Երեկ ԱԺ-ն փորձում էր ընդլայնել ընդդիմության իրավունքները
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «ԱԺ Կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Առավոտի» հարցին՝ արդյոք այս փոփոխությունները չե՞ն արվում, որ ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում հայաստանյան պատվիրակությունը Ստրասբուրգում կարողանա պարզերես երեւալ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսպես պատասխանեց. «Նախ, դրսի աշխարհին որոշ բաներ ապացուցելու համար պարտադիր չէր այս քայլն անել: Եթե նայենք հայտնի 1601 բանաձեւը, որը վերաբերում է ընդդիմության իրավունքներին, ապա կտեսնենք, որ այդ բանաձեւում բազում իրավունքներ մեզանում տրված են ընդդիմությանը, որոնք տրված չեն անգամ ժողովրդավարությամբ հայտնի երկրներում, կան իրավունքներ, որ տրված են մեզանում, բայց չկան Ֆրանսիայում, Հոլանդիայում, Գերմանիայում, օրինակ՝ նույն պատգամավորների ելույթի հարցը, կզարմանաք, թերեւս, բայց ժամանակային սահմանափակման պայմաններում այս երկրներում խորհրդարանական մեծամասնությունը շատ ավելի մեծ շանսեր է ստանում հանդես գալ, իսկ խորհրդարանական փոքրամասնությունը հնարավորություն չի ունենում արտահայտել իր դիրքորոշումը: Մեզանում, գիտեք, որ ոչ մեկի համար սահմանափակում չկա: Նման օրինակներ կարող եմ թվարկել»: Երեկ քննարկվող նախագիծը, ըստ պարոն Հարությունյանի, շատ կարեւոր է. «Արմատական քայլ ենք անում՝ ստեղծելու քաղաքական ավանդույթ հայկական խորհրդարանում, եւ եթե մեր նպատակը լիներ Եվրոպային ցույց տալը, հավատացնում եմ, մենք կարող էինք անել բազում այլ քայլեր, բայց ոչ սրանք: Իրականում սրանք բովանդակային քայլեր են, յուրաքանչյուրը եւ հատկապես երկուսը ես համարում եմ կարեւորագույն՝ ընդդիմության կողմից արտահերթ հարց օրակարգ մտցնելը եւ հանձնաժողովի նախագահների եւ տեղակալների տեղերի բաժանումը»: Դավիթ Հարությունյանը բնական է համարում, որ միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը հակված չէ ստանալ հանձնաժողովների նախագահների կամ տեղակալների պաշտոնները. «Այսօր քաղաքական կոալիցիան ընդդիմությանը տեղ է առաջարկում, մեզանում դա կարող է մեկնաբանվել այսպես՝ սա նվեր է, որը կոալիցիան կարող էր պահել իրեն, բայց տալիս է փոքրամասնությանը: Բայց երբ մենք դա ամրագրում ենք օրենքում, դա դառնում է ոչ թե նվեր, այլ՝ իրավունք, որը տրված է օրենքով, եւ վստահեցնում եմ ձեզ, եթե մենք ունենայինք նման բանաձեւ նախկինում, ընդդիմությունը երբեւէ չէր հրաժարվի դրանից, որովհետեւ դա իր իրավունքն է: Մենք առաջարկում ենք, որ սա գործի հաջորդ խորհրդարանում: Քաղաքական ուժերը պետք է իմանան, որ խորհրդարանական ընդդիմություն դառնալուց հետո իրենց օրենքով իրավունքներ են վերապահված»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարեց, որ ժողովրդավարություն ասվածը ոչ թե դեկլարատիվ պետք է լինի, այլ ամրագրվի օրենքով. «Ժողովրդավարություն ասվածի մի կարեւոր բաղադրիչը՝ ընդդիմության մասնակցությունը երկրի կյանքին,՝ չափազանց կարեւոր է, որպեսզի ընդդիմության իրավունքները իսկապես ամրագրված եւ պաշտպանված լինեն օրենքով, ընդդիմությունը ունենա իրավական լուրջ կարգավիճակ»:
Նախագծին կարծես թե այնքան էլ կողմ չէր ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը, որը նշեց, որ ԱԺ գալիս է ընտրություններում հաղթած քաղաքական ուժը. «Բայց մենք հիմա ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները իրավունք պետք է ունենան ավելի շատ խոսելու, կարծիք հայտնելու, մտքեր փոխանակելու, քան դիմադիր պատգամավորները: Նման բան չկա: Սա վիրավորական է նույնիսկ: Ավելի վատն ենք անում, ասում ենք՝ համապետական ընտրությունների արդյունքները մենք օրենքով, բանաձեւով պետք է ձեւափոխենք: Խորանանք մի քիչ»: Խորացավ եւ հայտարարեց, որ, ըստ այս օրինագծի, ստացվում է, որ քաղաքական ուժերի ստացած ձայները պետք է կարգավորվեն օրենքով եւ քիչ ձայներ հավաքածներին շատ ձայն տան. «Ո՞ր հիմքի վրա, անհասկանալի է, այդ դեպքում եկեք ընտրություններ չանենք»,- տարակուսեց հանրապետական պատգամավորը: Պարոն Հակոբյանի եզրակացությունը հետեւյալն էր. «Ես կարծում եմ, որ մենք ուղղակի հետեւից ենք մոտենում, հարկավոր է սկզբից մոտենալ»:
ԱԺ նախագահի տեղակալ՝ դաշնակցական Հրայր Կարապետյանի քաղաքական գնահատականը հետեւյալն էր. «Մեր ազգային խորհրդարաններում երբեւիցե նմանատիպ մոտեցումներ չեն եղել, երբ իշխող քաղաքական ուժերը ներկայացնում են օրինագիծ, որի միջոցով ընդդիմությանը ասպարեզ է տրվում խորհրդարանական աշխատանքում»: Ասաց, որ եթե նախկինում նման մշակույթ լիներ, այսօր չէինք ունենա սեւի եւ սպիտակի այն հակամարտող պատկերը, որ այսօր կա ընդդիմություն-իշխանություն հարաբերություններում:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ժառանգությունը» պատասխանատվության պակաս չունի, նաեւ նշեց. «Այո, ընդդիմությունը պետք է այնքան լիազորություններով օժտված լինի, որ մեզ մոտ ընտրությունները ամենատգեղ եւ ամենավատ ձեւերով չփորձեն կեղծել, որ իշխանության գան եւ ձգտեն»: Առաջարկեց, որ օրենքում պետք է լինեն բազմաթիվ հարցերի լուծումները. «Եվ հանձնաժողովի նախագահների կամ տեղակալի պաշտոնների հարցը պետք է լինի ամենավերջում»: Պրն Մարտիրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե անգամ ընդդիմությանը տրվելու է որեւէ հանձնաժողով, գերադասելի է, որ լինեն վերահսկողական գործառույթներ ունեցող հանձնաժողովներ, իբրեւ օրինակ նշեց Պաշտպանության հարցերի հանձնաժողովը:
Երեկվա քննարկումներում ամենից դժվար վիճակում, թերեւս, գտնվում էր ոչ թե ընդդիմադիր «Ժառանգությունը», այլ կոալիցիոն «Օրինաց երկիրը», քանի որ այս խմբակցությունից որեւէ մեկը չէր ստորագրել վերոհիշյալ օրինագծի նախագծի տակ, թեպետ այն ներկայացվում է որպես կոալիցիոն համատեղ աշխատանք: Խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը երեկ ԱԺ ամբիոնից փորձեց բացատրել, թե ինչու իրենք չեն ստորագրել, եւ ասաց, որ պատճառը տեխնիկական է, բայց, մեր տեղեկություններով, պատճառը ավելի շուտ բովանդակային է: