Լրահոս
Օրվա լրահոսը

«Քլնգեց» ծրագիրը

Հունիս 07,2008 00:00

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գտնում է, որ կառավարության ծրագիրը «լոլոների» շարան է:

«Հայաստանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն վերածելու՝ կառավարության խոսքերը հերթական «լոլոն» են, որով կերակրում են մեր հասարակությանը»,- երեկ «Հայելի» ակումբում Հրանտ Բագրատյանը այսպես է գնահատել կառավարության վերջին գործողությունները: Խոսելով կառավարության ծրագրի մասին՝ պարոն Բագրատյանն ասել է, որ այն «լոլոների» շարան է. «Որովհետեւ այնքան ընդհանուր է, որ ընդունելի է բոլոր երկրների համար: Եթե այդ ծրագրում փոխենք Հայաստանի Հանրապետություն բառերը՝ ասենք, Բանգլադեշով, այն ընդունելի կլինի նաեւ Բանգլադեշի համար»: Նա առարկություն է հայտնել ծրագրում նշված առաջնահերթությունների առնչությամբ. «Այդ ծրագրի համաձայն, տարեկան 0,3-0,4%-ով կավելանա հարկերի տեսակարար կշիռը, ինչը նշանակում է, որ որեւէ փոփոխություն չի սպասվում»:

Անդրադառնալով կառավարության ծրագրի՝ կրթության եւ առողջապահության հատվածին, նա ասել է, որ կրթօջախների կոնցեպտը պակասում է, մինչդեռ միայն դրանով կվերանան արտաժամյա պարապմունքները: «Առողջապահության ոլորտում էլ թերություններն ակնհայտ են: Պետությունը պետք է ֆինանսավորի ոչ թե հիվանդանոցները, այլ հենց հիվանդներին»,- համոզմունք է հայտնել պարոն Բագրատյանը: Նա նաեւ ասել է, որ, խոշոր հաշվով, կառավարության ծրագիրը պետք է պատասխանի քաղաքական խնդիրների. «Երբ խոսքը ներքին քաղաքականության մասին է, արտաքին քաղաքականությունն ասում է, որ հիմքը ազգային անվտանգության կոնցեպցիան է, որն էլ դատարկություն է՝ հերթական «լոլոների» շարան»:

Նրա խոսքերով՝ առաջնահերթությունները պետք է լինեն պետության կայունության կամ զարգացման հետ կապված խնդիրներ. «Նախ պետք է նայել շուկայական տնտեսության վերականգնմանը: Պետք է այնպես անել, որ մրցակցություն գոյանա»:

Անդրադառնալով մեր բանկային համակարգին՝ պարոն Բագրատյանն ասել է, որ հայկական բանկային համակարգը, համեմատած Վրաստանի եւ Ադրբեջանի բանկային համակարգերի հետ, ամենաթերզարգացածն է. «Մեր բանկային ակտիվները կազմում են ՀՆԱ-ի մոտ 20-25%-ը, իսկ Ադրբեջանում զարգացումը շատ ավելի արագ է: Բացի դրանից, մեզ մոտ դեպոզիտի վրա եկած գումարը պարտադիր հարկվում է: Մեր երկրի բանկային համակարգը չունի տարածաշրջանի հետ ինտեգրվելու որեւէ շանս, այն պարզ պատճառով, որ փողի բազան չափազանց քիչ է: Ադրբեջանական 1 բանկն ունի այնքան ակտիվներ, որքան Հայաստանի բոլոր բանկերը միասին վերցրած»: Ըստ նրա՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ամեն դեպոզիտի կամ ավանդի մասին ցանկացած ինֆորմացիա՝ ցանկացած պահի բանկերը պարտավոր են ամբողջությամբ տրամադրել Կենտրոնական բանկին. «Եթե դուք 1000 դոլար փող եք դնում բանկում, Կենտրոնական բանկն այդ մասին ցանկացած պահի կարող է տեղեկացնել դատախազությանը»:

Նա նաեւ արտահայտել է իր կարծիքը վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին. «Ճանաչելով նրան՝ որպես անձի, ասեմ, որ նա այնտեղ խաղեր է խաղալու ու ոչինչ էլ չի անելու այդ կառավարությունում: Բան անող մարդը կխոսե՞ր այդպես: Գոնե մի էջ բան կգրեր, որի համար ինքը պատասխանատվություն կկրեր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել