Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՊԱՀՊԱՆՎԵԼ

Հունիս 07,2008 00:00

\"\"Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունները մի կերպ են լեզուն, ազգային մշակույթն ու ավանդույթները պահպանում:

«Մենք Հայաստանում ապրում ենք ավելի քան 200 տարի: Չնայած դրան, այսօր շատ խնդիրներ ունենք: Մեր իրավունքները, որպես ազգային փոքրամասնություններ, ոտնահարվում են: Նախ պետական ֆինանսավորումն է քիչ, բացի այդ, լեզուն պահպանելու խնդիր ունենք, քանի որ Հայաստանում ասորական դպրոցներ չկան եւ այդ պատճառով մեր երեխաները հաճախում են հայկական կամ ռուսական դպրոցներ, մեր լեզուն էլ շատ քիչ է գործածվում»,- «Առավոտի» հետ զրույցում իր դժգոհությունն այսպես արտահայտեց ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ ասորի Իրինա Գասպարյանը: Նա Հայաստանի ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահն է:

Նշենք, որ 2001-ին մեր երկիրը վավերացրել է Եվրամիության ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող շրջանակային կոնվենցիան: Այսինքն՝ սույնով Հայաստանը պարտավորվել է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների համար ստեղծել հավասար պայմաններ, ապահովել նրանց մշակույթի, կրոնի, ավանդույթների պահպանումն ու զարգացումը: Բացի այդ, ուսումնական հաստատություններում ներդնել փոքրամասնության լեզվի ուսուցումն ու այդ լեզվով կրթությունը, ինչպես նաեւ թույլատրել այնպիսի կրթական կենտրոններ բացել, որտեղ ուսուցումը պետք է լինի մայրենի լեզվով: Այսօր Հայաստանում բնակվող ասորիների հիմնական խնդիրը լեզուն պահպանելն է: Ինչպես ասաց Ի. Գասպարյանը, ճիշտ է, Պուշկինի անվան դպրոցում ասորերեն դասավանդվում է, սակայն շաբաթական 3 դասաժամը բավարար չէ լեզուն լիարժեք ուսումնասիրելու համար: Բացի այդ, ոչ բոլոր ասորի երեխաներն են կարողանում հաճախել դպրոց, քանի որ քաղաքի ծայրամասերում բնակվողները, Ի. Գասպարյանի խոսքերով, սոցիալական պայմաններից ելնելով ի վիճակի չեն ամեն օր տրանսպորտով կենտրոն հասնել. «Այդ դպրոցում բժշկագիտություն ավելի շատ են դասավանդում, քան մեր լեզուն: Ես շատ եմ պայքարել, որպեսզի ավելացնեն ժամերը, սակայն՝ անօգուտ»:

Ասորիների համար նաեւ մեծ խնդիր է լեզվի մասնագետ ունենալը. «Գոնե պետությունը մեզ, որպես ազգային փոքրամասնության, համալսարանի ասորագիտության ֆակուլտետում անվճար տեղ հատկացնի, որովհետեւ պետության կողմից տրվող տարեկան մոտ 400 հազար դրամը տալիս ենք մեր ուսանողին որպես ուսման վարձ: Էլ տակը փող չի մնում, որ կիրակնօրյա դպրոց բացենք, էլ չեմ ասում ամսագիր տպագրենք»:

Ի տարբերություն ռուսների, լեհերի, հույների կամ հրեաների, ասորիները «մայր» պետություն էլ չունեն, որպեսզի գոնե նրանից ֆինանսական աջակցություն ստանան:

Այս առումով ասորիներից ավելի լավ վիճակում են հայաստանցի հրեաները: Վերջիններիս իրենց պետությունը որոշ չափով տիրություն է անում: Բացի այդ, նրանք աջակցություն են ստանում հրեաների հայտնի համաշխարհային կազմակերպություններից: Հրեաների միության նախագահ Ռիմա Վարժապետյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ 90-ականներին մեր երկրից շատ հրեաներ մեկնեցին: Մնացածներն էլ, ըստ Ռ. Վարժապետյանի, որքան կարողանում են՝ իրենց լեզուն ու մշակույթը պահպանում են: «Եվրեյն ամեն տեղ եվրեյ է, նրանք հարգում են այն պետությունը, որտեղ բնակվում են: Իհարկե, Հայաստանի պետական ֆինանսական աջակցությունը քիչ է»:

Ռ. Վարժապետյանի խոսքերով. «Ես ՀՀ քաղաքացի եմ եւ ուզում եմ, որ այս երկրում իմ իրավունքները լիարժեք պաշտպանվեն: Երբ դիմում եմ Իսրայելին որեւէ հարցով, ասում են՝ դուք պետություն ունեք, իրենցից էլ պահանջեք»: Ինչ վերաբերում է հրեաների կրոնական ավանդույթները պահպանելուն, ապա տիկին Վարժապետյանն ասաց, որ «գրեթե չեն պահպանում: Օրինակ, պետք է շաբաթ օրը հեռախոսով չխոսեն, լիֆտ չնստեն, չաշխատեն եւ այլն: Իսկ դա միան ռավվիի աղջիկը կանի»:

Վրացիների «Իվերիա» հասարակական կազմակերպությունից էլ դժգոհեցին, որ իրենց առաջնային խնդիրը լեզուն պահպանելն է, ինչը հայաստանաբնակ վրացիներին այնքան էլ չի հաջողվում. «Թեեւ գործում է կիրակնօրյա դպրոց, բայց հանրակրթական դպրոցներում մեր լեզուն չեն անցնում: Չգիտես ինչու, անգլերեն կամ իսպաներեն են անցնում: Ձեր հարեւանը Իսպանիա՞ն է, թե՞ Վրաստանը: Գոնե կարողանայինք վրացական մեկ ալիք դիտել, թեեւ արբանյակային կա, բայց ոչ բոլորս ենք ի վիճակի այդ ալեհավաքից ունենալ: Ամուսնանում ենք հայերի հետ, երեխաները հայկական կրթություն եւ ազգանուն են ստանում, ու այդպես լեզուն շատ չեն օգտագործում: Ամեն ինչ անում ենք, որ արմատները չկորցնենք, պարի դպրոց ունենք, ազգային ակումբ՝ երգ ու պար ենք սովորեցնում»: Հ/կ-ից նաեւ ասացին, որ վրացական պետությունից աջակցություն չեն ստանում եւ միայն որոշ հասարակական կազմակերպություններ են իրենց օգնում:

Երեւանի «Պոնտի» հունական հասարակական կազմակերպության նախագահ Ֆրոնտիկ Նիկոլայիդի ներկայացմամբ էլ, 10 տարի է՝ պայքարում են եկեղեցի ունենալու համար, բայց կաթողիկոսների հետ լեզու չեն գտնում. «Ռուսական պատրիարքը չի ուզում, որ Հայաստանում բացվի հույների ուղղափառ եկեղեցի»:

ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով զբաղվող վարչության պետ Մարիա Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ, կոնվենցիայի շրջանակում, ՀՀ դպրոցներում 5 լեզուներով՝ ռուսերեն, ասորերեն, եզդերեն, քրդերեն, հունարեն, դասաժամեր են հատկացնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել