Արի մի առաջարկ էլ ես անեմ…
Մինչ առաջարկս ձեւակերպելը՝ Ձեր թույլտվությամբ…
Ենթադրենք (չվախենաք, լրիվ տեսականորեն) փետրվարի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքելով անհրաժեշտ՝ 50%-ից ավելի ձայներ, հրաշքով հայտարարվում էր ՀՀ նախագահ: Մնացած 1-ից 8 (քանակը՝ ըստ ճաշակի) իշխանական թեկնածուներն էլ համակերպվում էին, ու ոչ մեկը չէր ասում, թե որ 100% էլ հավաքի, թագը չենք տա, ու ասածը չէր անում ու չէր կրակում ժողովրդի վրա, զոհեր էլ չէին լինում:
Ուրեմն, Տեր-Պետրոսյանն ու իրեն աջակցող թիմը, Սահմանադրությանը համապատասխան (էս վերջին՝ լիքը «լավ» փոփոխություններով ու լրիվ կեղծիքներով անցկացված-պարտադրած), կարգով-բանով, ԱԺ-ի հետ ձեռք ձեռքի տված նշանակում են վարչապետ, ու էլի իրար հետ (ԱԺ մեծամասնություն, ՀՀՇ վերնախավ (նախկին իշխանություն) + նոր թիմ, լայն հանրությանը անհայտ խորհրդականներ (ներսի ու դրսի), պարտադրող պահանջատերեր) էս լրիվ լավ, «սուրբ կով» սահմանադրությամբ, նշանակում են նոր կառավարություն:
Դե արդեն համարյա թամամվանք:
Ունեցանք նոր-հին նախագահ՝ Տեր-Պետրոսյան, նորացված հին ԱԺ (մի օրում երկրապահակոնգրեսացված + Ժառանգություն մեծամասնությամբ), թազանոր կառավարություն իր վարչապետով (նախկիններից կամ լրիվ նոր): Ու էս բոլորով իրար հետ լծվում են Հայաստան հողատարածքը հայուն Հայրենիք-պետություն կերտելու սուրբ գործին (ավգյան ախոռները մաքրելուն):
Ասենք թե հանձնարարվում է դատարաններին. այսուհետեւ արդա՛ր, օրենքո՛վ կդատեք: Ապագայում ընտրակեղծիքները վերացնելու նպատակով էլ՝ ի դաս ապագա կեղծարարների, նախորդ՝ 1995թ.-ից սկսված, 96-ով հաջորդված ու մինչեւ առայժմ 2008-ով պարփակված ընտրական կեղծիքներ պլանավորողներից ու ամենաաչքի ընկած կատարողներից ոմանց ցուցադրաբար դատում են (անկախ քանի անգամ են գունափոխվել եւ ում համար են կեղծել):
Վերադասի կողմից (իմա նախագահի, ըստ Սահմանադրության ու Ռ. Պետրոսյանի) դատարաններին տրված հանձնարարականների կատարման հսկողությունն էլ (ընտրակեղծիքների առումով) դրվում են գլխավոր դատախազ Ջհանգիրյանի վրա (է՜հ, լուսահոգի Ամիրյան): Հա, չմոռանամ ասել, որ ԿԸՀ-ում (Կենտրոնական ընտրական հանձնաժողով) կեղծիքները քվեարկությամբ վավերացրած (1995թ.-ից սկսած), դրա դիմաց ժամանակ առ ժամանակ պաշտոններ ստացած անդամների ցուցակն էլ հրապարակվում է հասարակական պարսավանքի համար (ավգյան ախոռներում բարոյահոգեբանական մթնոլորտը բարելավելու միտումով): Այդ «դժվարին ու պատասխանատու» գործն էլ հանձնարարվում է Տ. Թորոսյան, Բեզիրջյան, Ազարյան, Սահրադյան, Հ. Մանուկյան ու լիքը այլք խմբին: Կուսակցություններից էլ արդարությունը հսկելու հանձնառությունը իրականացնում են ՀՀՇ-Կոնգրեսը, Հանրապետականը, Դաշնակցությունն ու հատկապես «Օրինաց երկիրը»:
Դատարանների մասով էլի լիքը հանձնարարականներ են տրվում (կոռուպցիայի, կաշառակերության, Բուզանդի փողոցի, Դալմայի այգիների, գերակա շահի, ցուցարարներին ու այլ բողոքավորներին գիշերները կալանքի սանկցիա տալու ու շատ այլ օրինական ու անօրեն բաների համար) ու կատարման հսկողությունն էլ դրվում է Օհանյանի վրա:
Ու որքան էլ որ մազալու է, էս դատավորները այլեւս լրիվ դառնում են օրինապահ: Ու, որ մինչեւ հիմա էդպես չի եղել, դա էլ նրանից է եղել, որ վերադասը (իմա՝ նախագահը, նորից ըստ Սահմանադրության ու Ռ. Պետրոսյանի) 1995-ից սկսած ու դրանից էլ առաջ ու առ այսօր այդպիսի հանձնարարականներ կամ չի տվել, կամ, որքան էլ որ անհավանական է ու վատ, հակառակն է պահանջել:
Ես մինն ասի, դուք էլ, թե չեք ուզում ինքնախաբկանքի մեջ մնալ, ավելացնում եք հազար ու մինը, ու էս մասով, այսինքն՝ դատական իշխանության մասով, էջը ծալում, դնում ենք մի կողմ:
Էս նույն լավ բաները արվում են նաեւ կառավարության ու տեղական իշխանությունների մասով (մաքսային, հարկային, ոստիկանություն ու դատախազություն եւն):
Ինչ վերաբերում է այդ նույն իշխանաշրջանում կայանալիք ընտրություններին, ապա էլ կեղծիքներ կամ չեն լինի, կամ առանձին դեպքեր (արջի ծառայությունները) էլի նույն վերադասի հանձնարարականով խիստ կպատժվեն ու էլի նույն հանձնարարականով սահմանադրական դատարանն էլ կկայացնի արդար վճիռ, նույնիսկ, եթե դա դեմ է վերադասի շահերին:
Քիչ էր մնում մոռանայի երկնագույն մասս-մեդիայի մասին: Որոշ ժամանակ անց սրանք էլ վերադասի հրահանգով տարապատկեր ու միաբերան գովաբանելու են էս բոլոր հանձնարարական հրահանգների երանելի արդյունքները՝ բանից անտեղյակ, դավին անտարբեր էս հայ «ամբոխին»:
Ու պատկերը կամբողջանա հակամենաշնորհային հանձնաժողովի միջոցով օլիգարխներին տրված հանձնարարականներով՝ քիչ թանկացնելու ու բարի լինելու հորդորներով:
Ձեռի հետ էլ ԱՄՆ կոնգրեսին տրվում է հանձնարարական՝ Հայաստանում մի լավ դեսպան նշանակելուն չհակադրվելու (թե չէ էդ խեղճ ԱՄՆ նախագահը, մի դեպուտատն (կոնգրեսմեն) ի՞նչ է, դրա պատճառով իրավունք չունի ու չի կարողանում անել այն, ինչ նույնիսկ մեր արտգործնախարարն է անում 5 րոպեում):
Շատերն են այս հեքիաթին հավատում:
Էս նույն հեքիաթը բեմականացվում է այսօր:
Ու մի քիչ էլ այսօրվա հեքիաթին հավատացողներ կան:
Ես «հորս արեւ» երդումներով հեքիաթասացներին հավատացողների մեջ չեմ:
Ոչ այս, ոչ էլ այն:
Այս մոտեցումները հատուկ են դասական ավտորիտար ռեժիմներին եւ հեքիաթ են բարի ցարի ու անարժան բոյարների մասին, որոնցով 21-րդ դարում, այն էլ Հայաստանի նման երկրում, ինքնիշխան պետություն կառուցելն ինքնախաբեություն է եւ անհնար:
Ուղղակի սեղանին խփվող ցարաստալինյան ամուր բռունցքին՝ որպես փոխարինող բալասան, այժմ առաջարկում են «քաղաքական կամք» դեղամիջոցը:
Միջին հոմոսովետիկուսին բնորոշ մտածելակերպ, որի ոգեշնչման ու աջակցման աղբյուրները հիմնականում դրսում են:
Այս՝ վարչահրամայական մեթոդը բումերանգ է, որը մեկ տարում գուցե թվացյալ դրական արդյունք տա, բայց հետոյի իրական բացասական հետեւանքներն ինձ համար աքսիոմատիկ են ու կախված չեն անձերից:
Ու նախագահական հաջորդ ցիկլի հաջորդ փուլում էլի նոր ընդվզումներ, նոր ու հին գործող անձինք ու էլի նոր երանգավորումներով ողբերգական պայքար՝ ժողովուրդն ընդդեմ իշխանության:
Այժմ ի՞նչ եմ առաջարկում.
1. Ձեւավորել անցումային, ժամանակավոր Ազգային խորհուրդ (ԱԽ)՝ 2-2,5 տարով:
2. 6 ամսում սահմանադիր ժողովի կազմավորում եւ դրա առաջարկով, հանրաքվեով, Ազգային խորհրդի հսկողությամբ՝ նոր Սահմանադրության ընդունում:
3. Հաջորդ 6 ամսում, ԱԽ-ի համաձայնությամբ, նոր Ընտրական օրենսգրքի ընդունում եւ
4. ըստ նոր Սահմանադրության ու նոր Ընտրական օրենսգրքի, ԱԽ-ի հսկողությամբ, նոր Ազգային ժողովի ընտրությունների անցկացում:
5. Հաջորդ 6 ամսում, ԱԽ-ի հսկողությամբ, նոր Սահմանադրությամբ նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (Երեւանի քաղաքապետ, մարզպետներ, համայնքապետեր):
6. Եվ, վերջապես, վերջին 6 ամսում, նորից ըստ Սահմանադրության եւ էլի ԱԽ հսկողությամբ, նախագահի (վարչապետի) ընտրություններ:
Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 2 տարի, ավելացրած 6 ամիս էլ՝ չնախատեսված ձգձգումների համար: Ընդամենը՝ 2,5 տարի: Ամեն անգամ պահանջելով հիմա, կորցրել ենք արդեն 12 տարի:
Ազգային խորհրդի որեւէ անդամ (հատկապես ԱԽ նախագահը) այդուհետ իրավունք չպետք է ունենա առաջադրվելու նախագահ (վարչապետ), ԱԺ պատգամավոր, Երեւանի քաղաքապետ: Այս պայմանը կապահովի Սահմանադրության եւ ԸՕ առավելագույն հավասարակշռություն, ընտրությունների առավելագույն օրինականություն, ժողովրդի առավել վստահություն: Որպես փոխհատուցում, ԱԽ անդամներին ու հատկապես ԱԽ նախագահին այդուհետ կարելի է տալ ցմահ կոչումներ ու այլեւայլ արտոնություններ:
Այս առաջարկները հնարավոր մանրամասն մշակված են ու բանավիճային փորձարկումներ են անցել արդեն շուրջ 10 տարի: Առաջարկվել են նաեւ նախագահի երկու թեկնածուի (այլ տարբերակով), որպես նախընտրական ծրագիր:
Յուրաքանչյուր կետ ունի իր խորքային բացատրությունները, որոնցից մի մասը, ցանկության դեպքում, կարելի է գտնել սույն հոդվածի «քաղցր հեքիաթ» բաժնում:
Եթե ընթերցողի մոտ կառաջանան հարցեր, որոնց թվացյալ պատասխանները բերում են այս ծրագրի միարժեք մերժման (իսկ դա ամենից հաճախ հանդիպող վիճակ է), ապա չարժե հապշտապ եզրակացություն անել: Համոզված եղեք, որ այդ հարցերը 10 տարում տրվել եւ ստացել են իրենց սպառիչ պատասխանները: Իսկ եթե կլինեն հարցեր ու առաջարկներ, որոնք առավել կամբողջականացնեն, կուժեղացնեն վերոշարադրյալ ծրագիրը, ապա դրանից կշահենք բոլորս:
Եվ եթե այս ծրագիրը ամբողջությամբ, առանց ձեւախեղումների (միտումնավոր կամ ակամա) դառնա երկխոսության առարկա եւ ընդունվի իրագործման, ապա հավատացե՛ք, որ 2-3 տարի անց վերջապես կավարտվի չարաբաստիկ անցումային փուլը պետական կառավարման ավտորիտար ռեժիմից դեպի կառավարման ժողովրդավարական համակարգ՝ իրավակառուցվածքային առումով եւ սկիզբ կդրվի մրցակցային պետականակերտությանը: Իսկ ԱԽ նախագահ, արդեն այսօր, կարող է լինել այս ծրագրին հավատացող, ժողովրդի այս պահի առավել վստահությունը վայելող մեկը, օրինակ, Լ. Տեր-Պետրոսյանը:
Հակառակ պարագայում՝ հաջորդ ընտրափուլում (5 տարի անց) այս ծրագիրը կարող է համախմբել շատ նախագահական թեկնածուների՝ ապահովելով համաժողովրդական հաղթանակը առանց լուրջ դիմադրության, իսկ ծրագրում ԱԽ-ի գործառույթը կիրականացնի նոր նախագահի գլխավորությամբ ձեւավորվող անվտանգության խորհուրդը:
Ուրախ կլինեմ այս ծրագրի քննարկման համար, ցանկացած բանավիճային ձեւաչափում:
Հ. Գ. Պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ… ինչքա՞ն: