Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եկել էին տուժող դառնալո՞ւ

Հունիս 10,2008 00:00

Գուգարքից եկած ոստիկանը մարդու դեմքից ճանաչում է նրա ոտքը

«Քրեական գործով ձեռք բերված ապացույցները կամ ընդհանուր ոչինչ չունեն իմ պաշտպանյալի հետ, կամ սուբյեկտիվ են ու միակողմանի: Միակ օբյեկտիվն այս գործով մեղադրական եզրակացության հիմքում ընկած մեղսայնացումն է, ինչը, սակայն, արգելվում է ՀՀ քրեական օրենսգրքով»,- երեկ Երեւանի քրեական դատարանում սկսված մարտի 1-ի գործով ձերբակալված եւ ՀՀ Քրօրի 225 հոդվածի երկրորդ մասով մեղադրվող Վարդան Ղավալբաբունցի դատավարության ժամանակ հայտարարեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը: Նախաքննության մարմինը, ելնելով նրանից, որ Վ. Ղավալբաբունցը եղել է Վանո Սիրադեղյանի վարորդը, մասնակցել է Լ. Տեր-Պետրոսյանի կողմից «սահմանադրության խախտումներով» կազմակերպված հանրահավաքներին, մարտի 1-ին եղել է Մյասնիկյանի արձանի մոտ, այնտեղ տեսել է իր նախկին գործընկերոջը՝ «Ճուտ» մականունով Սուրեն Սիրունյանին, հագին եղել է կարմիր մարզահագուստ եւ գործով տուժած Գուգարքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Մարատ Մանուկյանը նրան ճանաչել է, որոշել է, որ Վ. Ղավալբաբունցը կատարել է քրեական արարք՝ 225 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Պաշտպանող կողմն առարկեց նման մոտեցման դեմ՝ հայտարարելով, որ դա քաղաքական հաշվեհարդար է ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ. «Ժամանակին Վանո Սիրադեղյանի վարորդ լինելը կամ ցույցերին մասնակցելը չեն կարող հիմք լինել, որ իմ պաշտպանյալը հանցագործություն է կատարել: Ո՞վ է որոշել, որ առաջին նախագահի կողմից կազմակերպված միջոցառումները սահմանադրության խախտմամբ էին, կամ որ Նիկոլ Փաշինյանն էր հրահրում զանգվածային անկարգությունները, ի՞նչ էին անում Գուգարքի ոստիկանության աշխատակիցներն այդ օրն այդ վայրում: Պարզ չէ, թե ինչ գործողություններ էին կատարում ոստիկանները, օրինակա՞ն էր Գուգարքի ոստիկանների գտնվելն այդտեղ, ինչո՞ւ էին ժողովրդի մեջ, եթե գտնում էին, որ «ամբոխը գազազած էր, արյունն աչքերին», ինչպե՞ս է տուժողը ճանաչել իրեն ծեծողներին, եթե նրա վրա ընկած պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը փակել էր տեսադաշտը»,- հարցրեց փաստաբանը: Ավելի ուշ, տուժող, Գուգարքի քրեական հետախուզության բաժնի պետ Մարատ Մանուկյանը բացահայտեց, որ Երեւան են ժամանել Գուգարքի ոստիկանապետի հրամանով. պիտի հասնեին Մյասնիկյանի արձանի մոտ եւ սպասեին հրամանի: Հետո մանրամասն պատմեց, թե ինչպես ինքն՝ արդեն լավ ծեծված, երբ փորձում էր գետնից վեր բարձրանալ՝ մի քանի ոտք է տեսել, որոնք հարվածում էին իր գլխին, ու դրանցից ճանաչել է Վարդանի ոտքը, քանի որ մինչ այդ տեսել էր նրա դեմքը: Տուժողի պատմածից տպավորություն էր ստեղծվում, որ նա գազանաբար ծեծի է ենթարկվել կատաղած ամբոխի կողմից, չի հասցրել ուշքի գալ հարվածների տարափից: Մինչդեռ, բժշկական եզրակացությամբ, թեթեւ մարմնական վնասվածքներ է ստացել: Նա անընդհատ կրկնում էր՝ «հինգ տուժող ենք ունեցել, հասկանո՞ւմ եք», ինչից փաստաբանը եզրակացրեց՝ «փաստորեն, ոստիկանները եկել էին տուժող դառնալու համար», դահլիճում ծիծաղ պոռթկաց:

Հետաքրքիր էին նաեւ վկաների ցուցմունքները: Մեղադրյալի հայրը, ով գործով վկա է, ասաց, որ ինքը 4-րդ դասարանի կրթություն ունի, գրել-կարդալ չգիտե. պատմել է՝ քննիչն էլ գրել է ու ասել՝ ստորագրիր: Մյուս վկայի դեպքում, երբ կարիք եղավ նրա նախաքննական ցուցմունքներից հատվածներ ընթերցելու՝ դրանք գրված էին գրագետ իրավաբանական լեզվով: Բայց ակնհայտ էր, որ վկան այդ տերմիններից շատերը չի հասկանում: Մեղադրյալը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել