Նվիրվում է Ազատության բանտարկյալներին
Լրագրող ընկերներիս՝ Գառնիկի ու Վահանի հետ, տարիներ առաջ, հաճախ էինք հիշում ամերիկյան մի ֆիլմի հետեւյալ արտահայտությունը: Երկու հոգի՝ մի տարիքավոր ու մի երիտասարդ, փախչում են բանտից եւ ստիպված անցնում կոյուղու՝ կեղտերի եւ կեղտաջրերի միջով: Երբ երիտասարդ փախստականը, մինչեւ գոտկատեղ խրված աղտեղության մեջ, զզվանքով տրտնջում է, թե այս ինչ գարշելի հոտ է, տարեցն ասում է. «Դա ազատության բույրն է, տղաս»:
Ազատությունը նաեւ համ ունի: Այդ մասին ֆիլմ դեռ չկա:
Բարեկամս, ում անունը հետաքրքիր զուգադիպությամբ Ազատ է, ինչպես «Մայրիկ» ֆիլմի հերոսինը, եւ ով ավելի քան տասը տարի անցկացրել է խորհրդային բանտերում, այսպիսի մի պատմություն պատմեց: Դա նույնիսկ պատմություն էլ չէ, այլ օրինաչափություն:
Պատկերացրեք հեռավորարեւելյան տայգա, ուր հարյուրավոր կիլոմետրերով ոչ մի բնակավայր չկա, այլ միայն վայրի բնություն ու գազաններ, ձմեռային այնպիսի ցուրտ, որ նույնիսկ պաշարված լենինգրադցիներն ու Ստալինգրադի մատույցներում լռված Պաուլսի զինվորները դժոխք կհամարեին: Եվ պատկերացրեք՝ այդ տարածություններում խորհրդային համակենտրոնացման ճամբար, ուր մարդիկ են՝ կալանավորներ: Ավելի հեշտ լինելու համար կարելի է կարդալ մեր Մահարուն կամ ռուսների Սոլժենիցինին. երակներում արյունը կսառչի, ինչպես ասում են: Այդ կալանավորներից յուրաքանչյուրը քնում է: Քնում է եւ երազում տեսնում ջերմություն, քաղաքներ ու գյուղեր, փողոցներ ու մարդկային անցուդարձ: Այդ երազողներից պարբերաբար լինում են ոմանք, որ փորձում են փախչել դեպի երազը, դեպի կյանք:
Ամեն անգամ այսպես է լինում. երկու հոգի պայմանավորվում են փախչել: Միշտ երկու հոգի: Բայց փախչում են երեքով: Դարձյալ միշտ: Բայց այս երրորդը չգիտի, որ ինքը երրորդ է. իրեն թվում է, թե երեքից մեկն է պարզապես, եռապետության մաս, երրորդ ուղի, երրորդ ուժ: Այդ երրորդին ամենայն բծախնդրությամբ ընտրում են առաջին երկուսը, բայց այնպես, որ նա չկռահի, թե ընտրյալ է:
Ամիսներ շարունակ նրանք կերակուր են կուտակում, հագուստ նախապատրաստում: Բայց քիչ բան է պետք վերցնել, քանի որ առաջին օրերին անհրաժեշտ է շատ արագ հեռանալ, եթե անգամ ձյունը կոկորդից է, իսկ ջերմաստիճանն էլ՝ զրոյից ցածր մինչեւ անսահմանություն: Գալիս է պահը եւ փախչում են: Խորհրդային բանտապահները շներով հետեւում են նրանց: Եթե չեն գտնում կամ չեն հասնում ետեւներից, շատ չեն մտահոգվում, քանի որ գիտեն՝ անհնար է այդքան տարածություն անցնել ամենաստույգ մահվան միջով: Չէ՞ որ չփախչող հազարավորները հենց այդ ստույգ մահվանը չհանդիպելու պատճառով է, որ նման փորձ չեն անում: Փախչողները պարզապես մի քիչ ավելի են տեղ տվել իրենց երազներին, պակաս ռեալիստ են:
Երբեմն այդպես էլ լինում է. մեկ-երկու օրից վերադառնում են բանտ: Երբեմն՝ նրանց դիակներն են գտնում ամռանը, երբ թույլ գարուն է գալիս այդ կողմերը: Դիակներ՝ հոշոտված գազաններից:
Շատ հազվադեպ պատահում է, որ փախուստը հաջողվում է: Բայց ինչպե՞ս: Չէ՞ որ պաշարած ուտելիքը կարող է հերիքել միայն մի քանի օր: Լավ՝ մեկ շաբաթ, երկու: Իսկ իրենք օրական կարող են գնալ ընդամենը մի քանի կիլոմետր: Այսինքն՝ այդ ճամփորդությունն ամենաքիչը ամիս է պահանջում: Սոմերսեթ Մոեմը գրում է, որ դեռ 15-րդ դարում Մարտիրոս Երզնկացի եպիսկոպոսը, որ բանուկ քաղաքների միջով էր գնում Իսպանիա՝ Հակոբ Առաքյալի շիրմին ուխտի, ճիշտ նույնքան ճանապարհն անցավ 5-6 տարում: Ենթադրենք, որ սրանք ոչ թե առաքյալի, այլ Առաքողի՝ Ազատության ուխտի են գնում, ու դրանից բազմապատկվում են ուժն ու տոկունությունը, եւ 5-6 տարին դառնում է 1-2 ամիս: Բայց այդ ամիսներն էլ ապրել է պետք, եթե չհոշոտեն վխտացող գիշատիչները:
Երբ առաջին կամ երկրորդ շաբաթում սպառվում է ուտելիքի սուղ պաշարը, նրանք մի քանի ժամ կամ գուցե օր քաղցած են քայլում: Եթե սնվում են, ապա ձյան հաստ շերտի տակից սառած մատներով պոկոտած ծառի չորացած տերեւը, ճյուղը, կեղեւը, արմատն է նրանց թունավոր կերակուրը, որ փսխում են շուտով: Ու երբ թվում է, թե արդեն ուժասպառ են, եւ իզուր էր դեպի Ազատություն երթը, միայն իրենց հասկանալի պայմանական նշանով առաջին երկուսը հարձակվում են երրորդի վրա ու սպանում նրան: Սպանվածի մարմնի ամեն բջիջն արժեքավոր է: Նախ օգտագործվում է արյունը, ապա մասնատված երրորդը տեղավորվում է երկուսի ուսապարկերում: «Մթերքի փչանալու» վտանգ չկա. չափազանց ցուրտ է: Միակ անհարմարությունն այն է, որ «մթերքն» այժմ ինքնուրույն չի շարունակելու երթը: Նրանք խնայողաբար սնվում են իրենց ընկերոջ մարմնով այնքան ժամանակ, մինչեւ տեղ են հասնում:
Էլի մանրամասներ պատմեց բարեկամս. ասենք, թե ինչպես են երկուսն ատամների արանքից դժվարությամբ հանում մարդկային աներես մսաթելերը, թե ինչպես են մի կերպ ծամելու ջերմաստիճանի հասցնում երկաթի կոշտության սառած մարդու միսը…
«Սա ազատության համն է, տղաս»,- կասեր փախչող կալանավորը, եթե երբեւէ այս մասին ֆիլմ նկարվեր: Ծանր են Ազատության համը եւ բույրը: Նույնքան դառն է, երբ մեկը երրորդ է դառնում: Երրորդի հոգու պատարագը տայգայում հնչող վագրի մռնչոցն է ու շնագայլի ոռնոցը: