Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 07,2008 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք վեցերորդ

Գլուխ տասնչորսերորդ

ԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ

– Որ ախպերս տիրություն անող ունենար, ինքն է՛լ էսօրվա օրով կարող ա քո պես մեծ մարդ դառած ըլներ,- ժպտաց Հրուշը:

– Ես ե՞մ մեծ մարդ,- ծիծաղեցի ես:

– Փաստորեն, գրող ես,- ծիծաղեց Հրուշը.- գրողը մեծ մարդ չի՞:

– Մեծ գրողն ա մեծ մարդ:

– Դու փո՞քր գրող ես,- շարունակեց ծիծաղել Հրուշը:

– Դո՛ւ պիտի ասես,- ժպտացի ես.- գրողի մեծությունն ընթերցողն ա որոշում:

– Որ մեծ բաներից ես գրում, ուրեմն մեծ գրող ես,- ծիծաղեց Հրուշը:

– Մեծ բաները որո՞նք են,- հարցրի ես:

– Թեկուզ մեր էդ պատմությունը,- ժպտաց Հրուշը:

– Էդ պատմությունը քո՛ պատմությունն էր:

– Թեկուզ,- ասաց Հրուշը:- Ամեն գրող գլխի չէր ընկնի, որ էդ պատմությունը կարելի ա գրել:

– Ում էլ պատմեիր՝ գրելու էր: Ուղղակի՝ իմ բախտը բերել ա, որ ինձ ես պատմել:

– Ախպորս պատմությունն է՛լ ուրիշը դժվար թե գրեր:

– Բախտս բերել ա, որ Նվերն ընկերս ա:

– Մեր բախտն էլ բերել ա, որ գրող ընկեր ունենք,- ծիծաղեց Հրուշը.- փաստորեն, քո պատճառով պատմության մեջ մտանք:

– Ոչ թե՝ իմ պատճառով, այլ՝ իմ շնորհիվ:

– Դրանք իրարից շատ ե՞ն տարբեր:

– Ահագին:

– Ես գրող չեմ, որ էդ տարբերությունն իմանամ,- ասաց Հրուշը:

– Գրողների մեծ մասն էդ տարբերությունը չգիտի,- ասացի ես:

– Չմեռանք՝ գրող ընկեր էլ ունեցանք,- ժպտաց Հրուշը:

– Չմեռանք՝ գրող էլ դառանք,- ժպտացի ես:

– Գրելը, փաստորեն, բամբասանքի պես բան ա,- ծիծաղեց Հրուշը.- ինչքան լավ բամբասես՝ էնքան լավ գրող կըլնես:

– Ընենց որ, դու է՛լ լավ գրող կըլնեիր,- ծիծաղեցի ես:

– Հա,- ծիծաղեց Հրուշը.- ես էլ եմ բամբասել շատ սիրում:

– Գիտեմ,- ժպտացի ես:

– Որտեղի՞ց գիտես,- զարմացավ Հրուշը:

– Զգում եմ:

– Շա՜տ զգայուն ես,- ծիծաղեց Հրուշը:- Մի քանի օր որ չեմ բամբասում, սիրտս շատ ա նեղվում: Զանգում եմ ընկերուհուս, գալիս ա, մի կուշտ բամբասում ենք, սիրտս բացվում ա:

– Ընկերուհիդ էլ ա՞ բամբասող:

– Չէ. ինքը համարյա չի բամբասում, բայց շատ ուշադիր լսում ա,- ծիծաղեց Հրուշը.- բամբասողին առաջին հերթին լսող ա պետք:

– Պարզ ա,- ծիծաղեցի ես.- որ լսող չըլնի, հո չե՞ս կարա մենմենակ՝ քեզ-քեզ բամբասես:

– Հա,- ծիծաղեց Հրուշը,- բայց մենակ էդ մի ընկերուհիս ա ուշադիր լսող. մյուսները կարգին չեն էլ լսում. իրանք ինձանից շատ են բամբասում՝ հերթ չեն տալիս, որ ես էլ մի էրկու բան ասեմ:

– Լա՜վ գրող կըլնեիր,- ժպտացի ես:

– Լսի,- ասաց Հրուշը.- էդ բամբասանքներիդ համար փող էլ ես, չէ՞, ստանում:

– Հա,- ասացի ես.- հոնորար եմ ստանում:

– Հոնորարը փող չի՞:

– Հա,- ասացի ես.- փող ա:

– Սաղ գրողներն էլ հոնորար ստանում են, չէ՞:

– Սովետի վախտ ստանում էին:

– Հիմա չեն ստանո՞ւմ:

– Հիմա հազարից մեկն ա ստանում:

– Փաստորեն, հազարից մեկն ես,- ժպտաց Հրուշը:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Նոր ե՞ս սկսել գրել,- հարցրեց Հրուշը:

– Չէ,- ասացի ես.- Սովետի վախտ էլ էի գրում:

– Չեմ իմացել,- ասաց Հրուշը:- Փաստորեն, Սովետի վախտ է՛լ ես բամբասել:

– Սովետի վախտ չէին թողում ազատ բամբասենք,- ծիծաղեցի ես:

– Բայց փող տալիս էին, չէ՞,- հարցրեց Հրուշը:

– Շա՜տ,- պատասխանեցի ես:- Քիչ էինք բամբասում, բայց շատ էինք ստանում:

– Լա՜վ գործ ես գտել,- ծիծաղեց Հրուշը.- համ կուշտ բամբասում՝ սիրտդ բացում ես, համ էլ հաճույք ես ստանում:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Փաստորեն, համ հաճույք ես ստանում, համ՝ փող,- ասաց Հրուշը:- Կյանքում մենակ էդ մարդկանց եմ նախանձել:

– Ո՞ր մարդկանց:

– Որ իրանց գործից հաճույք են ստանում: Երգիչներն, օրինակ, համ հավեսով երգում են, համ էլ փող են ստանում: Ուրիշները ձրի են երգում, իրանք՝ վճարովի:

– Դու ձրի երգո՞ւմ ես:

– Ես ոչ ձրի եմ երգում, ոչ էլ փողով,- ասաց Հրուշն ու ծիծաղելով ավելացրեց.- ես գրող պիտի ըլնեի:

– Խի՞,- հարցրի ես:

– Որովհետեւ բամբասելու համար խելքս իմս չի,- ծիծաղեց Հրուշը.- համ հաճույքով կբամբասեի, համ էլ՝ փող կստանայի:

– Բայց պիտի գրավոր բամբասեիր:

– Թեկուզ,- ասաց Հրուշը:- Մոռացե՞լ ես, որ սաղիցդ լավ էի ազատ շարադրություն գրում:

– Հիշում եմ:

– Ստացվում ա, որ ամենաբախտավորը գրողներն են,- ծիծաղեց Հրուշը.- համ բամբասում՝ իրանց հաճույքն են ստանում, համ էլ փող են առնում:

– Գրողներ կան, որ բամբասել չեն սիրում:

– Բամբասել չսիրող մարդ էլ կա՞,- զարմացավ Հրուշը:

– Կան,- ասացի ես:

– Օրինակ,- հարցրեց Հրուշը:

– Օրինակ՝ ընկերուհիդ:

– Ո՞ր ընկերուհիս:

– Որ բամբասանքներդ ուշադիր ա լսում:

– Հա,- ծիծաղեց Հրուշը.- ինքը բամբասել չի սիրում, բայց բամբասանք շատ ա սիրում. չես պատկերացնի՝ ինչքան ուշադիր ա լսում:

– Պատկերացնում եմ:

– Ինքը, փաստորեն, գրող չի կարա դառնա,- ծիծաղեց Հրուշը:

– Բայց լավ ընթերցող կարա դառնա,- ծիծաղեցի ես:

– Արդեն դառել ա. էդ գրածներդ ինքն էլ ա կարդում,- ասաց Հրուշն ու ավելացրեց.- ինձ մաղարիչ պիտի անես:

– Ինչի՞ համար:

– Որ մեր մասին գրել էիր, «Առավոտի» էդ համարից քսան հատ առա, սաղ ծանոթներիս բաժանեցի:

– Բա ո՞նց իմացար, որ ձեր մասին գրել եմ:

– Հետեւում էի,- ասաց Հրուշը.- զգում էի, որ շուտ թե ուշ գրելու ես: Համ էլ՝ ասել էիր, որ գրելու ես: Ինձ հետաքրքրում էր՝ անուններս նույնությա՞մբ ես գրելու, թե՞ փոխելու ես:

– Անուն փոխելու սովորություն չունեմ:

– Մերը չէ, բայց ախպորս անունը կարայիր փոխած գրեիր:

– Դու որ բամբասում ես, անունները փոխած ե՞ս բամբասում,- ծիծաղեցի ես:

– Չէ,- ծիծաղեց Հրուշը.- որ անունները փոխես՝ էլ ի՞նչ բամբասանք:

– Ես էլ եմ էդ կարծիքին:

– Ասում ես՝ բամբասել չսիրող գրողներ էլ կա՞ն:

– Հա:

– Բա դրանք ի՞նչ են գրում:

– Չգիտեմ,- ասացի ես.- ուրիշների գրածները կարդալու սովորություն չունեմ:

– Բայց իրանք քո գրածները կարդո՞ւմ են:

– Չէ,- ասացի ես.- իրանք էլ ուրիշների գրածները կարդալու սովորություն չունեն:

– Այսինքն, էս գրածներդ չեն կարդո՞ւմ:

– Քո պես են կարդում:

– Ո՞նց իմ պես:

– Որ իրանց մասին գրում եմ՝ կարդում են:

– Պարզ ա,- մի քիչ մտածելուց հետո ասաց Հրուշն ու ավելացրեց.- ում ինչ հետաքրքրում ա՝ էն էլ կարդում ա:

– Բնական ա,- ասացի ես:

– Սաղ ծանոթներիդ մասին գրո՞ւմ ես:

– Մենակ ընկերներիս ու բարեկամներիս մասին եմ գրում,- ասացի ես, հետո մտածեցի՝ ավելացրի.- մեկ էլ՝ շատ կարեւոր մարդկանց մասին:

– Ֆրունզիկի մասին էլ էիր գրել:

– Հա:

– Ինքը կարեւոր մարդ է՞ր:

– Շա՜տ:

– Շերենցն է՞լ:

– Ես մենակ կարեւոր մարդկանց մասին եմ գրում:

– Մեկ էլ՝ ընկերներիդ ու բարեկամներիդ:

– Հա:

– Ինձ էլ ե՞ս ընկեր հաշվում,- ժպտաց Հրուշը:

– Չէ,- ասացի ես.- քեզ կարեւոր մարդ եմ հաշվում:

-Ի՞նձ,- զարմացավ Հրուշը:

– Խի՞ ես զարմանում:

– Ո՞ւմ համար եմ կարեւոր:

– Աղջկադ, փեսիդ, թոռներիդ, ախպորդ, ախպորդ տղի ու հարսիդ համար,- ասացի ես ու ժպտալով ավելացրի.- իմ համար է՛լ ես կարեւոր:

– Քո համա՞ր ինչով եմ կարեւոր,- զարմացավ Հրուշը:

– Դու որ չըլնեիր, էդ գիրքս շատ անհետաքրքիր էր ստացվելու:

– Հիմի հետաքրքիր ա՞:

– Քո ու ձերոնց մասով՝ հաստատ:

– Քեզ էլ հասկացանք,- նեղացկոտ ասաց Հրուշը:

– Ի՞նչ հասկացար:

– Փաստորեն, ինձ ընկեր չես հաշվում:

– Քեզ համ ընկեր եմ հաշվում, համ էլ՝ կարեւոր մարդ:

– Որ ախպորս մի հատ տենայիր, վատ չէր ըլնի:

– Անպայման կտենամ:

– Դե հաջող,- անսպասելի ասաց Հրուշը:

– Էդ խի՞ ըտենց հանկարծ,- հարցրի ես:

– Լիքը գործեր ունեմ,- ժամացույցին նայելով՝ ասաց Հրուշը:- Հաջող:

– Հաջող,- ասացի ես:

Հրուշը շարժվեց դեպի Շիլաչի, իսկ ես՝ դեպի շուկա, որովհետեւ Հրուշին հրաժեշտ տալուց անմիջապես հետո հասկացա, որ իրավունք չունեմ իմ ու Նվերի հանդիպումը հետաձգել:

Հրուշի նկարագրածով՝ Նվերի տեղն արդեն ճշգրիտ գիտեի, եւ երբ Սառաջովի անկյունից թեքվում էի դեպի շուկա, Մետաքսի իմ մանկության ընկեր Ջահանը, որ արդեն երեսուն տարուց ավելի է՝ էդ անկյունում ձայներիզներ է վաճառում, թեւիցս քաշեց ու ասաց.

– Էդ ո՞ւր ես փախնում, Արմեն տղա: Արդեն բարեւիդ էլ չենք արժանանո՞ւմ:

– Չտեսա, Ջահան ջան,- արդարացա ես:

– Էդ նույնն ա, որ կայարանի շենքը մտնելուց Սասունցի Դավթի արձանը չտենաս,- ծիծաղեց Ջահանը:

– Չտեսա, Ջահան ջան,- կրկնեցի ես:

– Չտեսա՞ր, թե՞ էրեսատեղ չունես,- ժպտաց Ջահանը:

– Խի՞ պիտի էրեսատեղ չունենամ,- զարմացա ես:

– Ամեն համբալի մասին գրում ես,- նեղացած ասաց Ջահանը:

– Ի՞նչ համբալ:

– Ամեն շաբաթ «Առավոտը» կարդում եմ: Դաժե ախպար Պողոսիկի մասին ես հեկտարներով գրել:

– Ամեն շաբաթ թերթ ե՞ս առնում:

– Էս կիոսկի աշխատողը տալիս ա՝ կարդում եմ,- նեղացած ասաց Ջահանը:- Պարզվում ա, չեղանք-չեղանք՝ Պողոսիկի չափ էլ չեղանք:

– Որ քո մասին ըտենց բաներ գրեի, երեւի ավելի նեղանայիր:

– Ես քու համար Պողոսիկ չեմ,- ասաց Ջահանը.- իմ մասին չես կարա ըտենց բաներ գրես:

– Ի՞նչ բաներ:

– Պողոսիկային բաներ,- ծիծաղեց Ջահանը:

– Պողոսիկայինը ո՞րն ա,- ծիծաղեցի ես:

– Ինքը ոնց որ կա՝ ըտենց էլ գրել ես, ավելի ճիշտ՝ նկարել ես,- ասաց Ջահանն ու ծիծաղելով ավելացրեց.- ավելի ճիշտ՝ քանդակել ես:

– Բա ինչի՞ց ես դժգոհ:

– Քո գրածից դուս ա գալի, որ Մետաքսում ու Հակոբ Հակոբյանում Ջահան անունով տղա չի էղել:

– Մետաքսի մասին նոր եմ գրելու:

– Գնա ուրիշներին ֆռռացրու,- ասաց Ջահանը.- մանկությանդ մասին արդեն գրել պրծել ես:

– Մետաքսի մասին համարյա չեմ գրել:

– Բա Պողոսիկն ի՞նչ ա,- զարմացավ Ջահանը.- կարող ա՞ ինքը Մետաքսի տղա չի:

– Իրան ուրիշ առիթով էի հիշել,- արդարացա ես.- Մետաքսի մասին նոր եմ գրելու:

– Մանկությանդ շրջանն արդեն գրել պրծել ես,- ասաց Ջահանը.- հո նորից չե՞ս վերադառնալու:

– Իմ ձեռը չի՞,- ասացի ես.- ինչքան ուզեմ՝ կվերադառնամ:

– Ըտենց եք գրականության հերն անիծում,- ասաց Ջահանը.- փաստորեն, ոնց ուզում՝ գրում եք:

– Նոր ասում էիր՝ Պողոսիկի մասին լավ եմ գրել:

– Լավ չեմ ասել,- ծիծաղեց Ջահանը.- ասում եմ՝ քանդակել ես:

– Վատ ե՞մ արել:

– Վատի ու լավի հարց չկա,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- ուղղակի մտքովս ուրիշ բան ա անցնում:

– Ի՞նչ ա անցնում:

– Պողոսիկը հարուստ ախպար ա: Մտածում եմ՝ կարող ա՞ քեզ ինչ-որ բան ա նվեր տվել, որ իրա մասին էդքան երկարբարակ գրել ես:

– Որ քո մասին ըտենց գրեի, կարող ա՞ ինձ նվեր տայիր:

– Ես ի՞նչ նվեր կարամ տամ,- զարմացավ Ջահանը:

– Թեկուզ էդ կասետներից:

– Էս կասետներից առանց գրելու էլ կարամ տամ,- ասաց Ջահանն ու հարցրեց.- Թաթուլի վերջին կասետն ուզո՞ւմ ես:

– Չէ:

– Ուզո՞ւմ ես՝ Սպիտակցի Հայկո տամ:

– Չեմ ուզում:

– Ուզում ես ասես՝ ռաբիս ե՞ն:

– Ոչ մի բան էլ չեմ ուզում ասեմ:

– Ուզո՞ւմ ես՝ իմ վերջին դիսկը տամ:

– Ի՞նչ դիսկ:

– Ոտանավորներիս դիսկը:

– Տուր:

– Կտանես նորմալ կլսե՞ս, թե՞ ձեւական ես ուզում,- հարցրեց Ջահանը:

– Հաստատ կլսեմ,- ասացի ես:- Չգիտեի, որ դիսկ ունես:

– Ոտանավորներիս մեծ մասը երգ են դարձրել,- ասաց Ջահանը:- Երեւի մոռացել ես, որ ես էլ եմ բանաստեղծ:

– Չեմ մոռացել,- ասացի ես.- հիշում եմ:

– Ոտանավորներիցս էրկուսը Արամն էր երգ դարձրել, ինքն էլ երգում էր:

– Ի՞նչ Արամ:

– Ասատրյան:

– Ուրախ եմ:

– Իսկականից ե՞ս ուրախ, թե՞ ձեւական ես ասում:

– Խի՞ պիտի ձեւական ասեմ:

– Եսիմ,- ասաց Ջահանը:- Մարդ կա՝ ձեւական ա ուրախանում:

– Ես սրտանց եմ ուրախ:

– Դե լավ ա,- ասաց Ջահանը:- Թե չէ՝ մտքովս ուրիշ բան էլ ա անցել:

– Ի՞նչ ուրիշ բան:

– Մտածել եմ՝ կարող ա՞ Արմենը նախանձում ա:

– Ի՞նչ Արմեն:

– Դու:

– Ո՞ւմ եմ նախանձում:

– Ինձ:

– Քե՞զ խի պիտի նախանձեմ:

– Ինչքան չըլնի՝ ես էլ եմ բանաստեղծ, դու էլ: Բանաստեղծների մեջ նախանձությունն ընդունված բան ա:

– Ես բանաստեղծ չեմ,- ծիծաղեցի ես.- ահագին վախտ ա՝ բանաստեղծություն գրելը թարգել եմ:

– Գիտեմ,- ասաց Ջահանը:- Շատ էլ ճիշտ ես արել, որ թարգել ես:

– Ես էլ եմ էդ կարծիքին:

– Արձակդ ավելի լավ ա ստացվում, բայց մի հատ շատ լուրջ թերություն ունի:

– Ի՞նչ թերություն:

– Մետաքսի ամենալավ տղերքին մոռանում ես,- ծիծաղեց Ջահանն ու միանգամից լրջանալով ավելացրեց.- առանց Ջահան ի՞նչ Մետաքս:

– Կյանքներս դեմներս ա, Ջահան ջան,- ասացի ես.- էդ թերությունը շատ հեշտ ա ուղղել:

– Թե չէ՝ Պողոսիկ հա Պողոսի՜կ,- ծիծաղեց Ջահանը:

– Իրա մասին լրիվ ուրիշ առիթով էի գրել,- ասացի ես:

– Պողոսիկը ռիսկ չէր անում դուս գար փողոց՝ հետներս խաղար,- ասաց Ջահանը:

– Հա,- ասացի ես.- հերնումերը չէին թողում:

– Հերնումերը գիտեին, որ իրանց տղեն նշանավոր մարդ ա դառնալու, դրա համար էլ չէին թողում հետներս շփվի:

– Ինչո՞վ ա նշանավոր:

– Նշանավորը պոզովպոչով ա՞ ըլնում,- ծիծաղեց Ջահանը.- էրկու գլուխ ծերից ծեր մենակ իրա մասին էիր գրել:

– Քո մասին էլ եմ գրելու:

– Քո իրավունքն ա,- ասաց Ջահանն ու հարցրեց.- իմ մասին ի՞նչ պիտի գրես:

– Լիքը գրելու բան կա:

– Ձեր էդ Անանյանն ի՞նչ տեսակ մարդ ա,- անսպասելի հարցրեց Ջահանը:

– Ի՞նչ Անանյան:

– Լեւոն Անանյանը՝ Գրողների նախագահը:

– Սովորական մարդ ա:

– Հետը լավ ե՞ս:

– Սովորական:

– Ինքը կարա՞ Գրողների միության հարցերս լուծի:

– Ի՞նչ հարցեր:

– Փաստորեն, սաղդ գրողների միության անդամ դառաք,- ասաց Ջահանը.- ես եմ մենակ դուս մնացել: Ինքը կարա՞ անդամությանս հարցը լուծի:

– Էդ հարցը լրիվ իրանից ա կախված:

– Իրան կարա՞ս ասես:

– Գրողների միության գործերին չեմ խառնվում:

– Որ քեզ վերաբերվի, լավ էլ կխառնվես,- հեգնեց Ջահանը:

– Գրողների միություն համարյա չեմ գնում,- ասացի ես:

– Որ նեղն ըլնես, լավ էլ կգնաս,- ասաց Ջահանը:

– Նեղն էլ եմ ըլնում, բայց էլի չեմ գնում,- ասացի ես:

– Ասում ես՝ կարա՞ անդամությանս հարցը լուծի:

– Սաղ իրա ձեռն ա:

– Որ սաղ իրա ձեռն ա, խի՞ չի կարում դեպուտատ դառնա: Էս էլ երկրորդ անգամ ա կրվում: Էս երկրորդ անգամ Գրանդ Տաբակոյի տղին կրվավ:

– Լավ էլ ամեն ինչից տեղյակ ես:

– Էս սաղ թերթերն ամեն օր հատ առ հատ կարդում եմ,- կողքի թերթի կրպակը ցույց տալով՝ ասաց Ջահանը:

– Պարզ ա,- ասացի ես:

– Լրիվ ձրի,- ասաց Ջահանն ու ավելացրեց.- էդքան թերթ կարդալու համար ամսվա վերջում ընդամենը մի հատիկ կասետ եմ տալի:

– Փաստորեն, շահած ես դուս գալիս,- ծիծաղեցի ես:

– Էրկուսս էլ շահած ենք դուս գալի, մանավանդ՝ ինքը. ես իրա թերթերը կարդում ու հետ եմ տալի, բայց իմ տված կասետը մնում ա իրան:

– Էլի շահած ես,- ասացի ես:

– Ափսոսալու իմաստով չեմ ասում,- ասաց Ջահանը.- հալալ ըլնի:

– Էդ մի հատ կասետի փողով հազիվ մի օրվա թերթերն առնեիր:

– Ճիշտ ես ասում,- ասաց Ջահանը.- ես էլ եմ ըտենց հաշվարկել:

– Շատ ձեռնտու գործ ա,- ծիծաղեցի ես.- լավ ես կպցրել:

– Մի՛ ցրի,- լրջացավ Ջահանը:

– Ի՞նչն եմ ցրում,- զարմացա ես:

– Չես կարա՞ Անանյանի մոտ իմ հաշվով բարեխոսես:

– Իրա հետ շատ մոտիկ չեմ:

– Սաղի հետ էլ մոտիկ ես:

– Ի՞նչ գիտես:

– Զգացել եմ:

– Ինչի՞ց ես զգացել:

– Էդ վեպիցդ: Կարեւոր մարդկանց մասին ընենց տոնով ես գրում, որ լավ էլ զգացվում ա, որ հետները մոտիկ ես:

– Անանյանի մասին բան չեմ գրել:

– Լավ էլ գրել ես,- ասաց Ջահանը.- պարզվում ա՝ ես քո գրածներն ավելի լավ եմ հիշում, քան՝ դու:

– Գրողների անդամությունն ինչի՞դ ա պետք:

– Որ ասում եմ, ու րեմն պետք ա:

– Մենք արդեն ուզում ենք Գրողների միությունից դուս գանք, դու նոր-նոր ուզում ես անդամ դառնա՞ս:

– Որ էսքան վախտ դուս չես էկել, ուրեմն քեզ էլ ա պետք:

– Տարին մի անգամ Ծաղկաձոր ենք գնում,- ասացի ես.- Ծաղկաձորում հանգստյան տուն ունենք:

– Ծաղկաձորը ձե՛զ ըլնի,- ասաց Ջահանը.- էդ անդամությունն ինձ ուրիշ բանի համար ա պետք:

– Ինչի՞ համար ա պետք:

– Գիտես, որ արդեն երեսուն տարուց ավել ա՝ ըստեղ կասետ եմ ծախում:

– Հա,- ասացի ես:

– Էս երեսուն տարվա մեջ հարուր անգամ ուզեցել են էս տոչկես ըստեղից հանեն, բայց լաչառությունս դրել եմ՝ չեմ թողել:

– Գիտեմ,- ասացի ես.- պատմել ես:

– Հազար ու մի թաղային ա փոխվում, ու ամեն անգամ գործերս հավաքում՝ գնում եմ իրանց պետերի մոտ:

– Ի՞նչ գործեր:

– Տպագրված գործերս,- ասաց Ջահանը.- հանրապետության սաղ թերթերում ու ժուռնալներում տպագրած գործեր ունեմ: Կարող ա՞ չգիտես:

– Գիտեմ:

– Էդքանի տեղը որ մի հատ ձեր էդ գրողների տոմսից ունենայի, ջեբիցս կհանեի, պագոնավորներին ցույց կտայի ու սաղ հարցերս միանգամից կլուծեի:

– Հիմի էդ տոմսի վրա նայող չկա,- ասացի ես.- բանի տեղ չեն դնում:

– Քեզ ա թվում,- ասաց Ջահանը.- նայած թե՝ էդ տոմսն ով ա ցույց տալի:

– Մեկ ա՝ հաշվի առնող չկա:

– Իմ խելքն ասա,- հոգոց հանեց Ջահանը.- Վաղինակը հազար անգամ ուզեցել ա ինձ անդամ դարձնի, բայց ականջի հետեւ եմ գցել:

– Ի՞նչ Վաղինակ,- հարցրի ես:

– Վաղինակ Մկրտչյանը,- ասաց Ջահանը:- Վաղինակ Մկրտչյանին չե՞ս ճանաչում:

– Էն մանկագի՞րը,- հարցրի ես:

– Հա՝ էն մանկագիրը,- ասաց Ջահանը:- Էն լավ վախտերն իրա մասին էդ տոնով չէիր խոսա:

– Ի՞նչ տոնով եմ խոսում:

– Արհամարհական,- ասաց Ջահանը:- Էն լավ վախտերը «Պիոներ» ամսագիրն իրա ձեռի տակ էր. ում ուզում՝ տպում էր, ում չէր ուզում՝ չէր տպում:

– Քեզ տպում էր:

– Որովհետեւ Վաղինակը շատ բարձր ճաշակի տեր մարդ էր:

– Հիմի ինքը չկա՞:

– Կա, բայց հիշողությունը շատ վատ ա,- ասաց Ջահանը.- լրիվ շարքից դուս ա էկել:

– Արդեն ութանասունն անց կըլնի, չէ՞:

– Հա,- ասաց Ջահանը:- Հալից ընկել ա, թե չէ՝ էս անդամությանս հարցերը հինգ րոպեում կլուծեր:

– Կարա զանգի Լեւոնին, անդամությանդ հաշվով ասի:

– Ի՞նչ Լեւոն:

– Անանյան:

– Որ իրան Լեւոն ես ասում, ուրեմն՝ հետը լավ էլ մոտիկ ես,- ասաց Ջահանն ու հարցրեց.- դու չես կարա՞ զանգես:

– Վաղինակի զանգելը լրիվ ուրիշ ա:

– Հասկանում եմ,- ասաց Ջահանը,- բայց էս պահի դրությամբ՝ Վաղինակը սկլերոզ ունի:

– Լեւոնին չի հիշո՞ւմ:

– Ի՛նձ չի հիշում,- ծիծաղեց Ջահանը.- մի քանի օր առաջ բարեւեցի՝ չճանաչեց:

– Ափսոս,- ասացի ես.- ինքը որ զանգեր, շատ արագ անդամությանդ հարցը կլուծվեր:

– Փաստորեն, վրիցդ ցրում ես:

– Առաջ Լեւոնի հետ լավ էի, բայց հիմա հազարից մեկ ենք իրար տենում:

– Որ իրան Լեւոն ես ասում, էդ արդեն հերիք ա,- ասաց Ջահանը:

– Ինչի՞ն ա հերիք:

– Անդամությանս հաշվով:

– Լեւոնը որ իմանա ընկերս ես, կարող ա վաբշե խանգարի:

– Որ ընկերդ ըլնեի, հալբաթ մի էրկու տող էլ իմ մասին կգրեիր:

– Ուզեմ չուզեմ՝ գրելու եմ,- ասացի ես.- մի Մետաքս՝ մի Ջահան:

– Նայած թե՝ ինչ կգրես ու ոնց կգրես,- ասաց Ջահանը.- գրել էլ կա, գրել էլ: Որ Պողոսիկի վարիանտով գրես, կարող ա՞ գոհ մնամ:

– Որ ուզենամ էլ, չեմ կարա Պողոսիկի վարիանտով քո մասին գրեմ:

– Պարզ ա,- ասաց Ջահանը:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել