Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստագետները՝ խաչատրյանական փառատոնին

Հունիս 05,2008 00:00

Միջոցառման շրջանակներում հանդես կգան նաեւ երգչուհի Գայանե Գեղամյանն ու դաշնակահարուհի Աննա Մանդալյանը:

ՀՀ մշակույթի նախարարության եւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ հունիսի 6-14-ը կանցկացվի երաժշտական փառատոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 105 եւ նրա տուն-թանգարանի հիմնադրման 30-ամյակներին: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը հայտնեց, որ փառատոնի շրջանակներում կանցկացվի գիտական կոնֆերանս՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, Խաչատրյանի մասին ֆիլմի ցուցադրություն, հանդես կգան «Arsika» դաշնամուրային տրիոն, կոմպոզիտորի անունը կրող լարային քառյակը, «Ռենեսանս» կամերային նվագախումբը (դիրիժոր՝ Ռ. Ասատրյան), երգչուհիներ Գայանե Գեղամյանը եւ Աննա Մայիլյանը: «1978թ. հիմնված Խաչատրյանի տուն-թանգարանի հավաքածուն, շնորհիվ կոմպոզիտորի արվեստի հայ, օտարերկրացի երկրպագուների, որդու՝ Կարեն Խաչատրյանի նվիրատվությունների, անընդհատ հարստանում է: Այժմ ունենք ավելի քան 18000 առարկա՝ կապված Խաչատրյան անհատի հետ: Դրանք խոսուն վկաներն են կոմպոզիտորի բեղմնավոր ստեղծագործական կյանքի, նրա արվեստի մեծ ժողովրդականության»,- փաստեց տիկին Գրիգորյանը:

«Առավոտը» հանդիպեց Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր, երգչուհի Գայանե Գեղամյանին եւ դոցենտ, դաշնակահարուհի Աննա Մանդալյանին: Երաժիշտները հայտնեցին, որ Ա. Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 12-ին իրենք հանդես կգան ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մեկնաբանություններով: Գ. Գեղամյանը հայտնեց, որ կայանալիք համերգին կհնչեն Մանսուրյանի «Մայրամուտի երգեր» շարքը, Միրզոյանի, Չթչյանի, Աբրահամյանի, Մանուկյանի երգերը՝ գրված Չարենցի, Տերյանի,Սահյանի, Սեւակի, Իսահակյանի, Կապուտիկյանի խոսքերով: «Երգացանկիս ընտրության հարցում կարեւորում եմ երգերի տեքստերը,- նկատեց երգչունին,- Աննա Մանդալյանի հետ ծրագիրը կազմել ենք այնպես, որ համերգն ունենա դրամատիկ զարգացում:

Դիտարկմանը, թե կային ժամանակներ, երբ երաժիշտները հաճախակի էին հանդես գալիս մենահամերգով, Ա. Մանդալյանը մեզ հիշեցնելով, որ կոնկրետ «Առավոտը» հաճախ է անդրադարձել իրենց համերգային ծրագրերում ընդգրկված հայաստանյան պրեմիերաներին, ասաց որ աշնանը հանդիսատեսին կներկայանանք սկանդինավյան վոկալ արվեստի նմուշներով, որոնցից շատերը չեն հնչել Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել