Լրահոս
Օրվա լրահոսը

Կստեղծվի հասարակական հանձնաժողով

Հունիս 07,2008 00:00

Մինչեւ իշխանությունները մտմտում են «մարտի 1»-ը

հետաքննող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մասին, ընդդիմությունը որոշում է ստեղծել իր հանձնաժողովը:

1992-95 թթ. ՀՀ-ում ԼՂՀ առաջին ներկայացուցիչ, քաղաքագետ Մանվել Սարգսյանը գտնում է, որ մարտի 1-ի դեպքերը ձեռնտու էին միայն մեկ մարդու՝ «ով պետք է վերցներ իշխանությունը, եւ դա Սերժ Սարգսյանն էր»: Այս միտքը նա հնչեցրեց երեկ ՀԺԿ գրասենյակում կազմակերպված «Մարտի 1-ի ոճրագործության անկախ հանրային հետաքննության հիմնահարցը» թեմայով կլոր սեղանի անդրանիկ նիստում: «Եթե նա հրաժարվեր այդ գնով իշխանություն վերցնել՝ չէին լինի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները»,- գտնում է քաղաքագետը: Մանվել Սարգսյանը կարծում է, որ փետրվարի 26-ին Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը կորցրել էին իշխանությունը, եւ որոշում էր կայացվել ամեն գնով ետ վերցնել այն. «Մարտի 1-ը տեղի ունեցավ կլանային-օլիգարխիկ համակարգը պահելու համար: Եվ այսօր շատ ավելի վտանգավոր համակարգ է ստեղծվել, քան մինչեւ հիմա էր»: Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերը, Մանվել Սարգսյանի հավաստմամբ՝ իրենց արտահայտությունն են գտել նաեւ Ղարաբաղում. «Իշխանություններն ինչ-որ կերպ պիտի բնակչությանը բացատրություն տային՝ ինչո՞ւ են զորքերը տանում Երեւան: Այն աստիճան հիստերիա է դրվել բնակչության մեջ, այն աստիճանի են սարսափեցրել այդ ժողովրդին, թե՝ ձեր վերջը եկել է, վաղը ձեզ հանձնում ենք թուրքերին, զորքերը տանելու են. ժողովրդի մեջ շոկ է առաջացել, սարսափ՝ մայրաքաղաքի նկատմամբ: Եվ այսօր բավականին ծանր մթնոլորտ է այնտեղ, մարդկանց թվում է, թե, իսկապես, իրենց թիկունքում ռումբեր են պայթում, իրենց վիճակը վատ է լինելու»: Այս ֆոնի վրա բանախոսը փաստում է, որ կամա թե ակամա ինֆորմացիայից զուրկ ղարաբաղյան բնակչությունը վատ է վերաբերվում ժողովրդական շարժման գործընթացներին: Այդ բացը լավագույնս օգտագործվում է ղարաբաղյան ադմինիստրատիվ մեքենայի եւ բանակի կողմից՝ մարդկանց ուղեղների լվացման գործընթաց կազմակերպելու համար: Այդ մարդկանց Մանվել Սարգսյանը համարում է «նույն զոհերը»:

«Մարտի 1-ի դեպքերը մեր դեմ, մեր երկրի դեմ կաշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ չենք մաքրել այդ խարանը մեր ճակատից»,- սա էլ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքն է: Նա հիշեց, որ երբ եղան Բաքվի եւ Սումգայիթի դեպքերը, ինքը գրեց, որ մարդկանցից խլվել է ամենաէական իրավունքը՝ ապրելու իրավունքը, բայց այն ժամանակ չի պատկերացրել, որ կարող էր այդ իրավունքը խլել հայ մարդը հայ մարդուց՝ Երեւանում: «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի կարծիքով էլ, չի կարելի խոսել միայն մարտի 1-ի դեպքերի մասին՝ որպես առանձին երեւույթի, քանի որ դրանք կեղծված ընտրությունների արդյունք են եղել, եւ պետք է բոլոր հնարավոր ատյաններում բողոքարկել ու պահանջել անվավեր ճանաչել փետրվարի 19-ի ընտրությունները, բարձրաձայնել քաղբանտարկյալների խնդիրը, մարտի 1-ի դեպքերի անկախ փորձաքննության պահանջը: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի առաջարկով՝ Քաղաքագետների միության կազմակերպած «կլոր սեղանի» շուրջ քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել հասարակական հանձնաժողով, որը, ի հեճուկս անկախ հանձնաժողով ստեղծելու իշխանությունների հապաղումների՝ կհետաքննի մարտի 1-ի դեպքերը եւ կփորձի բացահայտել մեղավորներին: Հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ քննարկումները թողնվեցին հաջորդ «կլոր սեղանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել