Ծերերն ինտերնատում իրար հարազատի նման են վերաբերվում՝ ուրախանում ու տխրում են միասին, ոմանք էլ ամուսնանում ու այստեղ նոր կյանք են սկսում:
Մայրաքաղաքի թիվ 1 տուն-ինտերնատում մոտ 300 տարեց մարդ է ապրում: Նրանցից շատերը ծերանոցում են հայտնվել հարազատներ չունենալու, իսկ ոմանք էլ՝ մտերիմներից ու անգամ հարազատ երեխաներից լքված լինելու պատճառով: Որքան էլ ինտերնատում նրանց մասին հոգ են տանում, տարեցները մեզ հետ զրույցում պատմում էին, որ անընդհատ իրենց մենակ ու անօգնական են զգում: Ծերերից ոմանք էլ դժգոհում էին, որ իրենց երեխաները նույնիսկ ամիսներով այցի չեն գալիս: Տարիներ շարունակ կողք կողքի ապրելով՝ տարեցներն իրար հարազատի նման են վերաբերվում, միասին ուրախանում են՝ երբ իրենցից մեկին այցելության են գալիս եւ տխրում են, երբ մեկը հիվանդանում ու նեղված է լինում:
Հասմիկ տատը 71 տարեկան է: Տուն-ինտերնատում նա ամուսնացել է, իր իսկ խոսքերով՝ գտել իր երկրորդ կեսին, որ կյանքի մնացած օրերը անիմաստ ու ձանձրալի չանցնեն: Մեր այցելության պահին տիկին Հասմիկը մենակ ու անօգնական պառկած էր թիվ 7 սենյակում: Տեսնելով, որ մենք իրեն ենք մոտենում, նա ուրախությամբ վեր թռավ անկողնուց՝ կարծելով, թե այցելության եկած հարազատներից մեկն է: Տիկին Հասմիկը տխրությամբ մեզ պատմում էր, թե ինչպես է հայտնվել ծերանոցում. «Ծնողներիս ամուսնանալուց անմիջապես հետո հայրս բանակ է գնացել ու չի վերադարձել: Նա այնտեղ մահացել է: Ես մեծացել եմ Վայքի մանկատանը: Մանկատնից դուրս գալուց հետո աշխատել եմ գինու գործարանում: Այդ տարիներին էլ ամուսնացել ու 4 երեխա եմ ունեցել: Տարիներ շարունակ ապրել եմ հարսիս եւ տղայիս հետ: Հարսս լավն էր, բայց տղաս շատ էր խմում, մեզ հետ կռիվ էր անում ու տան եղած-չեղածը կոտրում էր: Հարսս էլ չդիմացավ էդ վիճակին, մի օր թողեց ամեն ինչ, վերցրեց երեխաներին ու հեռացավ»: Հասմիկ տատը պատմում էր, որ դրանից հետո իր տեսողությունը վատացել է եւ առողջական այլ խնդիրներ էլ են առաջացել: Նրա ներկայացմամբ. «Վիճակս լավ չէր, գնացի բժշկի, որտեղից էլ թաղապետի օգնությամբ տեղավորվեցի այստեղ»: Չնայած նրան, որ այս կինը հարազատների հետ չէր ապրում, նրանցից դժգոհ չէր ու առանձնակի կարոտով էր հիշում իր երեխաներին: Նա պատմում էր, որ իր տղաներից մեկն ապրում է վագոն-տնակում, շատ հնարավորություններ չունի, բայց իրեն չի մոռացել ու հաճախակի այցելում է, իսկ աղջիկներից մեկն ապրում է Մոսկվայում, երբեմն զանգում ու նամակ է գրում: Հասմիկ տատի պատմելով, թոռնիկը՝ Լուսինեն, Ռուսաստանից իր համար բջջային հեռախոս է ուղարկել, որ «միշտ զանգի ու տատից կարոտն առնի»: Տիկին Հասմիկը մեզ պատմեց նաեւ, որ ինտերնատում գտել է մեկին, որն իրեն շատ լավ հասկանում է ու արդեն հարազատ մարդ է դարձել. «Տեսնելով, որ իրար լավ ենք հասկանում, միշտ մտքերով կիսվում ենք, օգնում ենք իրար, ես ու Լեւոնը որոշեցինք ամուսնանալ: Հիմա միասին նույն սենյակում ենք ապրում: Օրվա մեծ մասը այստեղ ենք՝ հեռուստացույց ենք դիտում, գիրք ենք կարդում»:
Տուն-ինտերնատի սոցիալական աշխատող Անահիտը, աշխատանքին զուգահեռ, սովորում է ԵՊՀ-ի մագիստրատուրայի 1-ին կուրսում: Անահիտի ներկայացմամբ, ծերերի հետ աշխատելը դժվար չէ. «Երբ մտածում ես, որ քո աշխատանքով շատերին ես օգտակար լինում, չես հոգնում ու չես դժվարանում: Այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու հանդեպ առանձնահատուկ ուշադրություն ենք ցուցաբերում ու աշխատում ենք ամեն կերպ նրանց օգնել»: