Երեկ, առավոտյան 9.40-ին, արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության եւ «Հայ կամավորականների համախմբման» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Նա դատապարտվել էր 1,5 տարվա ազատազրկման՝ իշխանությունը տապալելու կոչեր անելու եւ պատերազմի տարիներին ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի նվիրած զենքը կրելու համար: Սեֆիլյանը կրեց իր պատժաչափն ամբողջությամբ եւ որեւէ դիմում չգրեց այդ ընթացքում, բացառությամբ ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքի: Նրան դիմավորեցին հարազատները, ընկերները, լրագրողներ, որոնց ուղեկցությամբ Ժիրայր Սեֆիլյանը այցելեց Եռաբլուր՝ իր աջակցությունը հայտնելու հացադուլավորներին: Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են Սեֆիլյանի պաշտպանության գործին, նշելով. «Ազատազրկման ժամկետի լրանալուց հետո վարչախումբը Ժիրայր Սեֆիլյանին պատրաստվում էր արտաքսել հայրենիքից, սակայն բողոքի հզոր ալիքը հնարավորություն չտվեց իրականացնել այդ անբարո եւ ակնհայտ անօրինական քայլը»: Հինգշաբթի օրը նախատեսվում է Ժիրայր Սեֆիլյանի ասուլիսը: