Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԴԱՌՆԱ ՀԵՐԹԱԿԱՆ Ա՞Ժ

Հունիս 05,2008 00:00

Մտավորականները տարաբնույթ կարծիքներ ունեն

Երեկ «Ուրբաթ» ակումբի հյուրերն էին Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր Ավիկ Իսահակյանը, դերասան Աշոտ Ադամյանը: Հայտնի է, որ վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքները մեղմելու համար ստեղծել Հանրային խորհուրդ կամ պալատ, որտեղ ներգրավված լինի տարբեր ոլորտների շուրջ 100 ներկայացուցիչ: Ասուլիսին ներկա հյուրերից Ավիկ Իսահակյանը եւ Ռոբերտ Ամիրխանյանը, որը միայն տեղում իմացավ խորհրդի ձեւավորման մասին, անհրաժեշտ համարեցին այդ նախաձեռնությունը, իսկ Աշոտ Ադամյանը այդ կառույցի ձեւավորումը ժամանակավրեպ եւ ձեւական որակեց: ՀՀԿ անդամ Ռ. Ամիրխանյանն այս առիթով նշեց, որ ծանոթ չէ պալատի գործառույթներին. «Հիմա քաղաքն այնքան նյարդային է, որ այն մեզ հրում է դեպի բնություն: Գյուղում տուն եմ կառուցում, դրա համար տեղյակ չեմ խորհրդի մասին: Գյուղում պիտի ապրեմ, որ ստեղծագործեմ»: ՀՀ-ում վերջին ամիսներին կատարվածի մասին էլ Ռ. Ամիրխանյանը նշեց. «Ցավում եմ, որ երկու հարեւան, ազգական դուրս եկան առճակատման: Բայց պիտի նաեւ շնորհակալություն հայտնել, որ այսպիսի բան է տեղի ունեցել, քանի որ նոր նախագահական ընթացքի հենց սկզբից լրացուցիչ զգոնության տարր կա, երբ ավելի լուրջ անհրաժեշտություն կա ծրագիր իրագործելու: Կարեւոր չէ կատարված իրադարձությունը, կարեւորն այն է, թե ինչ եզրակացություններ արեցինք դրանից…»: «Տարեգրի» թղթակիցը, որին հետո պրն Ամիրխանյանը «ագրեսիվ եւ դեղնակտուց» անվանեց, հարցրեց, թե նա ի՞նչ կարող էր անել, որ չի արել՝ մարտի 1-ը կանխելու համար: «Ես գյուղում նստող-ցավող չեմ: 17 տարի ապրում եմ Կոմպոզիտորների միության հոգսով: Իսկ ի՞նչ կարող էիք անել դուք: Ինչո՞ւ եք մոգական փայտիկ դնում իմ ձեռքին՝ ասելով, թե ի՞նչ կարող էի անել սպանությունները կանխելու համար: Օրինակ՝ դուք կարո՞ղ եք միջոց առաջարկել, որ աշխարհում վերանան սպանությունները»,- ի պատասխան հնչեց կոմպոզիտորի հռետորական հարցը:

Երբ լրագրողները փորձում էին մտավորականներին քաղաքական հարցեր տալ, Ավ. Իսահակյանը վրդովվեց՝ եկել եք պալատի մասին խոսելո՞ւ, թե՞ մեզ վերաքննելու: Եվ սկսեց խոսել խորհրդից. «Այն չպիտի կազմվի տարբեր կուսակցություններից, չպիտի լինի քաղաքական մարմին: Այդ դեպքում այն կլինի ոչ թե հասարակական խորհուրդ, այլ քաղաքական վեճերի ակումբ, որտեղ տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ կհավաքվեն, կբանավիճեն: Այնինչ, հասարակական խորհուրդ ստեղծելը միաբանության գործ է: Թե չէ այն կլինի ԱԺ-ի նման կառույց»: Ա. Ադամյանն էլ նշեց. «Այսօր քաղաքացիական հասարակարգ ձեւավորելու պահանջ կա, որը այս 15 տարիների ընթացքում չկարողացանք կառուցել: Քաղաքացի ասվածն էլ նոր-նոր է սկսում ծնվել: Եվ պատահական չէ, որ բախումներ են լինում: Ուրեմն ամեն ինչ հարթ չի ընթացել այս երկրում, եւ հասարակությունը երկփեղկվածության զգացողություն ունի: Ցանկացած հարցման հետեւանքով հայտնի կդառնա, որ ոստիկանությանը, դատական համակարգին, օլիգարխներին, կառավարությանը մարդիկ այնքան էլ չեն վստահում: Իսկ քաղաքացիական հասարակարգ ստեղծելու հնարավորություն են տալիս ընտրությունները: Նկատենք, որ երբ հնդկացիները հանդիպում էին առճակատման ժամանակ, ձեռքը բարձրացնում էին՝ ցույց տալով, որ զենք չունեն, այսինքն՝ պատրաստ են հավասարը հավասարի հետ խոսել: Այժմ մեր ազգի մեջ կա նաեւ այդ խնդիրը: Իսկ այդ սահմանը մարտի 1-ին հարված կրեց: Մեկ զոհն անգամ շատ կլիներ, ինչո՞ւ պիտի թեկուզ մեկը զոհվեր: Այլ բան է, երբ պատահական աղյուս է ընկնում գլխիդ, այլ՝ երբ քաղաքական շարժերի ժամանակ զոհ ես տալիս: Ինչո՞ւ պիտի զորքը միջամտեր, երբ նրա խնդիրը պետություն պահպանելն է: Պետական կառույցի խարխլման եւ ոչ ճշգրիտ հասկացողության խնդիր կա մեզանում»: Հետո էլ պրն Ադամյանը հավելեց. «Խորհուրդը՝ խորհուրդ, բայց որտե՞ղ էին ստեղծագործական միությունները նախընտրական, ընտրական եւ հետընտրական շրջաններում: Ինչո՞ւ չարվեցին արտակարգ հավաքներ: Մտավորականներ Հայաստանում կան, բայց մտավորականություն գոյություն չունի: Ցավում եմ, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի, թե ո՞ւմ է ուղարկելու այդ խորհուրդ: Եթե այդ խորհրդում մարդիկ աշխատելու են հսկողության տակ, ես այդքան էլ չեմ վստահի խորհրդին: Մյուս կողմից էլ այսօր պետական կառույցների նկատմամբ անվստահություն կա, չգիտեմ՝ եւս մեկ կառույցի նկատմամբ ի՞նչ վերաբերմունք կլինի»:

Երբ հարց հնչեց, թե ինչպե՞ս պիտի մերձեցվեն հասարակության մի հատվածը եւ մյուս կողմում գտնվող մտավորականությունը, պրն Ամիրխանյանը պատասխանեց. «Եթե ես հրապարակում չեմ, դա չի նշանակում, որ չունեմ անհանգստություն»: Պրն Ադամյանն էլ համոզված է. «Եթե պալատը չի լինելու որպես համաձայնության դրոշ, դա կլինի դատարկ կրակոց: Իսկ համաձայնությունը պայմանավորված է անկախ հանձնաժողովի ստեղծմամբ, որը քննելու է մարտի 1-ի դեպքերը, քաղաքական բռնավորներին ազատ արձակելը»: ՄԻնչդեռ Ավ. Իսահակյանը վրդովվեց. «Եվրախորհրդո՞ւմ եք ման գալիս դաշնակիցներ, այն բերում եք Հայաստանի վրա որպես տղա՞: Եվրոպա՞ն մեզ պիտի սովորեցնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել