Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ԽԱՆՈՒԹՊԱՆԻ ՊԱՇՏՈՆ ՉԷ»

Հունիս 10,2008 00:00

Լուրեր են տարածվել, թե շուտով Տիգրան Թորոսյանը հրաժարական է տալու, իսկ թիվ 17 ընտրատարածքում օգոստոսի 24-ին նշանակված պատգամավորի ընտրության արդյունքում պատգամավոր է դառնալու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանը, որն էլ կդառնա ԱԺ խոսնակ: Երեկ, պատասխանելով լրագրողներին հետաքրքրող հարցին, Տ. Թորոսյանը հայտարարեց. «Ես հրաժարական չեմ տալու: Խորհրդարանի նախագահի հրաժարականը լուրջ իրադարձություն է ցանկացած երկրում: Դա կամ երկրի հիմնական, սկզբունքային հարցերի վերաբերյալ տարաձայնությունների արդյունք է, կամ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունք եւ այլն: Նման որեւէ նախադրյալ գոյություն չունի, եւ ես, պարզապես, իրավունք չունեմ նման քայլի դիմել: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր պատասխանատվությունն այս կամ այն պաշտոնում, սա խանութպանի պաշտոն չէ, որ երբ ինչ ուզենաս՝ անես: Առաջին պատասխանատվությունը՝ որեւէ կարեւոր, բարձր պաշտոն զբաղեցնող մարդը ունի իր երկրի եւ իր ժողովրդի առաջ, եւ, կարծում եմ, նման պարագայում ոչ ոք բարոյական իրավունք չունի իրեն մանկական խաղեր թույլ տալ»:

Հարցին՝ եթե երկրի նախագահի մակարդակով իրեն առաջարկվի այլ պաշտոն, էլի՞ հրաժարական չի տա, ԱԺ նախագահը պատասխանեց. «Բոլորը հիանալի գիտեն, որ ես պաշտոնի եւ այլնի հարցեր երբեք ոչ մեկի հետ չեմ քննարկել եւ նման խնդիրներ չեմ ունեցել: Ես ասացի իմ ասելիքը: Դուք ցույց եք տալիս, որ իսկապես բոլորը չէ, որ պատկերացնում են խորհրդարանի նախագահի հրաժարականի լրջությունը որեւէ երկրի համար: Նման բան չի կարող լինել, դա նշանակում է հարվածել պետության հեղինակությանը, դա նշանակում է հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունք»: ՀՀԿ-ի պառակտման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ԱԺ նախագահը խորհուրդ տվեց. «Ես առաջարկում եմ ոչ թե բամբասանքներով առաջնորդվել, այլ փաստերի հետ կապված հարցեր տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել