Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՍԽԱԼ Է

Հունիս 07,2008 00:00

Խոսքը տարբեր մարզաձեւերում օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու կարգի մասին է

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ՝ օլիմպիական ուղեգրերը խաղարկվում են թիմային հաշվարկով: Մասնավորապես, Պեկինում այս կամ այն երկրի ներկայացուցիչների մասնակցության թվաքանակը որոշվել է միայն աշխարհի վերջին երկու առաջնություններում առանձին-առանձին տղաների եւ աղջիկների ազգային հավաքականների վաստակած ընդհանուր վարկանիշային միավորների հաշվարկով: Դա ազգային ֆեդերացիաներին պարտադրում է աշխարհի առաջնություններ գործուղել ամբողջական կազմերով թիմեր՝ հնարավորինս շատ միավոր վաստակելու, հետեւաբար՝ օլիմպիական խաղերում ավելի շատ մասնակից ունենալու հույսով (մարզասերները հիշում են, որ մեր աղջիկների հավաքականը, ամբողջապես համալրվելու հնարավորություն չլինելու պատճառով, 2006 թվականին Սանտա Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնություն մեկնել էր թերի կազմով): Իսկ այս տարի այդ պայմանն ավելի է խստացվել:

Հասկանալի է, որ այս կարգը մշակվել է, որպեսզի օլիմպիական խաղերում հանդես գան միայն ամենաուժեղները: Սակայն, կարծում ենք, այդ մոտեցումն անարդարացի է որոշ անհատ ծանրորդների հանդեպ:

Օրինակ, 29-րդ օլիմպիական խաղերում կանանց պայքարում, IWF-ի անհատական թույլտվությամբ, Հայաստանը ներկայացնելու է միայն 63 կգ քաշային Մելինե Դալուզյանը, քանի որ վերը նշված ընդհանուր միավորների միջին հաշվարկով մեր հանրապետությանը բաժին է հասել ընդամենը մեկ տեղ: Մելինեն իսկապես արժանի օլիմպիական է: Սակայն ստացվել է այնպես, որ Պեկինում նրա կողքին չեն լինի ոչ պակաս տիտղոսավոր թիմակիցներ, Եվրոպայի չեմպիոններ Հռիփսիմե Խուրշուդյանը, որը ճանաչվել է նաեւ որպես Հին աշխարհամասի լավագույն կին ծանրորդ եւ Նազիկ Ավդալյանը: Նրանց օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չընձեռելը, համաձայնեք, արդարացի չէ:

Ամենեւին էլ չթերագնահատելով մյուս մարզաձեւերը՝ համեմատենք, թե ինչպե՞ս է դրանցում վարկանիշ ձեռք բերվում:

Օրինակ, ձյուդոիստները, հրաձիգները, աթլետները, ըմբիշները, բռնցքամարտիկները եւ գրեթե բոլոր մյուս մարզաձեւերի ներկայացուցիչները, բացի աշխարհի ու Եվրոպայի պաշտոնական առաջնություններից, հանդես են գալիս նաեւ հատուկ վարկանիշային մրցաշարերում: Ու մի տեղում ձախողվելուց հետո երկրորդ, երրորդ, անգամ չորրորդ անգամ բախտը փորձելու հնարավորություն ունեն: Իսկ եթե նկատի ունենանք, որ ամեն հաջորդ մրցաշարում հավասարազորները «մաղվում» են, ուստի հաջորդում հաջողության հասնելու հեռանկարը համեմատաբար մեծանում է, ու բացի դա, որոշ դեպքերում բաղձալի նպատակին հասնելու համար մարզիկին բավարարում է տվյալ մրցաշարում, ինչը Եվրոպայի առաջնություն չէ, գրավել երրորդ տեղը, ստացվում է, որ նա օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք ունի, իսկ Եվրոպայի չեմպիոնը՝ ոչ: Ինչ ուզում եք ասեք, այստեղ ինչ-որ բան սխալ է ու անարդարացի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել