Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգովի կարդանք Խորենացու «Ողբը»

Հունիս 05,2008 00:00

Առաջարկում է բեմադրիչ Արմեն Մազմանյանը, իսկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունում է, որ իրավունքների համար պայքարը շարունակվում է:

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերը բեմադրիչ Արմեն Մազմանյանն ու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն էին, թեման՝ հասարակական լարված մթնոլորտը: «Այժմ ձեւ ենք անում, թե հասարակության մեջ գնում են բովանդակային խորքային պրոցեսներ եւ մենք փորձում ենք դրանք ձեւի բերել, ինչը վտանգավոր է: Ինչպես Թումանյանն էր ասում՝ տերտերը կարող է մորուքը սափրի եւ մի հատ մեծ միջազգային աղմուկ լինի, բայց այդ նույն տերտերը, որ ամեն օր Քրիստոսին խաչի է հանում, շատ հանգիստ ընդունվում է: Այս համեմատությունը խոսում է մարտի 1-ի դեպքերի մասին ու ոմանք միանգամից ասում են՝ բա 96-ին էլ այդպես չեղա՞վ: Այդ ասողները ուզում են ասել, թե 12 տարի հասարակությունը չի ապրե՞լ, չի զարգացե՞լ, եթե նույնիսկ այդ անհատը ներկայանում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւով: Իրականում մեր հասարակությունը 12 տարիների ընթացքում իսկապես առաջ է գնացել, ուստի քաղաքացիական արժեքների կրող լինելով հանդերձ՝ չի հանդուրժի կեղծիքը»,- նշեց Ա. Բլեյանը:

Ա. Մազմանյանի խոսքերով էլ. «Հենց վերցնում են լիբերալ արժեքները, որոնք քոնը չեն, դրանք միանգամից դառնում են ավտոմատի պես զենք: Հենց այդ զենքով՝ այդ լիբերալ արժեքով էլ դու սկսում ես խփել ժողովրդի գլխին, օգտագործել քո շահերը, ինչի ցայտուն արտահայտությունն էին 95-97 թվերը»: Ա. Բլեյանը չհամաձայնելով Ա. Մազմանյանի հետ, ասաց. «Ես պաշտպանելու բան չունեմ, 95-96 թվերի վերաբերյալ իմ ասելիքը վաղուց ասել եմ, բայց մյուս կողմից էլ չեմ ուզում շահեկան դիրքում գտնվել, շեշտել իմ բացառիկությունը, որովհետեւ դա ինձ ոչինչ չի տալիս, իսկ ես ուզում եմ ամեն ինչի մեջ հասարակական շահ տեսնել: 1996-ին հանվեցին տանկեր, ընդվզումը տեւեց ընդամենը մեկ-երկու օր…»: Մազմանյանն էլ թե. «Հա՛, եթե չհաշվենք այն, որ այդ երկու օրվա ընթացքում ոչնչացվեցին խմբագրություններ, մի հազար հոգի ջարդվեց, մի հազար հոգի էլ գնաց երկրից…»: Ի պատասխան՝ Ա. Բլեյանն ասաց. «Արմեն ջան, ես ընտրությունների մասին եմ ասում, իսկ դու, դաշնակցության հետ կապված՝ սրտիդ մոտիկ ես ընդունում»: «Չէ, ես էլի դաշնակ չեմ»,- հավելեց Ա. Մազմանյանը: «98 թվին Լեւոն Տեր-Պետրոսյանը կամավոր հրաժարական տվեց: Ես նրա հրաժարականը ընկալել եմ իբրեւ ոչ լեգիտիմ մի բան: Հիմա վստահ եմ, որ այժմ այս խմորումն ու ընդվզումը շարունակվելու է, այն հասարակական ու խորքային է: Ինչպես Սարդարապատում նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որ սա արդեն միայն իր պայքարը չէ, յուրաքանչյուրինն է: Նա նաեւ խնդրեց, որ այս պայքարը կիսատ չմնա: Ես համաձայն եմ, դա իմ ու երեխաներիս պայքարն է, որը չի եղել 88-ին, 96-ին: Այժմ անհատական իրավունքների համար պայքարը կա ու սա պետք է ողջունել»,- հայտնեց Ա. Բլեյանը: Ա. Մազմանյանի ձեւակերպմամբ, մենք նորից ազգովի պիտի կարդանք Մովսես Խորենացու «Ողբը», որտեղ մեր ազգի բնութագիրն է՝ թագավորից մինչեւ ռամիկ. «Ահավորն այն է, որ երբ 15 դար հետո կարդում ես նույն «Ողբը», պարզվում է՝ ոչինչ էլ չի փոխվել: Այն, ինչ մեզ հետ կատարվում է՝ շատ օրինաչափ է ու տարանջատել 1998 թվի ու այսօրվա հային՝ շատ դժվար է, որովհետեւ հազար տարի դիալեկտիկ քաղաքացիական, սոցիալական, քաղաքական էվոլյուցիա չապրած ազգը 15-20 տարում ֆանտաստիկ լիբերալ չի կարող լինել: Ցավոք, մենք պետք է դիագնոզենք, որ սա օրինաչափ մեր տեսակն է»: Ըստ Ա. Մազմանյանի, մենք առ այսօր չունենք մեր ազգային էլեմենտար պարզագույն դոկտրինան. «Ի՞նչ կնշանակի լիբերալիզմը մեր դեպքում եւ ինչ կնշանակեն ազատությունները… Մի՞թե չի կարելի իշխանավորներով ու չիշխանավորներով հասկանալ, որ մենք ազգային մի փոքր միավոր ենք այս ահռելի մոլորակում, որը գոնե լիբերալ արժեքները պիտի սահմանափակի, որ լինեն սահմանափակումներ, որ իմ երեխան, օրինակ, եթերով չտեսնի պոռնոգրաֆիա»:

Բանախոսներն անդրադարձան նաեւ Հանրային խորհրդի ստեղծմանը, որտեղ լինելու են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլեւ մտավորականներ: «Ակնհայտ է, որ այդտեղ ես չեմ լինի, ես դրա կարիքը չունեմ: Ապրում եմ հասարակության մեջ, իսկ ինձ նոր խորհուրդներ պետք չեն: Թող հասարակությունը լիարժեք իր ինստիտուտներով գործի: Ինձ պետք է, որ TV-ները ազատ, անկախ լինեն: Իսկ եթե հասարակությանն այսօր Աշոտ Բլեյանն ու Արմեն Մազմանյանը հետաքրքիր են, ապա մենք բեմ ու ամբիոն կունենանք… Ես վտագավոր բան եմ տեսնում: Այդտեղ կհավաքվեն վերջին խորհրդարանական ու նախագահական ընտրություններից դուրս մնացած գործիչներ, որոնք հոգնեցրել, զզվեցրել էին: Նորից կմտնեն եթեր, ու հասարակության անունից կխոսի, օրինակ, արդեն ոչ պատգամավոր, բայց հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը…»,- ասաց Ա. Բլեյանը:

«Եթե դա կլինի չաչանակների հավաքատեղի, որտեղ պարզապես ներվ հանգստացնելու համար են գնալու, ապա այդտեղ լինելն ինձ հետաքրքիր չի»,- հավելեց Ա. Մազմանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել