Նկատի ունենալով արտահերթ ընտրությունները՝ ասում է ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը եւ վստահեցնում, որ «կեղծում են բոլորը»:
«Իսկապես, երկրում կան բազմաթիվ թերություններ, բազմաթիվ չլուծված հարցեր, շտկելու հարցեր, բայց այս ամենի ելքը արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունները չեն, որովհետեւ դրանից ոչինչ չի փոխվելու, հնարավոր է, որ վիճակը ավելի վատանա, այսինքն՝ այսօրվա խորհրդարանը եթե մի 40-50 տոկոսով ինտելեկտուալ կազմ ունի, ապա հնարավոր է, որ արտահերթ ընտրություններից հետո ավելի վատ կազմ ունենա, միշտ էլ փորձը ցույց է տալիս, որ նախորդն ավելի լավն է եղել, քան հաջորդը», – այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը մեր հարցին՝ արդյոք արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ե՞լք են ստեղծված վիճակից: Երբ ճշտեցինք` նույնիսկ եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդա՞ր, պարոն Պետրոսյանը չթաքցրեց իր հոռետեսությունը. «Ես կասկածում եմ, որ մեր հանրապետությունում կայանան արդար ընտրություններ, որովհետեւ կեղծում են բոլորը, ՍԴ-ում մասնակցեցի նիստերին, պարզվեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձինք ամենամեծ կեղծիքներն են կատարել, իրենք էլ ընդունեցին»:
Հիշեցնելով նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանի առաջարկը (որը հնչեցվել է «Առավոտի» հրապարակումներում), որ Սերժ Սարգսյանը կդառնա իսկապես ազգընտիր գործիչ, եթե ինքը նախաձեռնի արտահերթ ընտրություններ, փորձեցինք իմանալ հանրապետական պատգամավորի կարծիքը: Ռաֆիկ Պետրոսյանը չթաքցրեց. «Եթե Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ միայն այդ հարցերը Սերժ Սարգսյանը կարող է լուծել այս դրությունից դուրս գալու համար, ապա ես նրա հետ համամիտ չեմ: Սերժ Սարգսյանը ունի ավելի լավ հնարավորություն, ըստ Սահմանադրության 49 հոդվածի, նա պիտի ապահովի Սահմանադրության կատարումը եւ իշխանության բոլոր թեւերի բնականոն գործունեությունը: Ուստի, նա կարող է այդ հարցերը լուծել՝ կատարելով նախընտրական իր խոստումները, այսինքն՝ երկրում հաստատել օրինականություն, պատասխանատվություն, կանխել սոցիալական բեւեռացումը, ժողովրդի կենսամակարդակը բարձրացնել եւ այլն: Ես վստահ եմ, եթե Սերժ Սարգսյանը կատարի իր բոլոր խոստումները, նաեւ ձեռնարկի ընդդիմադիր կողմի հետ երկխոսություն, իսկ եթե նրանք հրաժարվում են՝ այդ հարցերը լուծի ժողովրդի հետ, ապա նա կարող է հասնել լավագույն արդյունքների, առանց արտահերթ ընտրությունների»: Հունիսի 20-ին սպասվելիք հանրահավաքից Ռաֆիկ Պետրոսյանը վատ զգացողություն ունի. «Ես զգում եմ, որ դա կատարվում է դրսի ուժերի հրահանգով: Պատահական չի խոսվում այն միլիոնների մասին, որ տրվում է այդ ուժերին, որպեսզի Հայաստանում իրականացվի գունավոր հեղափոխություն: Իմ ամբողջ դարդուցավն այն է, որ մարդիկ չզոհվեն, մարդիկ չվնասվեն: Ուզում եմ, որ դա խաղաղ անցնի: Իհարկե, իշխանությունները իրավունք չունեն արգելելու: Մենք մի պահ արգելեցինք, ես հիմա խոստովանեմ՝ գիտակցաբար արգելեցինք, որ երկրում լարվածությունը թուլանա, եւ դա մեզ հաջողվեց, բայց հիմա, քանի որ ԵԽ-ն էլ է պահանջում, պետք է թույլատրել, բայց խիստ հսկողություն սահմանել, որ օրենքի շրջանակներից դուրս չգան»:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ի տարբերություն հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանի, կողմ է, որ երկրում անցկացվեն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Մեր զրուցակցի կարծիքով, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները ստեղծված իրավիճակի ելքերից մեկն է. «Եվ շատ կարեւոր քայլերից մեկն է, որը, կարծում եմ, պետք է կատարվի: Արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, իհարկե, շատ ցանկալի կլինեն, որովհետեւ քաղաքական այն իրողությունը, որ այսօր առկա է մեր հասարակության մեջ, բնականաբար, արտացոլված չէ մեր նախագահական եւ խորհրդարանական իշխանության մեջ»: Պարոն Մարտիրոսյանին նույնպես հիշեցրինք, թե որն է, ըստ Ռուբեն Հակոբյանի, ներկայիս նախագահի ազգընտիր գործիչ լինելու «նախապայմանը»: «Կիսում եմ այդ տեսակետը,- արձանագրեց պատգամավորը,- որովհետեւ իր այդ քայլով Սերժ Սարգսյանը ցույց կտա, որ ինքը իսկապես պետական մտածողություն ունեցող անձնավորություն է եւ այդ պետական մտածողությանը հարիր լուծումներ է գտել ստեղծված իրավիճակից: Ուստի ես գտնում եմ, եթե մարդը ի զորու է կատարել պետական քայլ, մանավանդ այսպիսի շատ արտակարգ իրավիճակում, միանշանակ կդառնա դրական պետական գործիչ, անձ, որը մեր պատմության մեջ կմնա որպես բարի համբավ ունեցող գործիչ»: Իսկ Սերժ Սարգսյանը հենց ա՞յն մարդն է, որը կգնա այդ համարձակ քայլին: Պարոն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ դա լինելու է սուբյեկտիվ որոշում, իսկ թե ինքը ինչպիսի որոշում կկայացնի՝ ես չեմ կարող կանխատեսել»:
Հունիսի 20-ի հանրահավաքի եւ նրանից սպասելիքների մասին հարցերին պատասխանելով՝ պարոն Մարտիրոսյանը նախ կարեւորեց, որ «Երթեր, ցույցեր, հանրահավաքներ, ժողովներ անցկացնելու մասին» օրենքը անհապաղ բերվի իր նախկին տեսքին: Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ «Քաղաքապետարանը, որը 42 անգամ մերժել է ընդդիմության հանրահավաք անցկացնելու իրավունքը, պետք է վերջապես վեր կանգնի այդ նեղ, ուղղահայաց հրահանգներից եւ թույլատրի հանրահավաքը»: Իսկ եթե քաղաքապետարանը, այսինքն՝ իշխանությունը, դարձյալ մերժի հանրահավաքի անցկացումը, ըստ մեր զրուցակցի, մարդիկ, միեւնույն է, իրավունք կունենան անցկացնել հանրահավաքը, քանի որ, ըստ միջազգային բազմաթիվ հռչակագրերի եւ իրավունքների, «մարդիկ միշտ էլ իրավունք ունեն խաղաղ եղանակով արտահայտել իրենց բողոքը, ուրախությունը, սուգը եւ այլն»: