Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՑԱՍՈՒՄ ԸՆԴԴԵՄ «ԿՈՏՈՇՈՒԹՅԱՆ»

Հունիս 07,2008 00:00

\"\"ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը մտավախություն ունի,

որ ուժայիններում փոփոխություններ կատարելով՝ իշխանությունները փորձում են կոծկել հանցագործությունների հետքերը:

«Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը ճիշտ է իր գնահատականներում, որ, ըստ էության, քննարկում ծավալվել է ոչ թե իր բարձրացրած հարցադրումների շուրջ, որոնք շատ էական են, այլ՝ այդ զեկույցով Մարդու իրավունքների պաշտպանն իր լիազորությունները գերազանցե՞լ է, թէ՞ ոչ»,- երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ հինգշաբթի օրը Ազգային ժողովում կազմակերպված լսումներում Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի առիթով ծավալված «փոխհրաձգության» մասին, իր կարծիքը մանրամասնեց ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Պարոն Ռուբինյանը, իհարկե, չի կարծում, որ Արմեն Հարությունյանը գերազանցել է իր լիազորությունները, եւ նման հարցադրումներն «անհեթեթ» է որակում, բայց, «եթե անգամ գերազանցել է՝ դուք (իշխանությունները – Ն. Գ.) պատասխանեք նրա հարցերին, որովհետեւ դրանք հուզում են հասարակությանը»: Ավելին՝ «Այդ հարցերը հուզում էին հասարակությանը երկու-երկուսուկես ամիս առաջ. հիմա հասարակությունն այդ հարցերի պատասխաններն էլ գիտի: Հիմա հասարակությանը հուզում է, որ այդ պատասխաններն արձանագրվեն ինչ-որ մի ատյանի կողմից, եւ մեղավորները պատասխանատվություն կրեն»,- ասում է ԱԺ նախկին փոխխոսնակը:

Քանի որ իշխանությունները համառորեն անտեսում են ընդդիմության առաջարկը՝ իշխանական, ընդդիմադիր եւ միջազգային փորձագետներից կազմված անկախ հանձնաժողովի ստեղծման մասով, որը պետք է հետաքննի եւ բացահայտի մարտի 1-ի ոճրագործությունների մեղավորներին, «Մարտի 1-ի ոճրագործության անկախ հանրային հետաքննության հիմնահարցը» թեմայով երեկ կազմակերպված քննարկման ժամանակ «Ժառանգությունը» ներկայացնող Ստեփան Սաֆարյանն առաջարկեց ստեղծել այդ գործն իրականացնող հասարակական կառույց: Քննարկմանը ներկա բոլոր գործիչները սկզբունքորեն համամիտ էին առաջարկի հետ: Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է հասարակական կառույցն իրավական հարթությունում գործելու եւ ցանկալի արդյունքների հասնելու: «Ես կարծում եմ, որ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի անկախ հանձնաժողով՝ պարիտետային հիմունքներով, չստեղծվի, որովհետեւ բոլոր հարցադրումների պատասխանները կան, մնում է արձանագրել,- նկատեց պարոն Ռուբինյանը:- Այսինքն՝ մենք հիմա ստիպում ենք իշխանություններին, որ նրանք բարի կամք ցուցաբերեն եւ մի հանձնաժողով ստեղծեն, որը կարձանագրի, որ իրենք հանցագործներ, մարդասպաններ են: Հասարակական ժողովը, ինչ խոսք, եթե ստեղծվի առանց իշխանությունների մասնակցության՝ բոյկոտվելու է իշխանությունների կողմից ի սկզբանե: Որեւէ համագործակցություն սպասել դատախազությունից, ոստիկանությունից կամ արդարադատության նախարարությունից՝ իմաստ չունի: Ես դա կարեւոր կհամարեի հասարակական ակտիվությունը բարձրացնելու եւ հստակ հարցադրումներ պատրաստելու առումներով, որոնց կանդրադառնանք երեւի այն ժամանակ, երբ իշխանությունները դատի առջեւ կկանգնեն»:

Առաջիկայում կայանալու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որտեղ կլսվի 1609 բանաձեւի՝ Հայաստանի պարտավորությունների կատարման հարցը: «Հույսեր կապո՞ւմ եք եվրոպական կառույցների հետ՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման առումով» հարցին Կարապետ Ռուբինյանն ասաց. «Ես կարծում եմ, որ եվրոպական կառույցները, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն մեծ գործ արեց հօգուտ Հայաստանի, Հայաստանում ժողովրդավարության զարգացման: Բանաձեւում առկա նախապայմանները բխում են մեր ժողովրդի եւ երկրի շահերից: Հիմա՝ մինչեւ Կոլոմբիեի պատվիրակության գալը, որին մնացել է տասն օր, կերեւա, թե Հայաստանի իշխանություններն ինչ վճիռ են կայացնելու: Եթե մոտակա մի քանի օրերի ընթացքում էականորեն կնվազի քաղբանտարկյալների թիվը եւ անկախ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ քայլեր կարվեն՝ ապա կարող ենք արձանագրել, որ իշխանությունները գնում են ողջամիտ ուղիով: Եթե տեսնենք, որ նույն «կոտոշությունը» շարունակվում է՝ ուրեմն ամեն գնով գնալու են իշխանությունը երկարաձգելու ուղով»: Այս պարագայում, մեր զրուցակցի կարծիքով, պետք է հակադրենք մեր քաղաքացիական ցասումն ու բողոքը, որը կարտահայտվի քաղաքացիական բոլոր հնարավոր միջոցներով: Եթե ընդդիմությանն արգելվեց հունիսի 20-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, եւ ինչպես Շարժման լիդերներն են խոստանում՝ ամեն գնով այն կայանա, ինչի արդյունքում իշխանությունն «անօրինական հանրահավաք» պատրվակով գնա ուժի կիրառման, Կարապետ Ռուբինյանի կարծիքով՝ պատասխանատվությունը կրելու է նույն իշխանությունը. «Ցույցեր, հանրահավաքներ անելը մեր սահմանադրական իրավունքն է: Այդ դրույթը ֆիքսված է առաջին Սահմանադրության մեջ, եւ այս կեղծվածում էլ նույն դրույթը պահպանվել է: Եթե իշխանությունը զավթած մարդիկ որոշել են իրենց վեր դնել Սահմանադրությունից եւ անընդհատ մերժել հայտերը, բնականաբար, մեղքն էլ իրենց վզին է»: Կարապետ Ռուբինյանին խնդրեցինք մեկնաբանել նաեւ վերջին օրերին ուժային կառույցներում իրականացվող փոփոխությունները. «Ես մի քիչ անհանգստություն ունեմ, որ դրանով կփորձեն հանցագործության հետքերը թաքցնել. բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ: Եթե ինչ-որ բարեփոխումների միտված բան լիներ, ապա՝ կզգայինք անգամ նոր նշանակումների որակից: Ցավոք, նման միտում չեմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել