Իրենց մոնիթորինգին խանգարող Բժշկական համալսարանն այսպես է որակում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միության ատենապետ Նարեկ Գալստյանը:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց, որ իրենց միությունը դեռեւս մեկ ամիս առաջ որոշել է բուհերում կրեդիտային համակարգի հետ կապված մոնիթորինգ անցկացնել ու հանդիպել է բազմաթիվ խոչընդոտների: «Մենք աշխատում ենք քաղաքակիրթ տարբերակով. մեր միության անունից դիմում է գրվել ու փոխանցվել բուհերի ղեկավարներին: Մենք նրանց զգուշացրել էինք, որ կամ գրավոր պատասխանեն մեզ, կամ էլ ինքներս կգնանք պատասխանն իմանալու»,- պատմում է մեր զրուցակիցը ու հավելում, որ մտածել են, թե ոչ մի բուհում խնդիր չի լինի, քանի որ այս մոնիթորինգը բուհերի չսիրած՝ բուհական կոռուպցիայի, ուսխորհուրդների լեգիտիմության աստիճանի եւ նման այլ թեմաներով չէր: «Իրականում, բացի ԵՊՀ-ից ու պետկոնսերվատորիայից, որոնք պատրաստակամություն հայտնեցին աջակցել, մյուս բոլոր բուհերում սկսվեցին հերթական հիստերիկ արձագանքները: Մի տեղ ասում էին՝ նամակի տակ մի ստորագրություն պակաս է դրված՝ չենք կարող ընդունել, մեկ այլ բուհում ուրիշ պատճառաբանություն էին բերում: Ամենահիստերիկ արձագանքը, ինչպես միշտ, այս անգամ էլ Բժշկական համալսարանի կողմից էր: Այս բուհի հետ մեր ուսանողական միության հարաբերություններն արդեն ավանդաբար վատ են դասավորվել, բայց, այնուամենայնիվ, չէինք սպասում, որ նման կտրուկ մերժում կտան»,- տեղեկացրեց «Սարգիս Տխրունու» ատենապետը: Ն. Գալստյանի փոխանցմամբ, Բժշկական համալսարանից պատասխանել են, թե իրենք իրենց համար նմանատիպ մոնիթորինգ անցկացրել են ու ուրիշի կարիքը չունեն. «Նրանք նույնիսկ արգելել են բուհի պահակներին, որ այսուհետեւ մեր ուսանողական միության որեւէ ակտիվիստի, որին դեմքով ճանաչում են, ներս թողնել: Նույն հիմար պատմությունը ստացվեց Թատերական ինստիտուտում: Այնտեղ եւս ասացին, որ նպատակահարմար չեն գտնում մոնիթորինգի անցկացումը… Երեւի այս թեժ ժամանակահատվածում ամեն ինչ կապում են քաղաքականության, ընդդիմության կամ էլ Համաժողովրդական շարժման հետ»: Ինչ վերաբերում է Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին, ապա այստեղ միությանը պատասխանել են, որ իբր կորցրել են միության կողմից իրենց ուղարկված նամակը: «Մանկավարժական համալսարանում էլ մեր ուղարկած հարցաթերթիկները մի 15 օր ուսումնասիրեցին ու այդ օրերի ընթացքում երեւի խելքը գլխին ոչ մի սոցիոլոգ չկարողացան գտնել, որ կարողանա ինչ-որ բան ասել: Այսպիսով, մեր բուհերը ամեն ինչ արեցին, որ մոտենա բուհական քննաշրջանն ու ամեն ինչ տապալվի: Այս ամենը վդովեցուցիչ է»,- դժգոհեց Ն. Գալստյանը: Դառնալով Բժշկական համալսարանին, Ն. Գալստյանը նշեց. « Բժշկական համալսարանը բոլոր բուհերի մեջ ամենափակ, ամենամութ ու ամենաանհասկանալի, ամենաքաղաքականացված կառույցն է, որտեղ կարող են մեկ բացակայության համար մարդ հեռացնել: Այս բուհն ընդամենը շահույթ հետապնդող ՍՊԸ է: Իսկ մեր կազմակերպության նամակի մերժման գնահատականը մեկն է՝ այստեղ վախենում են, որ հերթական անգամ կոռուպցիայի թեմայով եւ իրենց համար ոչ հաճելի խոսակցություն ընթանա: Հիշեցնեմ, որ մեր՝ նախկինում անցկացրած հարցումներով Բժշկական համալսարանը ամենակոռումպացված բուհերի տասնյակում զբաղեցնում էր երկրորդ պատվավոր հորիզոնականը»:
Ն. Գալստյանը համոզված է, որ բուհերի նման վերաբերմունքն ու ցասումով լի հայտարարություններն ընդամենը ցույց են տալիս այն, որ իրենց մոտ ո՛չ կրեդիտային համակարգի ներդրումը, ո՛չ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, ո՛չ ուսխորհուրդների գործունեությունը եւ ո՛չ էլ մյուս հարցերը նորմալ չեն. «Օրինակ, երբ ուսխորհուրդներին հարցնում էինք, թե քանի՞ հոգի է անցնում կրեդիտային համակարգով, ոչ ոք չգիտեր այդ մասին: 5-6 օր ճշտում էին: Անգամ դասախոսների մի մասը առաջին անգամ էր լսում այդ համակարգի մասին»:
Նա նաեւ նշեց, որ նորանշանակ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ հույսեր են կապում. «Նախկինում էլ ենք մոնիթորինգներ անցկացրել, բայց Լեւոն Մկրտչյանը առանձնապես բաց չէր քննարկումների համար: Ճանաչելով Սպարտակ Սեյրանյանին՝ կարող եմ ասել, որ նա այս առումով շատ ավելի բաց է: Վստահ եմ, որ եթե նրան դիմենք՝ հաստատ մեր խնդրին ընթացք կտա: Մյուս կողմից էլ, եթե նախարար Սեյրանյանի աշխատանքի մեջ էլ բացեր տեսնենք՝ միանշանակ քննադատելու ենք»: Ն. Գալստյանը հավելեց, որ այս տարի եւս ընդունելության քննությունների ընթացքում կոռուպցիայի հետ կապված մոնիթորինգ են անցկացնելու ու հերթական անգամ մամուլի միջոցներով տարածելու են բոլոր դժգոհությունները: