Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՂԱՎ

Հունիս 05,2008 00:00

\"\"Մարտի 1-ին խաղաղ ցուցարարների սառնասիրտ սպանությունները մեկ անգամ եւս ստիպում են խորհել դրանք ծնող պատճառների մասին:

Ինչո՞ւ այդպես եղավ: Ինչպե՞ս եղավ, որ այսօրվա՝ արդեն տասնյոթ տարի ժողովրդավարական հռչակված Հայաստանում գտնվեցին իշխանավորներ, որ ժողովրդի վրա կրակելու հրաման արձակեցին, եւ մարդիկ էլ, որ կրակեցին: Ովքեր են այս եւ այն մարդիկ, որ այդքանից հետո էլ դեռ փորձում են արդարացնել այդ ծանրագույն հանցագործությունը եւ օգուտներ քաղել դրանից:

20-րդ դարի ֆրանսիացի հրապարակախոս Պիեռ Կուրտադը անդրադառնալով ԽՍՀՄ-ում ստալինյան բռնապետությանը՝ ասում է. «Ստալինը մնաց ոչ թե անցյալում, այլ տարրալուծվեց մեր ապագայի մեջ»: Եվ հիմա, Ստալինից՝ հիսուն, իսկ ԽՍՀՄ փլուզումից՝ տասնութ տարի անց, մեր օրվա խնդիրները լուծելիս մենք անընդմեջ բախվում ենք մեր այսօրվա մեջ տարրալուծված անցյալին, որը ոչ միայն արգելակում է մեր առաջընթացն ու ամեն կերպ մեզ ետ է տանում, այլեւ այսօրվա խնդիրների լուծման համար անցյալի միջոցներն ու լուծումներն է առաջադրում: Կլինի դա այլախոհներին բանտ նստացնելու, անցանկալի հանրահավաքները մահակներով ցրելու, անհաճո գործիչներին վերացնելու, թե հանրահավաքների վրա կրակ բացելու տեսքով: Մենք չենք կարողանում ձերբազատվել այդ անցյալից, այդ սովետիզմից, որովհետեւ ժամանակին՝ 90-ականների սկզբին, մեր ապագայի ու անցյալի միջեւ հստակ սահման չգծեցինք, ինչով թույլ տվեցինք, որ անցյալն անարգել մտնի մեր կյանք ու մեզ համար էլ աննկատ՝ մեզ առաջնորդի:

Մենք ժամանակին չդատապարտեցինք մեր ամոթալի, արյունալի, ստրկական անցյալն ու դրա պարագլուխներին, հենասյուներին ու ծառաներին, ինչով նրանց հնարավորություն ու, որ ավելի կարեւոր է, իրավունք տվեցինք առանց ապաշխարելու ու առանց արժեքների վերաիմաստավորման տեղափոխվել մեր իրականություն:

Չդատապարտեցինք, եւ նրանք դարձան ՀՀ ղեկավարներ՝ ՍԴ նախագահ, վարչապետ, չբացեցինք ԿԳԲ արխիվներն ու չդատապարտեցինք այդ կազմակերպությունն ու դրա գործակալներին եւ իր հին սկզբունքներով աշխատող ԿԳԲ-ի աջակցությամբ նրանք դարձան պատգամավորներ, իշխանավորներ, դատավորներ: Ռուսական տարաբնույթ հետախուզությունների հաստիքային աշխատակիցներն ու գործակալները, միայն ազգությամբ հայ լինելու պատճառով, հանգուցային տեղեր զբաղեցրին մեր դիվանագիտական կորպուսում, որ հետագայում Հայաստանը վերածեն իրենց երկրի՝ Ռուսաստանի ֆորպոստի:

Չդատապարտեցինք, ինչի հետեւանքով այսօր մտավորական ինքնակոչվողների մի հոծ բանակ, որն իր մեջ ներառում է եւ գրողիկներ, եւ երգիչ-երգչուհիկներ, եւ նկարիչիկներ, զբաղված են յուրաքանչյուր եկող իշխանության քծնելով, ազատամիտներին դատապարտելով, աջ ու ձախ անհիմն, անմիտ ու անպատասխանատու մեղադրանքներ նետելով:

Պետք չէր նրանցից եւ ոչ մեկին դատել, պետք չէր, որ նրանցից որեւէ մեկը անգամ կես ժամով ազատազրկվեր, բայց պետք էր, որ դատապարտվեր երեւույթը, նրանց տեսակը: Պետք էր, որ մենք մաքրվեինք, ձերբազատվեինք մեր անցյալից, պետք էր, որ 1990-ականների սկիզբը դառնար մեր ստրկական անցյալի ու ազատ ներկայի սահմանագիծ, որը կարգելեր անցյալի մուտքը մեր իրականություն, որը սահմանագծից այս կողմ կթողներ միայն իրենց արժեքային համակարգը վերաիմաստավորածներին, որն անցյալի մտածողության եւ ապրելակերպի մեր կյանք մտնելու յուրաքանչյուր փորձ կձախողեր: Բայց նման սահմանագծի բացակայության պատճառով անցյալն իր վարք ու բարքով, իր մտածողությամբ մտավ մեր կյանք, տարրալուծվեց մեր ներկայի մեջ ու կրակում է մեզ վրա:

Այսօր մեր անկախ ու ժողովրդավարական հռչակված Հայաստանում ոչ անկախություն կա եւ ոչ էլ ժողովրդավարություն: Բանտերը լցված են քաղկալանավորներով, Հայաստանն աշխարհին ներկայանում է իր գավառամիտներով, ցույցի դուրս գալը հավասար է մահվան ու հեռուստաէկրաններից օսլայած օձիքով երեկվա լպրծուն կոմսոմոլն ու պատեհապաշտ պարտիականը սառն ու աներազանք աչքերով մեզ՝ այսօրվա քաղաքացիներիս, ապրելու դասեր են տալիս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել