Ստեփան Սաֆարյանն ու Ալեքսանդր Իսկանդարյանը խոսեցին ԵԽԽՎ 1609 բանաձեւից ու ներքաղաքական իրավիճակից:
«Մեր երկիրը դեռեւս գտնվում է հետմարտիմեկյան ճգնաժամի վիճակում: Մարտի 1-ին հաջորդած զարգացումներին այսօր ավելացել է եւս մեկ գործոն՝ դա հարցի տեղափոխումն է միջազգային ատյաններ, ինչն էապես ազդում է մեր ներքին քաղաքական կյանքի վրա: Այս գործոնի ազդեցությունը զգալի դարձավ մասնավորապես ապրիլի 17-ից հետո, երբ ընդունվեց ԵԽԽՎ 1609 բանաձեւը: Իմ կողմից մի կանխատեսում արվեց, այն առումով, որ Հայաստանում սկսվելու է այդ զեկույցի տարընթերցումների շրջան: Դա էլ տեղի ունեցավ մայիսի առաջին տասնօրյակում եւ այս ճգնաժամում յուրաքանչյուր կողմ փորձեց զեկույցը մեկնաբանել յուրովի, մասնավորապես՝ իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք անընդհատ նշում էին, թե ԵԽ-ի պահանջները պարտադիր կատարման ենթակա չեն: Օրինակ, Տիգրան Թորոսյանն ասում էր, թե դրանք տառետառ կատարման ենթակա չեն, իսկ Հերմինե Նաղդալյանն ու Դավիթ Հարությունյանը հակառակն էին կարծում: Այսինքն, թե իշխանության, թե ընդդիմության համար բացվեց մեկնաբանությունների շրջան»,- երեկ «Տեսակետ» ակումբում ներքաղաքական իրավիճակն այսպես գնահատեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով, ընդդիմությունը ԵԽ-ի զեկույցը ներկայացրել է իբրեւ սեփական պահանջների արդարացվածություն, մասնավորապես՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահով, ինչի հետ կապված՝ ԵԽ-ի բանաձեւը կոչ էր անում ՀՀ իշխանություններին: Բանախոսի խոսքերով, հաշվի առնելով իշխանության ճամբարի խիստ անհամասեռ կառուցվածքը՝ բանաձեւի ընդունման ամբողջ ժամանակահատվածում ի հայտ եկած տարաձայնություններն էական ազդեցություն թողեցին իշխանության ներսում միայն այն պրոցեսների վրա, որոնք սկսվել էին սթափեցնող պահից հետո. «Կարծում եմ, որ իշխանության ճամբարում տակավին առկա է մի հսկայական բանակ, որը կողմ չէ լիարժեք երկխոսություն սկսելուն, բայց կան առանձին մարդիկ, ովքեր գիտակցում են դրա կարեւորությունը, որովհետեւ ստեղծված իրավիճակը երկու կողմերին էլ որեւէ լավ բան չի խոստանում»: Անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք հանրահավաքին «Ժառանգության» անելիքներին, Ս. Սաֆարյանը նշեց. «Եթե խաղաղ հավաքի արդյունքում, Աստված մի արասցե, որոշակի զարգացումներ լինեն, ուրեմն պատասխանատուն իշխանություններն են: Քանի որ ես որեւէ տեղեկություն կամ հիմք չունեմ ենթադրելու, որ ընդդիմության գործողությունները սպառնում կամ վտանգ են ներկայացնում հասարակությանը, խաղաղ հավաքի մասնակիցներին, կամ էլ ազգային անվտանգությանը: Մյուս կողմից էլ, ես հիմք ունեմ ասելու, որ եթե որեւէ զարգացում տեղի ունենա, ապա պատասխանատուն իշխանություններն են, որովհետեւ Սահմանադրության 3-րդ հոդվածը նշում է, որ պետությունը ապահովում է մարդու իրավունքների իրացումը: Սա պոզիտիվ պատասխանատվություն է, իսկ եթե չկատարվի, ապա կնշանակի, որ պատասխանատվությունը պետության վրա է: Մենք, բացի այն, որ ընդդիմություն ենք, նաեւ տարրալուծված ենք ժողովրդի մեջ, մշտապես մասնակցելու ենք ընդդիմության հանրահավաքներին, որովհետեւ ոչ միայն պարտավոր ենք, այլեւ ճիշտ է, որ ունենանք համագործակցության եւ համակարգվածության մակարդակ»: Ս. Սաֆարյանն անդրադառնալով մարտի 1-ի դեպքերի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի վերաբերյալ խորհրդարանական լսումներին, նշեց, որ իրենց կուսակցությունը բոյկոտել է այդ լսումները, բայց այն պահից հետո, երբ պարզ է դարձել, որ «Ժառանգությունը» զրկված է ելույթ ունենալու իրավունքից. «Կանոնակարգի համաձայն, ամենափոքրաթիվ կազմով խմբակցությունն է առաջինը հանդես գալիս, իսկ տվյալ պահին դա մեր խմբակցությանն էր վերաբերում, այնինչ, հերթագրումներից հետո մեզ արգելեցին ելույթ ունենալ, թեեւ հարց ու պատասխաններին, այնուամենայնիվ, ներկա գտնվեցինք: Զեկույցի քննարկումն ապացուցեց, որ իշխանությունների վերաբերմունքը երկրում առկա իրավիճակի վերաբերյալ՝ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս»: Ըստ Ս. Սաֆարյանի, լսումներն ապացուցել են, որ իշխանությունները սկսել են երկբեւեռ մտածել ու գործել. «Բազմիցս նշել ենք, որ երկխոսության մասին զրույցներն իմիտացիա են, սակայն չեմ կարող չփաստել, որ իշխանական թեւում էլ կան մարդիկ, ովքեր ցանկանում են պարզաբանումներ մտցնել երկրում գերակա խնդիրների վերաբերյալ: Սա էլ հերթական ապացույցներից մեկն է, որ իշխանության մեջ էլ են տարակարծություններ լինում»:
Նույն օրը «Տեսակետը» հյուրընկալել էր նաեւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: Նա եւս անդրադարձել է հայտնի 1609 բանաձեւին ու հայտարարել, թե իրատեսական չի համարում, որ բանաձեւի չկատարման դեպքում ԵԽ-ում Հայաստանին ձայնի իրավունքից կզրկեն, որովհետեւ, նրա խոսքով, 1609 բանաձեւում ընդհանրապես խոսք չկա նշված կետերի անհապաղ կատարման մասին. «Բանաձեւի տեքստում ուղղակի ցույց է տրված զարգացման ուղին: Բացի այդ, ընդդիմության մասով գրված է, որ նա պետք է ընդունի իշխանությունների լեգիտիմությունը: Պարզ է, որ ընդդիմությունը դա չի անում»: Խոսելով ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, Ա. Իսկանդարյանը ասել է. «Սա հերթական քաղաքական գործընթաց է, որին պետք է մասնակցեն պետությունները, որտեղ նրանք հանդիպում են, խոսում մի շարք թեմաների մասին եւ ԼՂ հակամարտությունն էլ այդ թեմաների շարքին է պատկանում,- քիչ անց էլ հավելել,- երբ տարածաշրջանում հասունանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությունը, նախագահները կարող են նույնիսկ չհանդիպել»: