի»: Մյուս դժգոհությունը ժամը 8-ից մինչեւ 10-ը քննությանը սպասելն է եւ քննասենյակի աղմուկը: Այս առիթով էլ նախարարն ասաց. «Նկատել եմ, որ ծնողներն ավելի են հուզվում, քան դիմորդները: Ծնողներին խորհուրդ կտայի իրենց երեխաներից օրինակ վերցնել եւ չհուզվել: Իսկ աղմուկ ստեղծում են եւ երեխաները, եւ ծնողները: Եթե այնպիսի աննպաստ պայմաններ են եղել, որոնք օբյեկտիվորեն կարող էին ազդել քննության ընթացքի վրա, այդ դիմումները կքննարկենք եւ հօգուտ դիմորդի լուծում կտանք»: Իսկ քննությունների շեմին նախարարի փոփոխության մասին Ս. Սեյրանյանն ասաց. «Գոյություն ունի հստակ մշակված համակարգ եւ որեւէ փոփոխություն, այդ թվում նախարարի, չի կարող լուրջ ազդեցություն ունենալ քննությունների վրա»: «Առավոտի» տեղեկություններով, Ս. Սեյրանյանը ժամանակին Սերժ Սարգսյանի հետ աշխատել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում: Հետաքրքրվեցինք, թե այդ հանգամանքը լրացուցիչ վստահություն ներշնչո՞ւմ է նորանշանակ նախարարին: «Սերժ Սարգսյանը չի աշխատել եւ չի աշխատում այդ հիմնադրամում: Իսկ ես եղել եմ այդ հիմնադրամի փոխտնօրեն, հետո ծրագրերի գծով խորհրդական»,- պարզաբանեց Ս. Սեյրանյանը: Մեր մյուս հարցը Տիգրան Կարապետյանի այն հայտարարության մասին էր, թե ինքը ջերմ-ընկերական հարաբերությունների մեջ է Ս. Սեյրանյանի հետ: «Ես ընկերական հարաբերություններ ունեմ ՀՀ բոլոր լրատվամիջոցների բոլոր ղեկավարների հետ՝ այն պարզ պատճառով, որ 10 տարի ղեկավարել եմ լրատվամիջոց: Ձեր խմբագրի հետ էլ ջերմ հարաբերությունների մեջ եմ»,- ժպիտով հայտնեց Ս. Սեյրանյանը:
Երբ նախարարը դուրս եկավ ԵՊՀ քննական կենտրոնից, բակում մի քանի րոպե զրուցեց ծնողների հետ եւ խորհուրդ տվեց ոչ թե արեւի տակ սպասել, այլ գնալ պաղպաղակ ուտելու: Իսկ «Առավոտը» փոքրիկ հարցախույզ կատարեց նրանց շրջանում: «Լավ է, որ ներդրվել է այս համակարգը, քանի որ նախկինի լրացուցիչ սթրեսներից այժմ խուսափում ենք»,- նշեց ծնող Ալլա Հովհաննիսյանը: Ծնող Սոնա Շահինյանն էլ նկատեց. «Դրականի հետ մեկտեղ այժմ չկա կենդանի շփում, քննությունն էլ է ռոբոտացվել»: Մեկ այլ ծնող՝ Հովհաննես Մուրադյանն էլ նկատեց. «Նախարարներին ձեռնոցների պես փոխում են: Ճիշտ չէր այս շրջանում ԿԳ նախարար փոխելը: Ախր հնին սովորել էինք եւ լավ էլ գլուխ էր հանում իր պաշտոնից»: