Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՄԵՆԱԿ

Հունիս 07,2008 00:00

\"\"Քաղբանտարկյալները հրաժարվեցին դատավարությունից

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Գյումրիի զինվորական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի եւ ազատամարտիկ Շոթա Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործի քննությունը, որ հասավ խեղկատակության գագաթնակետին: Երեկ դահլիճը սպասում էր Արա Արտուշի Մովսիսյանի «հայտնությանը», ով, ինչպես արդեն գրել ենք, բոլորովին կապ չունենալով Գյումրիի 34/06 ընտրատեղամասային հանձնաժողովի հետ՝ իրեն իրավունք էր վերապահել «դիրիժորություն» անել այնտեղ: Վերջինս, ըստ քրգործին կցված տեսաերիզի, սադրանքներ էր հրահրել 34/06 տեղամասում՝ ակնհայտորեն փորձելով գործ սարքել Պետրոս Մակեյանի գլխին, ով հանձնաժողով էր այցելել Սերժ Սարգսյանի օգտին կատարված լցոնումների համար բացատրություն պահանջելու: Երեկ դատը սկսվելուն պես դատավոր Վահե Խալաթյանը հայտարարեց, որ վկան անհայտ ժամկետով բացակայում է հանրապետությունից ու որպես ապացույց ներկայացրեց «Բաղավիա» չվերթից կատարված հարցումը, ըստ որի, նա մայիսի 23-ին մեկնել էր Եվրոպա: Դահլիճը պոռթկաց. «Կարգին դզիք-փչիք էլի, երթալն եղնի, գալը չեղնի»: Դատավարության մասնակիցները լսեցին մեկ այլ սենսացիոն տեղեկություն եւս. դատախազները սկսել են գործ սարքել փաստաբան Հովիկ Արսենյանի գլխին, ով օրեր առաջ գտել էր փախած վկաներից մեկին՝ դաշնակցական Վահան Գասպարյանին, դրանով ապացուցել էր, որ դատախազությունն ու դատարանը ստում են՝ ասելով, թե նա ՀՀ-ում չի: Վկայի վրա իբրեւ թե ճնշումներ գործադրելու ու նրանից գրավոր հայտարարություն վերցնելու կասկածով այժմ դատախազությունը նյութեր է նախապատրաստում փաստաբանի դեմ: «Այս ձեռագիրն ինձ քաջ հայտնի է, նման մի գործ իմ վրա հարուցեցին 2002 թ.-ին, բայց ամբողջ հանրապետությունը գիտի, որ Հովիկ Արսենյանը վախեցողներից չէ, ես մի բան գիտեմ՝ որ լավ է անվախ զոհվել, քան վախենալով մեռնել: Եթե հերոս լեգենդը (ի նկատի ուներ Աշոտ Զաքարյանին- Ն. Ա.), ճաղերի հետեւում է, ես ի՞նչ իրավունք ունեմ այստեղ գտնվելու»,- ասաց Արսենյանը՝ միջնորդելով փոխել ամբաստանյալների խափանման միջոցը: Սակայն դատարանը, ինչպես սպասվում էր, մերժեց միջնորդությունը: Մերժեց նաեւ Աշոտ Զաքարյանի փաստաբան Գրիշա Մանուկյանի միջնորդությունը, ով պնդելով, որ քրգործը ապօրինի է եւ ենթակա է կարճման՝ պահանջում էր ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ի վերջո, Հովիկ Արսենյանը միջնորդեց կասեցնել գործը, քանի որ իրենք խափանման միջոցը փոխելու նպատակով բողոքարկելու են վերաքննիչ: Դատախազ Արմեն Բոշնաղյանը հայտարարեց, որ իրենք դեմ են: Դատավորը դարձյալ մերժեց միջնորդությունը: Այստեղ մասնակիցների համբերությունը հատեց՝ նրանք «թուրքեր, թուրքեր» վանկարկելով թղթեր նետեցին դատավորի ու դատախազների ուղղությամբ: Պ. Մակեյանը հայտարարեց. «Մեր ձերբակալությունը, պատանդի կարգավիճակում պահելը, քրգործ թխելը, այնուհետ մեղադրական կողմի թելադրանքով դատավարություն անցկացնելը Աղվան Հովսեփյանի սցենարն է՝ պատվիրված իշխող կլանի պարագլուխներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, ինչը վերջիններիս անձնական վրեժխնդրության հետեւանքն է: Մենք, ի սկզբանե այս ամենն իմանալով, այնուամենայնիվ համաձայնեցինք մասնակցել դատավարությանը, հանդուրժել դատավորի ու մեղադրող կողմի ապօրինությունները, ինչը նպատակ ուներ մեր հասարակությանը եւ միջազգային հանրությանը իրազեկել, թե ինչպես են քաղաքական հայացքների համար հետապնդումներ իրականացնում, շինծու գործերով պահում ճաղավանդակներում: Քրգործը, որպես այդպիսին, փլուզվեց, սակայն դատարանը ոչ միայն հրաժարվեց իրականացնել արդարադատություն, այլեւ խախտեց Սահմանադրությունը՝ կատարեց քաղաքական պատվեր: Մենք՝ քաղաքական բանտարկյալներս, հայտարարում ենք՝ քանի չի փոխվել մեր խափանման միջոցը՝ հրաժարվում ենք դատավարության հետագա մասնակցությունից եւ նույնը խնդրում ենք մեր պաշտպաններից»: Դատն անորոշ ժամկետով հետաձգվեց. դատավորն ու դատախազները ժողովրդի սուլոցների ու անեծքների տակ հազիվ փախան դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել