Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախ պիտի բացենք բոլոր սահմանները»

Հունիս 07,2008 00:00

Կովկասյան խնդիրների վերաբերյալ երեկ մեկնարկած միջազգային գիտաժողովում երազեց Թուրքիայի երկայացուցիչ Նագիհան Հալիլոգլուն:

Երեկ մեկնարկեց «Իրան եւ Կովկաս. միասնություն եւ բազմազանություն» խորագրով գիտաժողովը, որը կընթանա մինչեւ հունիսի 8-ը: Այս առիթով ՀՀ են ժամանել 22 երկրից 106 գիտնական եւ 20 դիտորդ: Կոնֆերանսը կազմակերպել է «Իրան եւ Կովկաս» միջազգային արեւելագիտական հանդեսը: ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը «Առավոտին» վստահեցրեց. «Վերջին 10 տարիների ընթացքում կազմակերպվածներից այս համաժողովը ամենախոշորն է տարածաշրջանում: Այստեղ խոսվելու է քաղաքական, քաղաքակրթական, աշխարհագրական, մշակութային խնդիրների մասին: Օրինակ՝ անջատողականության եւ այլնի մասին հարցեր կքննարկվեն, որոնք այժմ լուրջ ուշադրության կարիք ունեն»: Գիտաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Իրանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Ճապոնիայից եւ այլ երկրներից ժամանած մասնագետներ: «Առավոտը» զրուցեց նրանց հետ: Օրինակ՝ ԱՄՆ ներկայացուցիչ Մարտին Շվարցը, որն ուսումնասիրում է հնագույն եւ միջին իրանական լեզուներ, փաստեց. «Կովկասը երկար ժամանակ աշխարհագրական, մշակութային եւ քաղաքական առումներով Իրանի ազդեցության տակ է եղել: Օրինակ՝ սա է վկայում այն, որ հայոց լեզուն բազում լեզվական կապեր ու նմանություններ ունի պարսկերենի հետ»: Քանի որ վերջերս Իրանի եւ ԱՄՆ-ի «ջրերը մեկ առվով չեն հոսում», Մ. Շվարցից հետաքրքրվեցինք, թե ԱՄՆ-ում ինչպե՞ս են վերաբերվում պարսիկներին. «Մենք ունենք մեծաթիվ պարսիկ ազգաբնակչություն Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Բերկլիում, Նյու Յորքում եւ այլուր: Պարսիկները բավարար չափով ինտեգրված են կինոարտադրության, լրատվամիջոցների ասպարեզում: Կոնկրետ ես՝ նրանց հաճելի եւ հետաքրքիր եմ համարում: Կան նաեւ շատ ամերիկացիներ, որոնք Միջին Արեւելքի մասին շատ քիչ բան գիտեն: Սա նաեւ պայմանավորված է քաղաքական իրավիճակով: Ամերիկան այժմ ընտրությունների նախաշեմին է: Հուսով եմ, որ նախագահի փոփոխումից հետո ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերությունները կնորմալանան, կլինի երկխոսություն: Թշնամության մթնոլորտն այժմ չափից ավելի է»:

Ազգությամբ վրացի Ելենա Գյունաշվիլիին էլ փորձեցինք մի քանի քաղաքական բնույթի հարցեր տալ, մասնավորապես, թե ինչպես է գնահատում ՄԱԿ-ում վրացիների դիրքորոշումը՝ հայտնի բանաձեւի ընդունման ժամանակ: Նա կտրականապես հրաժարվեց պատասխանել եւ խոսեց իր ուսումնասիրությունների մասին. «Իմ հետաքրքրության առարկան մինչմուսուլմանական Իրանն է՝ Սասանյան Պարսկաստանը»:

Իրանի ներկայացուցիչ Մուհամադ Ռեզա Սահաբն էլ, որն ուսումնասիրում է հին պատմական քարտեզներ, փաստեց. «Հին քարտեզներում չի հիշատակվում Ադրբեջանը՝ որպես այդպիսին: Արաքսից ներքեւ, Իրանի տիրապետության շրջանում եղել է մի պետություն՝ Արան անունով: Ավելին, դեռ 150 տարի առաջ, մինչեւ ԽՍՀՄ տիրապետությունը, Կովկասի տարածաշրջանի մեծ մասն Իրանի տիրապետության տակ էր: Իսկ բոլոր հակամարտությունները, տարածքային վեճերն առաջացան հենց խորհրդային ժամանակներում, երբ առաջացան առանձին պետություններ: Խոսքը վերաբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին»:

Թուրքիայի երիտասարդ ներկայացուցիչ Նագիհան Հալիլոգլուն, որ ուսումնասիրում է Իրանի իմիջը թուրքական քաղաքակրթության մեջ, կովկասցիներին խորհուրդ տվեց ավելի ջերմ լինել եւ հաճախ հանդիպել: Իսկ թուրք-իրանական քաղաքական հարաբերությունների մասին ասաց. «Իրանի եւ Թուրքիայի քաղաքական խնդիրներն առաջանում են Իրանի եւ Ամերիկայի հարաբերությունների համատեքստում: Այդ դեպքում Թուրքիան հիմնականում ավելի չեզոք դիրք է գրավում, քան պաշտպանում է ԱՄՆ-ին»: «Առավոտը» մի ռոմանտիկ հարց հղեց թուրք զրուցակցին՝ հետաքրքրվելով, թե երբեւէ եթե կովկասյան երկրները միավորվեն, այդ միավորումը Եվրամիությունից հզոր կարո՞ղ է լինել: «Դրան երկար ժամանակ է պետք: Նախ պիտի բացենք բոլոր սահմանները, սկսենք միմյանց լեզուներ սովորել, հաճախ հանդիպել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել