Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Հունիս 07,2008 00:00

\"\"Խաչատրյանական մրցույթի այս «առանձնահատկությունը» ժյուրիի նախագահ Էդուարդ Թադեւոսյանը բացատրում է որակաձողի բարձրացմամբ:

Երեկ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացավ մեծանուն կոմպոզիտոր Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկիրների պարգեւատրման արարողությունն ու եզրափակիչ համերգը: Հիշեցնենք, որ այս տարի մրցում էին ջութակահարներ 8 երկրից՝ Ճապոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Հարավային Կորեայից, Մեքսիկայից, Վրաստանից եւ, բնականաբար, Հայաստանից: Ժյուրին գլխավորում էր պրոֆեսոր Էդ. Թադեւոսյանը, անդամներն էին Գ. Ժիսլինը (Գերմանիա), Վ. Լանդսմանը (Կանադա), Կ. Հարությունյանը (Բելգիա), Ի. Միրկովիչը (Խորվաթիա) եւ Ա. Տրոստյանսկին (Ռուսաստան): Առաջին մրցանակ չշնորհվեց, երկրորդ տեղը կիսեցին Մերի Խոջայանը (Հայաստան) եւ Էմիլիո Մեսեներոն (Ֆրանսիա), իսկ երրորդը՝ Հիրոմի Իշիմոտոն (Ճապոնիա), Աննա Հարությունյանը (Հայաստան) եւ Ջիկմու Լեեն (Հարավային Կորեա):

Մրցութային օրերին «Առավոտի» անցկացրած հարցախույզի արդյունքները հայաստանցի երաժիշտների հետ եւ մրցույթի արդյունքները համընկան, մասնավորապես՝ մեր զրուցակիցները նշում էին, որ իրենք գլխավոր մրցանակակիր չեն տեսնում: Այս առիթով մեզ հետ զրույցում ժյուրիի նախագահ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանն ասաց. «Խաչատրյանական մրցույթը «երիտասարդ» է, այն անցկացվում է 2003-ից: Մրցույթի կազմկոմիտեն իր առջեւ նպատակ է դրել որակաձողը բարձրացնելով՝ հասցնել աշխարհի հեղինակավոր մրցույթներին: Այո, ժյուրիի անդամների մոտեցումը յուրաքանչյուր կատարողի հանդեպ՝ խիստ էր: Չկարծեք, թե առաջին մրցանակ չենք շնորհել կանխամտածված, իբր ցույց տալու մեր մրցույթի բարձր մակարդակը: Կային ժամանակներ, երբ, օրինակ, մի քանի մրցույթի դափնեկիրը՝ մասնակցելով հերթականի ընտրական փուլին, չէր անցնում: Դա նրանից էր, որ պահանջներն էին շատ բարձր: Մյուս կողմից էլ, ինչու չէ, արտերկրում թող կարծիք ձեւավորվի խաչատրյանական մրցույթի մասին: Ես եւ իմ սերնդակիցները ժամանակին մասնակցելով միջազգային մրցույթների, ձգտում էինք հասնել, ինչ-որ տեղ էլ՝ նմանվել մեծ երաժիշտներին, մեծ ջութակահարներին: Այսօր երիտասարդության վերաբերմունքը մի տեսակ փոխվել է, տեղի է ունեցել արժեքների վերանայում… »: Հարցին` այնուամենայնիվ, երկրորդ մրցանակին արժանացած երկու ջութակահարներից որեւէ մեկը չէ՞ր «ձգում» առաջինին, պարոն Թադեւոսյանը պատասխանեց. «Մերի Խոջայանը ընդամենը 17 տարեկան է, Երեւանի կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանող: Նա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում սովորելու տարիներին մասնակցել է երեք միջազգային մրցույթների, իսկ 2001թ. Իտալիայում կայացած «Valsesia Musica»-ում գրավել առաջին մրցանակը: Ճիշտ է, Մերիի կողմից մրցույթում հնչեցրած այս կամ այն ստեղծագործության մեկնաբանությունը յուրովի էր, սակայն լուրջ փորձառության բացակայությունը նրան խանգարում էր: Իսկ ֆրանսիացի երիտասարդը՝ Էմիլիոն, 22 տարեկան է, ունի մրցույթներին մասնակցելու մեծ փորձ, բեմական վստահություն, օրինակ, 2006թ. Բելգիայում կայացած «Henry Koch»-ում շահել է առաջին մրցանակը: Խաչատրյանական մրցույթում երկրորդ տեղը կիսած երկու ջութակահարներն ունեին տեխնիկական լավ պատրաստվածություն եւ իրոք արժանի էին երկրորդ մրցանակին»: «Առավոտի» հետ զրույցում Մերի Խոջայանը դպրոցական տարիներին մասնակցած մրցույթները չթերագնահատելով, կարեւորեց այս՝ խաչատրյանական մրցույթը: Էմիլիո Մեսեներոն էլ առանց մանրամասնելու նշեց, որ իր մասնակցած մրցույթներից սա ամենաբարդն էր եւ հավաստիացրեց, որ այսուհետեւ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կլինի իր երկացանկից անբաժան, հավելելով՝ «Շատ եմ սիրում հատկապես կոնցերտի երկրորդ մասը, որտեղ կոմպոզիտորը «նկարագրել» է հայ կնոջ լացը՝ կռվում կորցրած զավակների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել