Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում միաժամանակ տեղի ունեցավ «Մարտի 1-ի» գործով երկու դատավարություն:
Թե՛ ԵԿՄ անդամ Վարդգես Գասպարին, թե՛ Համլետ Աբրահամյանը մեղադրվում են Քրօրի 316 հոդվածի առաջին մասի՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը եւ դիմադրելը» հատկանիշներով:
Վ. Գասպարիի դատաքննության ժամանակ դատավոր Արշակ Պետրոսյանն արգելեց այլ մարդկանց տեսաձայնագրում անել, բացի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից: Դատարանում ցուցմունք տվեց մի քանի գործերով վկա Էդգար Պետրոսյանը: «Առավոտը» ոստիկան-վկայից հետաքրքրվեց, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն, որ մարտիմեկյան դեպքերի համար պաշտոնը բարձրացրել են, վկան պատասխանեց. «Այո, ես հիմա Երեւանի ոստիկանության Կենտրոնի բաժնի քննիչ եմ, բայց այդ հարցերով զբաղվել եմ դեռեւս 2007 թվականի դեկտեմբերից, երբ Արաբկիր համայնքի օպերլիազոր էի: Մարտի 1-ը դրա հետ կապ չունի»:
Հիմնական հարցերը Է. Պետրոսյանին տվեց Վ. Գասպարիին, որոնց վկան պատասխանում էր, թե չի հիշում կամ էլ՝ «օպերատիվ -գաղտնի հարցեր չի պատրաստվում հրապարակել»: Մաշտոց-Թումանյան փողոցների հատման կետում պարեկություն անող վկան Վ. Գասպարիին հանդիպել է 8:30-ի սահմաններում: Է. Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը զենք չի կրել, բայց իրենք Ազատության հրապարակ են գնացել տեղեկությամբ, որ խաղաղ ցուցարարները զինված են: Վ. Գասպարին հարցրեց. «Այդ դեպքում հնարավո՞ր է, որ անզեն ոստիկանը գնա զինված քաղաքացիներին բռնելու»: Վկան պատասխանեց՝ այո: Դահլիճից հնչեցին դժգոհության արձագանքներ: Վ. Գասպարին նկատեց. «Բարոյականությունը մեր պայքարի հիմնական մասն է, խնդրում եմ չխանգարել»:
Համլետ Աբրահամյանի դեմ ցուցմունքներ տվեցին ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերլիազորներ Հայկ Միքայելյանը եւ Ալեն Կարապետյանը: Վերջիններս հայտնեցին, որ Հ. Աբրահամյանն իրենց չի խփել, չի ընդդիմացել: Ընդամենը նկատել են, թե ինչպես է մարտի 1-ի վաղ առավոտյան՝ մթնշաղում, ամբաստանյալն աչքի ընկել. «խաղաղ» նպատակներով Ազատության հրապարակ եկած ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ժողովրդին խրախուսել է՝ չհեռանալ, չի հնազանդվել մյուս ոստիկաններին, հարվածել է ձեռքերով, բայց ձեռքին որեւէ իր չի եղել, ուստի՝ «կողքից» բռնել են: Մեղադրող Հովսեփ Սարգսյանի հարցին ի պատասխան, վկա Հ. Միքայելյանը չէր հիշում՝ ինքը Օպերայի տարածք է հայտնվել խուզարկությա՞ն, թե՞ զննության համար: Պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ իրավունքների խախտման հետ կապված հարցերին վկան պատասխանեց. «Բերման ենթարկելու արձանագրությունը կազմել ենք 5 ժամ հետո, բայց գիտենք, որ 3 ժամից ավելի պահելու իրավունք չունենք: Մենք Համլետին երբ տարանք Կենտրոնի բաժին, անմիջապես վերադարձել ենք ծառայության: Օրվա իրավիճակից էր կապված արձանագրության ուշ կազմումը»: Տեղեկացնենք նաեւ, որ երկու վկաներն էլ չեն ճանաչում այն ոստիկանին, որին, ինչպես ներկայացրին, հարվածել է Հ. Աբրահամյանը: Ներկաներից մեկը հանդիմանեց. «Երիտասարդ ընտանիք եք քայքայում: Նույնիսկ ծնված երեխուն չի տեսել»: