Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԺՇԿԻ ՍԽԱԼՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիս 06,2008 00:00

\"\"Վիրահատելու իրավունք չուներ

Ուռուցքաբանական կենտրոնի ախտորոշմամբ՝ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակչուհի՝ 33-ամյա Գոհար Մաթեւոսյանի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: Այդ ախտորոշման մասին 2007թ. սեպտեմբերի 6-ին տեղեկացրել են նաեւ Արարատի մարզի Մասիսի առողջապահական կենտրոնի գինեկոլոգ-մանկաբարձ, բաժնի վարիչ Մհեր Ենգիբարյանին: Գոհարի հարազատների փոխանցմամբ, բժիշկը տեղյակ լինելով, որ խնդիրը լուրջ է եւ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել հիվանդության հետագա բարդացումները կանխելու համար, ոչ միայն չի կայացրել այդ պահին ճակատագրական որոշումը, այլեւ դիմել է երկրորդ վիրահատության՝ հիվանդության տեղեկանքի մեջ բացատրելով, որ «Հետվիրահատական շրջանը բարդացել է աբսցեսով, որը մաքրվել է վիրահատական եղանակով»: Գոհարի տագերոջ՝ Հայաստանի գրողների միության անդամ Կամո Աղաբեկյանի (Մանասե) խոսքերով, հիվանդին Մասիսի առողջապահական կենտրոնից դուրս գրելուց հետո (27.09.2007թ.) Մ. Ենգիբարյանը հարկ չի համարել հատուկ զգուշացնել, որ բուժումը մասնագիտացված կենտրոնում պարտադիր է: Դեռ ավելին, վիրահատությունից 15 օր անց, հիվանդի վիճակը վերանայելիս, առանց որեւէ խորհուրդ տալու, բանավոր եզրակացություն է արել, թե՝ «կյանքին վտանգ չի սպառնում»: Թեեւ բժիշկ Ենգիբարյանն իր հետվիրահատական տեղեկանքում հիվանդին խորհուրդ է տվել խորհրդատվություն եւ հետագա բուժում ստանալ ուռուցքաբանական կենտրոնում, սակայն այդ տեղեկանքը՝ թվագրված 27.09.2007-ին, հիվանդատերերին է հասել 5 ամիս հետո՝ այս տարվա ապրիլի 7-ին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ Գոհարին ուղեգիր է տրվել ուռուցքաբանականում բուժվելու համար: Երբ պարոն Աղաբեկյանը Մհեր Ենգիբարյանին փոխանցել է ուռուցքաբանականի մասնագետների դժգոհությունը՝ իրենից, քանի որ քաղցկեղի վաղ շրջանում հնարավոր է բուժումների միջոցով հիվանդի կյանքը երկարացնել 10-15 տարով, վերջինս փորձել է համոզել, թե Ուռուցքաբանական ազգային կենտրոնի որոշ մասնագետներ իրեն չեն «ներում», պատճառաբանելով, որ, ի տարբերություն այնտեղի բժիշկների, ինքն իր միջոցներով Փարիզում վերապատրաստման դասընթացների է մասնակցել եւ այսօր «խփում» է նրանց գործին: «Դժվար թե այնտեղ դաս առած չլիներ, որ քաղցկեղով հիվանդին անհապաղ ուղեգրում են համապատասխան բուժհաստատություն: Ուղղակի հանցանք է նման ախտորոշում ունեցողին ճանապարհել տուն ու խիղճը հանգիստ շարունակել իր գործը՝ բժշկի կոչումը բարձր պահած մասնագետների կողքին»,- ավելացրեց Կ. Աղաբեկյանը: Իմանալով, որ հիվանդի հարազատները վճռական են մինչեւ վերջ պայքարելու, նա վերադարձրել է վիրահատության համար վերցրած 400 ԱՄՆ դոլարը՝ խնդրելով, որ աղմուկ չբարձրացնեն: Այստեղ նույնպես հարց է առաջանում, Մ. Ենգիբարյանն ինչո՞ւ էր վիրահատության համար գումար պահանջում, երբ չարորակ ուռուցքների վիրահատությունը հանրապետությունում պետպատվերով է արվում:

Նշենք, որ Գոհար Մաթեւոսյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում բուժվում է Ուռուցքաբանական կենտրոնում: Նրա խնամքի տակ կա երկու անչափահաս երեխա, որոնք ամեն պահի սպասում են անդառնալի լուրի:

Հիշեցնենք, որ նույն Մհեր Ենգիբարյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է լրատվամիջոցների եւ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Դեռեւս նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունը հարուցել էր քրեական գործ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եւ 168-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեխայի առքուվաճառքի հատկանիշներով: Սակայն նա այդպես էլ ազատազրկման ձեւով պատիժ չկրեց: «Իրավական հարցեր առաջանալու դեպքում պատրաստ ենք զուտ փաստաթղթերի լեզվով խոսել: Սոսկալին այն է, որ նման բժշկի հանցավոր ամենաթողությանն են դեռ վստահելու ուրիշ շատ ու շատ հիվանդներ: Այսօր հիվանդը մերն է, մենք ենք հայտնվել անդառնալի կորստի առջեւ, վաղը կարող է փաստի առաջ կանգնեն այլ մարդիկ»,- ավելացրեց Կ. Աղաբեկյանը: «Առավոտի» հետ զրույցում Արարատի մարզպետարանի առողջապահության բաժնի վարիչ Արամայիս Սահակյանը տեղեկացրեց, որ այս տարվա հունիսի 3-ին Մ. Ենգիբարյանին հեռացրել են բաժնի վարիչի պաշտոնից: «Ինձ հասած տեղեկություններով, Ենգիբարյանին մայրաքաղաքից են խնդրել, որ նա անձամբ վիրահատությունը կատարի, բժիշկն էլ մեզ պատճառաբանեց, որ ինքը չի կարողացել մերժել իրեն զանգողներին եւ վիրահատությունն արել է»,- ասաց Ա. Սահակյանը: Բժշկին պատասխանատվության ենթարկելու առնչությամբ բաժնի վարիչը անհասկանալի պատասխան տվեց. «Արդեն բաժնի վարիչի պաշտոնից զրկել ենք, էլ ի՞նչ եք ուզում»: Թեեւ Մ. Ենգիբարյանն այլեւս բաժնի վարիչ չէ, սակայն շարունակում է բժշկի հաստիքով աշխատել եւ նմանատիպ սխալներից հավանաբար առաջիկայում էլ չի խուսափի: Առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գեւորգյանն ասաց, որ այս դեպքն արտառոց է, եւ ընդհանրապես բժիշկը քաղցկեղով հիվանդին վիրահատելու իրավունք չուներ՝ դա պետպատվերով Ուռուցքաբանական կենտրոնում է արվում: «Մենք մարզային բժիշկներին նշանակելու եւ ազատելու լիազորություն չունենք, այդ բժշկի հարցը մարզի առողջապահության վարչությունը պիտի լուծի»,- ասաց Ռ. Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել