Երեկ Ազգային ժողովում, ի շարս այլ հարցերի, քննարկման նյութ դարձավ, այսպես ասած, ընդդիմության մասին օրենքը
Վերջին շրջանում, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, այս գաղափարը շատ էր գովազդվում թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի կողմից: Իսկ վերջին երկու խորհրդարանական ընտրությունների միջակայքում այս թեման մշտապես եղել է արտախորհրդարանական ուժերի խոսակցության թեմաներից մեկը: Չնայած թեման նման լայն ժողովրդականություն էր վայելում՝ օրենքի տեսք ստացավ հապշտապ, առանց քաղաքական դաշտի շահագրգիռ ուժերի հետ քննարկումների: Եվ այս առումով այսօր քննարկվող օրենքում բազմաթիվ անհայտներ կան: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ նման օրենքի քննարկումն այս փուլում արմատական ընդդիմության հետ ինչ-որ կերպ «լեզու գտնելու» ձեւ է: Ահավասիկ՝ «Իրենք ընդդիմության լիազորություններն ընդլայնելու անվան տակ հասկանում են մի բան. ասում են՝ տղեք, եկեք ձեզ էլ մի պաշտոն տանք, դուք էլ պադավատ կունենաք, ընդունարան, քարտուղարուհի եւ այլն, ու այդ ձեւով ուզում են իբր մեղմել հասարակության մեջ առկա դժգոհությունները: Դա տարբերակ չէ, որով իրական ընդդիմության հետ փորձում են խոսել: Խորհրդարանն, իր ամբողջության մեջ, չի արտահայտում հասարակության քաղաքական տրամադրություններն ու կողմնորոշումները: Ընդդիմության մասին ամենալավագույն օրենքը կլիներ խորհրդարանի լուծարումը՝ որպես անգործունակ, գործադիր իշխանության կրնկի տակ գտնվող մարմին, որն, իմիջիայլոց, բազմաթիվ հանցագործություններ է կատարել՝ որպես կոլեկտիվ մարմին: Թեկուզ արտակարգ իրավիճակի պայմաններում իրենց գործընկերների ձերբակալությանն այդքան ստրկահաճո համաձայնություն տալով, նաեւ՝ օրենքի փոփոխություններով»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը:
Երեկ «Առավոտը» փորձեց արտախորհրդարանական որոշ ուժերից ճշտել՝ արդյոք այդ օրենքով նախատեսված ընդդիմության լիազորությունների ընդլայնումը Հայաստանում ժողովրդավարության եւ իրավունքների ընդլայնո՞ւմ է: Պարզվում է, նույնիսկ ընդդիմության շարքերում այս առիթով մոտեցումները միանշանակ չեն: Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանն ընդհանրապես չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում օրենք՝ ընդդիմության մասին. «Այդ ո՞վ է որոշելու՝ ընդդիմությունն այսօր ի՞նչ է անելու, վաղը՝ ի՞նչ: Մանավանդ այս Ազգային ժողովում: Ընդդիմությունն այնպիսի բաղկացուցիչ մասեր ունի, որ ոչ մի օրենքով չի կարելի այն կարգավորել: Սա ոչ թե ժողովրդավարություն է, այլ մի հարց է, որով աշխատում են ցույց տալ, թե ինչ-որ բան արվում է»: Ընկեր Թովմասյանը հավատացած է, որ «այս որակի» օրենսդիրների ձեռքով գրված օրենքը երբեք չի կարող արտահայտել ընդդիմության ողջ դիմագիծը: Ի հավաստումն ասվածի, Ռուբեն Թովմասյանը հիշեցնում է խորհրդարանական ընտրություններից հետո ՀԿԿ-ի արած հայտարարությունը, որով կոմունիստները փաստել են. «Երկրի օրենսդիր մարմինը հանվեց աճուրդի ու բաժանվեց տարբեր խմբերի միջեւ», որոնք հետո միացան եւ դարձան կոալիցիա: «Այնպես որ, այս բոլորն ավելորդություններ են եւ բացի ծիծաղ առաջացնելուց՝ որեւէ հետք չեն կարող թողնել մեր երկրի քաղաքական կյանքի վրա»,- համոզված է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը: «Նման Ազգային ժողովով եւ նման իշխանությամբ ես չեմ հավատում, որ կամք կդրսեւորվի՝ երկրում դեպի լավը ինչ-որ բան փոխելու: Ես հակված չեմ մտածելու, որ սրանք դեպի ժողովրդավարացում գնալու անկեղծ փորձեր են: Ընդամենը՝ խնդիր ունեն ԵԽԽՎ-ում ամսի 17-ին ինչ-որ բաներ ներկայացնելու եւ այսօր նման քայլերն իրականում միտված են վաղը ԵԽԽՎ-ին համոզելու, որ դրական տեղաշարժի ուղղությամբ քայլեր են ձեռնարկում: Եթե այդքան ուժեղ իշխանություն են եւ ժողովրդից չեն վախենում, ավելին՝ ժողովրդավարության են ձգտում, թող ազատ արձակեն քաղբանտարկյալներին: Այ, դա կլիներ քայլ, որը կողջունվեր եթե ոչ մեր, ապա՝ ժողովրդի կողմից եւ կլիներ ժողովրդավարությանը միտված իրական քայլ»,- կարծում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Փոխարենը՝ գաղափարը, առավել եւս՝ օրենքի տեսքով, ողջունում է «Նոր ժամանակներ» կուսակցության քաղխորհրդի անդամ Հրաչյա Սարգսյանը, հիշեցնելով, որ իրենց կուսակցությունն առաջինն է շրջանառության մեջ դրել նման օրենք ունենալու անհրաժեշտությունը եւ մշտապես պրոպագանդել այն: Առաջարկը եղել է նույնիսկ 2007թ. խորհրդարանական ընտրությունների՝ ՆԺԿ-ի նախընտրական պլատֆորմում: «Այդպիսով էապես կբարելավվի քաղաքական դաշտի կայացումը Հայաստանում, որովհետեւ եթե այդ դաշտը դիտարկենք մի ամբողջական օրգանիզմ, ապա այն պետք է բաղկացած լինի ուժեղ քաղաքական ընդդիմությունից եւ ուժեղ քաղաքական իշխանական թեւից: Ընդդիմության մասին օրենքը պետք է ապահովի բոլոր ատրիբուտները, որոնք կնպաստեն ընդդիմության կայացմանը: Այսինքն՝ ընդդիմությունը կախված չի լինի այս կամ այն կոնյունկտուրային խաղերից, այս կամ այն պետական պաշտոնյայից եւ ավելի շատ կառաջնորդվի իր ծրագրային դրույթներով եւ որդեգրած արժեքային համակարգով: Բնականաբար, ընդդիմության մասին օրենքը պիտի ենթադրի նաեւ ավելի հստակ ընդդիմության իրավունքները խորհրդարանի ներսում եւ խորհրդարանից դուրս, ֆինանսավորման աղբյուրների անկախ եւ կայուն վիճակ ապահովելուն: Այն քաղաքական դաշտը, ինչ մենք ունենք անկախությունից ի վեր՝ խոսում է այն մասին, որ ընդդիմության մասին օրենքն անհրաժեշտություն է», -ասում է պարոն Սարգսյանը՝ հույս ունենալով, որ քննարկումների փուլ, այնուամենայնիվ, կլինի, եւ իրենք կկարողանան իրենց տեսակետներն արտահայտել: